×


«Անկոչ Աննա»-ի պրեմիերան, Լիդիայի խոստովանությունն ու Նարինեի դիտարկումը

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում նոր ներկայացում կա՝ «Անկոչ Աննան»: Ֆեոդոր Դոստոեւսկու «Նետոչկա Նեզվանովա» վիպակը թարգմանել ու բեմադրել է Գրիգոր Խաչատրյանը, նկարչական ձեւավորումն արել է Արեգ Միրիջանյանը, զգեստների նկարիչը Մերի Սարգսյանն է։

«Անկոչ Աննան» ներկայացման պրեմիերային


2 գործողությամբ դրաման բնագրից բավական տարբերվում է: Ստեղծագործության մեջ գործողություններն ընթանում են գլխավոր հերոսուհու տարիքին զուգընթաց. աղջնակը սկզբում ապրում է ծնողների հետ, որբանալուց հետո նրա կյանքն անսպասելի ընթացք է ստանում, իսկ ներկայացման մեջ հաջորդականությունը փոխված է։

Դերերում են Լիդիա Գրիգորյանը(Աննա), Արթուր Մանուկյանը (ջութակահար), Լուսինե Հարությունյանը(մայր), Էրիկ Սարգսյանը(Բերգ), Գրիգոր Գաբրիելյանը (իշխան), Մարինե Գաբրիելյանը(իշխանուհի), Էմմա Մանուկյանը(Կատյա), Հայկուհի Խուդավերդյանը(մորաքույր), Լիզա Բարսեղյանը(մադամ Լեոտար), Նարինե Պետրոսյանը (Ալեքսանդրա) եւ Արտաշես Մխիթարյանը(Պյոտոր):

«Անկոչ Աննան» ներկայացման պրեմիերային


Գլխավոր դերակատար Լիդիա Գրիգորյանը BRAVO.am-ի հետ զրույցում կարեւորել է ներկայացման ասելիքը՝ անմեղ ու տանջված երեխայի արցունքի մեկ կաթիլը նույնիսկ չարժե ամբողջ աշխարհը.«Այս գաղափարի շուրջ է բեմադրությունը ստեղծվել։ Այնքան լարված ու հուզված էի, որ մի մեծ բեռ է ընկել ուսերիցս. լիցքաթափվեցի եւ լիցքավորվեցի։ Գիշերները երազումս տեսնում եմ ներկայացման տեսարանները, ուղեղս չի անջատվում, ասում են՝ «դերասանի կոշմար»: Ժամանակի ընթացքում լարվածությունը կանցնի»։

Դերասանուհին ուրախությամբ նշել է, որ առաջնախաղից հետո դրական արձագանքներ է լսել.«Ամուսինս շնորհավորեց, գրկեց ու համբուրեց։ Նրանից ու ներկայացումը դիտած մարդկանցից շատերից լսեցի, որ իմ ստեղծած լավագույն կերպարն է, ես էլ զգում եմ, որ այս կերպարն իմ խոստովանությունն է բեմից, շրջադարձային դեր է։ Իսկ ներկայացման մասին թատրոնի անձնակազմից տարբեր կարծիքներ լսեցի. բնական է, որ ոչ բոլորը հավանեցին»։

Լիդիա Գրիգորյանը՝ «Անկոչ Աննան» ներկայացման պրեմիերային


Ռուս հեղինակի «Նետոչկա Նեզվանովա» վիպակն առաջին անգամ է ամբողջությամբ բեմադրվել.«Ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում որքան փորփրել ենք, երեք պատմությունները միասին բեմադրված չի եղել։ Դոստոեւսկին բարդ հեղինակ է, մանավանդ՝ այս գործը, կարծում եմ՝ համարձակ քայլ է։ Կերպարս ամբողջական չէր դառնա, եթե չլինեին իմ խաղընկերները, քանի որ գլխավոր դերում եմ, բայց տեսարանների «ղեկին» ես չեմ։ Դերասանական խումբը համակարծիք էր ռեժիսորի հետ, փորձերի ժամանակ ստեղծագործական համախմբված մթնոլորտ էր, խնդիրներ չեն եղել»-պատմել է Լիդիան։

Նարինե Պետրոսյանը՝ «Անկոչ Աննան» ներկայացման պրեմիերային


Նարինե Պետրոսյանը կարծում է, որ ներկայացումը գուցե փոքր-ինչ բարդ թվա հանդիսատեսին.«Թատրոնի գեղարվեստական խորհուրդը դժվարությամբ էր պատկերացնում, թե ինչպիսին կլինի արդյունքը, բայց դիտելուց հետո մեծ մասը բեմական լուծումները հավանեցին։ Ցավոք, մեր իրականության մեջ ամեն բան այնքան մատչելի ու «տափակ» է դարձել, որ երբեմն հանդիսատեսը չի ուզում մտածի ու ճիգեր գործադրի, համաշխարհային մակարդակի գործեր նայի ու վերլուծի: Մարդիկ ուզում են ուղեղը չծանրաբեռնող թեթեւ ներկայացումներ դիտել։ Ի սկզբանե այն պիես չի եղել, Գրիգորը մեծ աշխատանք է տարել բեմադրելու համար, որովհետեւ գործը խճճված է: Դրա համար առաջին գործողությունը դիտելով՝ հանդիսատեսը գուցե չհասկանա՝ ինչ է կատարվում բեմում։ Այս բեմադրության մեջ ռուսական մշակույթի շունչը կա եւ մեր թատրոնի մյուս ներկայացումներից տարբերվում է»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին