×


«Արտավազդ 2016». Լուիզա Ներսիսյանի կատակը, դատարկ ծրարը եւ Ագնեսա Շահնազարյանի հուզմունքը

«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին։ Միջոցառման մեկնարկին ներկաները ծափերով հարգանքի տուրք են մատուցել Վարդուհի Վարդերեսյանի եւ օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հիշատակին։

Ագնեսա Շահնազարյանը եւ Կարո Բալյանը


Թատերական ոլորտի լավագույններին պարգեւատրելու համար ժյուրիի անդամները դիտել են 40-ից ավելի ներկայացում, տրվել են նաեւ հատուկ մրցանակներ։ Բեմադրիչ Վահե Շահվերդյանը Վարդուհի Վարդերեսյանի թոռան՝ Գեւորգ Աբաջյանի հետ անվանի դերասանուհու անունը կրող հատուկ մրցանակը հանձնել է Ալլա Վարդանյանին.«Մտածում էի, որ շատ կհուզվեմ, բայց չէի պատկերացնում, որ այս աստիճան։ Այս հրաշալի օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալ եմ նման բարձր մրցանակի համար», -բեմից հայտնել է Ալլա Վարդանյանը։

1996 թվականից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխության ժյուրին սահմանել էր նաեւ խրախուսական մրցանակներ բեմում իրենց առաջին քայլերն անող երիտասարդ արվեստագետների համար, որոնք հանձնել են Էվելինա Շահիրյանը եւ Մուրադ Ջանիբեկյանը.«Ինձ ավելի հաճելի է երիտասարդներին պատվոգրեր տալ, որովհետեւ առաջինը միշտ մնում է նրանց հիշողության մեջ։ Նրանք մեր վաղվա թթվածինն են, բայց չէի ասի, որ իմ սերունդն ածխաթթու գազն է։): Ինչպես ասում է հանճարեղ Նիկոլայ Գոգոլը, ջահելները երջանիկ են նրանով, որ ապագա ունեն»,-նշել է Մուրադ Ջանիբեկյանը։

Արթուր Կարապետյանը եւ Սաթիկ Հախնազարյանը


2015-ի «Լավագույն դերասանուհի» տիտղոսակիր Լուիզա Ներսիսյանն իր ելույթի ընթացքում, ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս կատակել է. «Միացյալ Նահանգների դեսպանատունն ինձ շնորհեց տասը տարվա վիզա, մինչ այդ տալիս էին ընդամենը մեկ տարվա վիզա։ Հիմա ուզում եմ զուգահեռ տանել «Արտավազդ» մրցանակաբաշխության հետ. անցյալ տարի դարձա լավագույն դերասանուհի, ինչո՞ւ այդ օրինակը չվերցնենք ու իմ մրցանակը երկարաձգենք տասը տարով»,-ասել է նա եւ բեմադրիչ Գոռ Մարգարյանի հետ մրցանակը հանձնել այս տարվա նորամուծության` «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգի հաղթողին՝ «Մոխրոտ»-ի բեմադրիչ Նորա Գրիգորյանին։

Կարինե Խոդիկյանը «Լավագույն պիես»-ի հեղինակին հայտարարելուց առաջ նշել է. «Հերթական անգամ պիտի ասեմ, որ չկա ազգային թատրոն առանց ազգային դրամատուրգիայի»: Նա մրցանակը հանձնել է Սամվել Կոսյանին` «Դեռ վերջը չէ» պիեսի համար։

Լուիզա Ներսիսյանը


«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» մրցանակը ոչ ոք չի ստացել, քանի որ ծրարը դատարկ է եղել, իսկ «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար»-ի անունը հայտարարել է Նիկոլայ Ծատուրյանը.«Ուզում էի ֆրակով գալ, բայց իմացա, որ երկրորդ պլանի դերասանի մրցանակն եմ տալու, այսպես եկա:)։ Իհարկե, սա կատակ էր, որովհետեւ չկա երկրորդ պլան, կա լավ ու վատ դերասան»,-ասել է ռեժիսորը եւ կարդացել ծրարում գրված դերասանի անունը՝ Էրվին Ամիրյան։

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս տարվա գլխավոր թատերական մրցանակաբաշխությունն անցել է միանման բազմաթիվ շնորհավորանքներով ու շնորհակալական խոսքերով։ Ավանդույթի համաձայն` թատրոնի անձնակազմերը հաջորդ օրը կրկին հավաքվել են մեկ հարկի տակ՝ նշելու Թատրոնի միջազգային օրը։ Ռեստորաններից մեկում խնջույքի ժամանակ Երեւանի քաղաքապետարանի կողմից թատրոնի նվիրյալներին տրվել են պատվոգրեր թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների եւ անձնվեր աշխատանքի համար։

Ստորեւ ներկայացնում ենք հաղթողների ցանկը.


Լավագույն կին դերակատար`
Ագնեսա Շահնազարյան, «Շատերից մեկը» /կին/, ՀԹԳՄ
Լավագույն տղամարդ դերակատար`Արամ Կարախանյան ( «Я здес’Ь», Թումանյանի անվան տիկնիկային թատրոն) եւ Լիպարիտ Ավետիսյան («Կարմեն» /Խոսե/ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն)
Լավագույն ներկայացում՝ «Մեկ ժամ հիշողություն» /Կարինե Խոդիկյան/, բեմադրիչ`Վահե Շահվերդյան,  Վանաձորի Աբելյանի անվան թատրոն
Վարդուհի Վարդերեսյանի անվան հատուկ մրցանակ` Ալլա Վարդանյան («Որբերի ընտանիքը» /Քնար/ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)
Լավագույն մանկական ներկայացում` «Մոխրոտը» (Նորա Գրիգորյան, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն)
Լավագույն դերակատարում մանկական ներկայացման մեջ՝ Մխիթար Մելքոնյան («Ճպուռն ու մրջյունը» /Բզեզ/ Խորեոգրաֆիայի պետական թատրոն)
Լավագույն երիտասարդ դերասանուհի՝ Նառա Սարգսյան («Մերսեդես», Պատանի հանդիսատեսի թատրոն)
Լավագույն երիտասարդ  դերասան՝  Սամվել Թադեւոսյան («էգոիստ» /Տղամարդ/ Հովհ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոն)
Լավագույն երիտասարդ  բեմադրիչ՝ Կարապետ Բալյան («Չմարդիկ» Թատրոն 8)
Լավագույն երիտասարդական ներկայացում՝ «Մեդեա» (բեմ.՝ Գրիգոր Խաչատրյան, Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն) եւ «Սովորական պատմություն» (բեմ.՝ Արմեն Բայանդուրյան, Թբիլիսիի Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն)
Լավագույն պիես՝ Սամվել Կոսյան, «Դեռ վերջը չէ»
Լավագույն սցենոգրաֆիա`Շամիր Շախիրյան,  «N707»,  Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար անվանակարգում հաղթողներ չկան
Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար`Էրվին Ամիրյան, «Խնջույք ամառանոցում» /Սավչիկ/, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն
Լավագույն երաժշտության հեղինակ`Վահան Արծրունի, «Մերսեդես», Պատանի հանդիսատեսի թատրոն
Լավագույն ռեժիսուրա`Սամսոն Մովսեսյան «Վհուկը», Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

                                         Ժյուրիի հատուկ որոշում

Լավագույն թատերական նախագիծ՝ «Սիրո խոստովանություն» ( բեմ.՝ Արա Երնջակյան, Երեւանի կամերային թատրոն) եւ «Անուշ» օպերա(/Արմեն Տիգրանյան/ բեմ.՝Հովհաննես Հովհաննիսյան, «Լարք» մշակութային կենտրոն)
Տարվա դեբյուտ՝ Սոֆյա Բաղդասարյան ( «Ուշ լինի, նուշ լինի» /Նազիկ/ Հ. Պարոնյանի անվան թատրոն) եւ Արսեն Միքայելյան («Ֆանդո եւ Լիս» /Ֆանդո/ ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի ուսումնական թատրոն)

BRAVO.am   
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին