×


«Առաջին դեմք»-ի դերասանների խոստովանությունները` գինու գավաթների շուրջ

«Առաջին դեմք» կատակերգության երեւանյան ցուցադրությունները պրեմիերայից հետո ժամանակավորապես դադարեցվեցին` պայմանավորված սահմանին տիրող լարված ռազմական իրավիճակով: Ֆիլմի նոր խաղաշրջանը կմեկնարկի Արցախի համար բարեգործական ցուցադրություններով, իսկ Երեւանում այն կրկին մեծ էկրան կբարձրանա ապրիլի 28-ից: Նշենք, որ առաջին ցուցադրությունից հետո ֆիլմի դերասանական եւ ստեղծագործական անձնակազմը երեկոն շարունակել էր մտերմիկ մթնոլորտում՝ գինու գավաթների շուրջ, իսկ BRAVO.am-ի հետ զրույցում կիսվել տպավորություններով։

Լուիզա Ներսիսյանը, Հրանտ Երիցկինյանը եւ Սաթի Ջանիբեկյանը


Գեղարվեստական ֆիլմում իր դեբյուտային գլխավոր դերի մասին խոսելիս Աննա Գրիգորյանը նշել է, որ մանկաբույժ Լիլիթին մարմնավորելիս ուսումնասիրել է բժիշկների աշխատանքային նրբությունները.«Աշխատանքիս քննադատորեն եմ վերաբերվում, ընթացքում չեմ հիանում ու տարվում ինքս ինձնով։ Մեծ էկրանին դիտելիս ծիծաղեցի եւ հուզվեցի, հուսով եմ՝ դիտողը մեզ հետ կապրի Գրիգորի եւ Լիլիթի սիրո պատմությունը։ Ինքս կերազեմ ունենալ այդպիսի գեղեցիկ սիրո պատմություն, սիրել ու սիրվել ֆիլմի հերոսների պես»։

Ինչպես պատմել է Աննան, բնապահպանական շարժման տեսարաններում իր մեջ արթնացել է ակտիվիստի ոգին եւ սրտանց է նկարվել այդ դրվագներում.«Ֆիլմի ասելիքը դրական է, կուզեմ` հայ ազգը դեպրեսիվ չլինի, որ չուզողությունը հանենք մեզնից, սկսենք դրական մտածել, որովհետեւ կան սիրուն արժեքներ, որ կոչվում են ընտանիք, սեր, հարաբերություններ։ Կցանկանամ՝ լինենք լավ քաղաքացի ու հավատանք, որ հաջողության կհասնենք։ Ես հավատում եմ, որ մեկ հոգին կարող է փոխել շատ մարդկանց կյանքը, ես սկսել եմ ինքս ինձնից. ամեն օր պայքարում եմ, որ փոխեմ իմ բնավորության վատ գծերը»։

Արա Դեղտրիկյանը, Հրանտ Երիցկինյանը եւ Աննա Գրիգորյանը


Ֆիլմի սցենարիստներ Սերգեյ Սարգսյանը եւ Նարեկ Մարգարյանն առաջին ցուցադրությունից հետո հայտնել են, որ հավանել են արդյունքը. «Սցենարը գրելիս մենք բացահայտեցինք, որ մարդու ներուժն անհուն է, եւ եթե որեւէ բան շատ է ուզում, ամբողջ տիեզերքն օգնում է: Սցենարի հարցում տիեզերքն օգնեց մեզ»,-կատակել է Սերգեյը։

Կատակերգական ֆիլմի հերոսը կարողանում է բնապահպանական խնդիրը լուծել լրագրողական հետաքննությամբ։ Նարեկ Մարգարյանը եւս կարծում է, որ հնարավոր է մեկ հոգով խնդիր լուծել.«Ուզում էինք ֆիլմում նկարվել, այնպես գրեցինք, որ գլխավոր դերում չլինենք ու քողարկենք մեր ցանկությունը:): Թեեւ գրելու ընթացքում պատկերացնում էինք արդյունքը, դիտելիս դերասանների խաղը, ծավալներն ու գույներն առավել էին։ Արամ MP3-ն բնական է խաղում. ժեստերի եւ միմիկայի միջոցով մեր գրածը շատ լավ արտահայտեց»։

Դավիթ Թադեւոսյանը` կնոջ հետ


Դերասանուհի Ելենա Վարդանյանը նկարահանվել է էպիզոդիկ տեսարանում` սպիտակաձյունիկի կերպարում. «Ինձ բաժին ընկավ փոքրիկ մի դեր, բայց հաճույքով կերտեցի երկրորդական կերպարը։ Լիրիկական բարի կատակերգություն է` գեղեցիկ սիրո պատմությամբ։ Ֆիլմի ասելիքը նաեւ այն է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ մասնագիտությունից, պիտի բարի ու մարդկային մնա»։

Դիզայներ Դիանա Շատվերյանը եւս կիսվել է իր տպավորություններով.«Անկախ նրանից, որ Արամ MP3-ի հետ մտերիմ եմ, եթե չհավանեի իր խաղը, կասեի այդ մասին: Ինչ վերաբերում է ֆիլմին, հատկապես հավանել եմ հումորային հատվածները»։

Հավելենք, որ «Առաջին դեմք» ֆիլմը կցուցադրվի Հայաստանի մարզային քաղաքներում եւ արտերկրում։

Հ.Գ. Այս երեկույթը տեղի է ունեցել եւ նյութը պատրաստվել է մինչեւ Արցախի ապրիլյան պատերազմը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին