×


«Երեւան»՝ Օպերային նոր փառատոն՝ միջազգային ձեւաչափով

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 27-ից 30-ն առաջին անգամ անցկացվում է «Երեւան» միջազգային օպերային փառատոնը, որին հրավիրված են միջազգային ճանաչում ունեցող օպերային երգիչներ՝ տենոր Սթիվեն Կոստելոն /ԱՄՆ/, հայազգի բարիտոն Ռոդիոն Պողոսովը /Ռուսաստան/, սոպրանո Բարբարա Ֆրիտտոլին (Իտալիա), տենոր Սթիվեն Կոստելլոն, դիրիժոր Քրիս Ռուսմանը /Մեծ Բրիտանիա/, սոպրանո Հասմիկ Թորոսյանը, բարիտոն Առնոլդ Քոչարյանը:

«Երեւան» փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը


Առաջին միջազգային օպերային փառատոնը նվիրված է երջանկահիշատակ հայ օպերային երգիչ, տենոր Գեղամ Գրիգորյանին։ Երեկ կայացած պաշտոնական բացմանը ելույթ է ունեցել նրա դուստրը՝ աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերը նվաճած սոպրանո Հասմիկ Գրիգորյանը։ Համերգի դիրիժորն էր Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը, ելույթ են ունեցել նաեւ Սթիվեն Կոստելոն եւ Ռոդիոն Պողոսովը՝ կատարելով ֆրանսիական, իտալական եւ գերմանական օպերաներից արիաներ: Ողջ երեկո բեմում էին թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները։

«Երեւան» միջազգային օպերային փառատոնի բացմանը


Փառատոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի խոսքով՝ այն իրականացնում են ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի առաջարկով.«Անմիջապես համաձայնեցի կազմակերպել, որոշեցինք, որ նվիրված կլինի Գեղամ Գրիգորյանի հիշատակին։ Սկզբում կապ հաստատեցի նրա դստեր հետ՝ իմանալու նրա գրաֆիկը, որ կարողանա մասնակցել։ Ավելի ուշ հրավիրեցի հրաշալի տենոր Սթիվեն Կոստելոյին եւ բարիտոն Ռոդիոն Պողոսովին, որը երբեւէ Հայաստանում չէր եղել։ Այս փառատոնը երկրի համար իրադարձություն է, շնորհակալ եմ այն արտիստներին, որոնք համաձայնել են մասնակցել։ Եթե հանդիսատեսին ամեն ինչ դուր գա, փառատոնն ամենամյա կդառնա»։

Երեւանի միջազգային օպերային փառատոնի շրջանակներում հնչում են այնպիսի հայտնի ստեղծագործություններ, ինչպիսին են Չայկովսկու «Եվգենի Օնեգինը», «Սեւիլյան սափրիչ» օպերայի նախերգանքը, Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ», Ումբերտո Ջորդանոյի «Ֆեդորա» օպերաները եւ այլն։

«Երեւան» միջազգային օպերային փառատոնի բացմանը


Այսօր՝ ապրիլի 28-ին, հանդես կգան սոպրանո Բարբարա Ֆրիտտոլին (Իտալիա) եւ Մետրոպոլիտեն օպերայի արտիստ, բարիտոն Գեորգի Գագնիձեն (Վրաստան)՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ: Իսկ ապրիլի 30-ին կներկայացվի Վերդիի «Տրավիատա» օպերան՝ սոպրանո Հասմիկ Թորոսյանի, բարիտոն Առնոլդ Քոչարյանի եւ ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելոյի մասնակցությամբ: Ներկայացումը կղեկավարի հրավիրյալ դիրիժոր Քրիս Ռուսմանը (Մեծ Բրիտանիա):

BRAVO.am
Լուսանկարները` Գրիգոր Եփրեմյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին