×


«Բեքսթեյջ». Ինչ է կատարվել «ՌեԱնիմանիա»-ի ետնաբեմում

BRAVO.am-ն այսուհետեւ կներկայացնի մշակութային ամենատարբեր իրադարձությունների նախապատրաստական ընթացքը` այն ամենն, ինչ տեղի է ունենում ցուցահանդեսներից, համերգներից, փառատոններից եւ այլ միջոցառումներից առաջ: «Բեքսթեյջ»-ի շրջանակում կբացահայտեք, թե ինչպես են կազմակերպվում տարբեր նախագծերը, եւ ինչ է կատարվում ետնաբեմում:

«ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին


Մեկ շաբաթ Երեւանի բնակիչներն ու հյուրերը 7-րդ «ՌեԱնիմանիա»-ի շրջանակում դիտեցին անիմացիոն ֆիլմերի հետաքրքիր ընտրանի: Մինչ այդ մենք նկարահանել ենք, թե ինչպես են պատրաստվում փառատոնի մեկնարկին:

Նրանց գրասենյակ այցելեցինք երեկոյան ժամը 23:00-ին: Բոլորն աշխատում էին այնպես, կարծես սովորական աշխատանքային ցերեկ է: Պարզվում է` «ՌեԱնիմանիա»-ի թիմի համար սա սովորական վիճակ է, հատկապես, երբ փառատոնի բացմանը հաշված օրեր են մնում: Գրասենյակում հանդիպեցինք նաեւ հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունուն, որի խոսքով` հերթական փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվում են նախորդի փակումից անմիջապես հետո:

7-րդ «ՌեԱնիմանիա»-ի նախապատրաստական ընթացքը


7-րդ «ՌեԱնիմանիա»-ի կարեւոր հյուրերից էր արգենտինացի ռեժիսոր, անիմատոր Խուան Պաբլո Զարամելան: Նա երեւանյան փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ նախորդ տարիներին, սակայն տարբեր պատճառներով այցը չի կայացել: Այս տարի հենց նա է ցանկություն հայտնել գալ Հայաստան եւ դառնալ «ՌեԱնիմանիա»-ի մասը:  

Նոյեմբերի վերջին արդեն ընդունվում են հաջորդ փառատոնի հայտերը: Մասնակիցների նախնական ընտրությունը հիմնականում կատարվում է սեպտեմբերին: Ի դեպ, Վրեժ Քասունին անխտիր դիտարկում է բոլոր հայտերը: Նրան են միանում նախընտրական ժյուրիի անդամները, ովքեր ամեն տարի տարբեր են: Փառատոնի աշխատակիցները պատմում են, որ ընտրելիս նրանք մեկ շաբաթ օրուգիշեր աշխատում են գրասենյակում: Այս տարի փառատոնն 90 երկրից մոտ 1200 հայտ է ստացել:

7-րդ «ՌեԱնիմանիա»-ի նախապատրաստական ընթացքը


Աշխատանքային ամենաթեժ պահը գրանցվում է օգոստոսին, ամենալարվածը փառատոնի բացման օրն է, որին մասնակցեցինք նաեւ մենք: Բացումից հաշված րոպեներ առաջ «Մոսկվա» կինոթատրոնի մամուլի կենտրոնում Վրեժը հավաքեց թիմի բոլոր անդամներին, կամավորներին ու վերջին ժողովն անցկացրեց, շնորհակալություն հայտնեց բոլորին ու հիշեցրեց, որ պիտի միասին լուսանկարվեն:  Մենք էլ ենք շնորհակալություն հայտնում «ՌեԱնիմանիա»-ին` քաղաքում անիմացիոն իսկական տոն կազմակերպելու համար:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին