×


«Մամ, ի՞նչ է սեքսը». Մաս 1

Երեխան դեռ նախադպրոցական տարիքից սկսում է հարցեր տալ իր եւ հակառակ սեռի, սեքսի, երեխաների լույս աշխարհ գալու մասին: Ու պետք է ինչ-որ կերպ պատասխանել այդ հարցերին, տակից դուրս գալ պատվով, ինչպես ասում են: Ցանկալի է, որ այդ ինչ-որ կերպը լինի այնքան վստահ, բավարարող ու հոգեբանորեն ճիշտ մատուցված, որ երեխան լսի, հասկանա ու անցնի իր այլ գործերին ու հարցերին:


Պատասխանե՞լ, թե՞ ոչ

Կանխավ բացառենք հարց տալու համար երեխայի վրա բարկանալը. դրանով նա ավելի է ուշադրությունն ամրապնդելու տրվող հարցի վրա: Եթե նույնիսկ մոռանա էլ, հաջորդ անգամ հիշելիս վախից կամ տհաճությունից միգուցե այլեւս ձեզ չդիմի, ինչը ձեռնտու չէ հենց ձեզ՝ որպես ծնողի: Արանքից հանենք նաեւ խուսափողական «քո ժամանակը չի դեռ նման բաներ իմանալու»-ն ու «կմեծանաս, կիմանաս»-ը. երեխան չի սպասելու ու «չի մեծանալու, իմանալու», նա իր գլխի ճարն այլ աղբյուրներով է տեսնելու: Իսկ ձեր հեղինակությունը խարխլվելու է, որովհետեւ դուք, ըստ նրա, կամ չգիտեք, կամ գիտեք, բայց իրեն հիմարիկ եք համարում ու չեք պատասխանում, եւ այլն: Այսինքն, մնում է պատասխանելու տարբերակը:

Հոգեբանի ուղղորդումը

Հոգեբան Անուշ Ալեքսանյանը նշում է, որ սեքսի (նաեւ՝ սեռի) ու մահվան մասին հարցերն ամենաբարդ ու տաբուավորված հարցերի շարքում են: Երեխաները տարբեր ժամանակահատվածներում ու տարբեր կերպ են առնչվում սեռի ու սեքսի մասին հարցերին: Ըստ հոգեբանի՝ ստանդարտ պատասխաններ չտալու համար պետք է մի քանի ոչ ստանդարտ հարց տալ:

*Որտե՞ղ ես լսել դրա մասին: Պետք է իմանալ, թե երեխան ինչ հանգամանքներում է առնչվել տրվող հարցին:

*Ի՞նչ գիտես դրա մասին: Սա շատ կարեւոր է. պետք է պարզել՝ երեխան ինչ ինֆորմացիայի է արդեն իսկ տիրապետում:

*Իսկ դու ինքդ ի՞նչ ես կարծում՝ հասկանալու համար, թե երեխան ինքն իր հարցին ինչ տիպի ու ինչ ուղղությամբ պատասխան է ակնկալում: Միգուցե նա բավական քիչ գիտի, իսկ դուք ծանրաբեռնեք ավելորդ բացատրությամբ: Միգուցե նա բավական շատ գիտի, ու քիչը նրան չի բավականացնի: Այսինքն, պետք է մտածել նախքան պատասխանելը:


*Վերջում պետք է պատասխան մատուցել՝ մի փոքր ավելի ծավալով, քան ինքը գիտի: Այստեղ մի անեկդոտ է շատ տեղին մեջբերել: Երեխան հարցնում է մորը՝ ինչ է նշանակում «աբորտ»: Մայրը` զինված մասնագիտական գրականությունից ստացած գիտելիքով, համոզված, որ պետք է երեխային ճշմարտությունը պատմել, սկսում է ամենայն մանրամասնությամբ նկարագրել աբորտը: Ընթացքում տեսնելով երեխայի ապշանքն ու սարսափը՝ մայրը հարցնում է, թե որտեղէ հանդիպել այդ բառը: Երեխան պատասխանում է` «Գրքում էր գրված՝ ... и волны бились о борт корабля»:

Երեխան այլ մտահորիզոն ունի

Անեկդոտը փայլուն օրինակ է այն բանի, որ միշտ պետք է պարզել. ինչ է ուզում իմանալ երեխան՝ այն, ինչ մենք ենք մտածում, թե լրիվ այլ բան: Մենք՝ մեծերս, մի բան ենք պատկերացնում երեխայի ծնվելու, սեռի, սեռականության նկատմամբ նրանց հետաքրքրության վերաբերյալ, իսկ նրանք լրիվ այլ բան են ակնկալում լսել մեզնից: Մենք շատ հաճախ երեխայի ծնունդը միայն ֆիզիոլոգիայի հետ ենք կապում, բայց այդ երեւույթի մեջ նաեւ հոգեւոր, հուզառատ, «միստիկ-հեքիաթային» կողմեր կան, որոնք լրիվ անտեսում ու երեխային դրա մասին ոչինչ չենք ասում: Կենտրոնանում ենք անատոմիական, ֆիզիոլոգիական շեշտադրումների վրա:

3-5տարեկան՝ սեռաակտիվ շրջան

Հոգեբան Ալեքսանյանը նշում է, որ նախադպրոցական տարիքի երեխային կոնկրետ սեքսի մասին տեղեկություններ հաղորդել պետք չէ: Ցանկալի է սիրով, քնքշանքով, մարդկային ջերմությամբ լի հարաբերությունների, ընտանիքի, երեխա ունենալու մեծ ցանկության մասին գիտելիք ապահովել: «Ինչպե՞ս է բալիկը հայտնվել մայրիկի փորիկում» հարցին պետք է պատասխանել առանց երեւույթին սեքսուալ երանգ հաղորդելու, առանց հումորի ու կատակաբանության: Մի թեթեւ գիտական նկարագիրն այն մասին, որ հայրիկը փոքրիկ բջջիկ է փոխանցում մայրիկին, որից առաջանում է շատ փոքրիկ բալիկն ու սկսում մեծանալ, միանգամայն բավական է:  Որպես համեմատություն՝ կարելի է բերել խնձորի կորիզը հողի մեջ դնելու, ծիլ տալու եւ ծառ աճելու օրինակը:


3-5 տարեկանը սեռականապես շատ ակտիվ տարիք է. նրանք սիրահարվում են, գրկում են իրար, «պաչիկ անում», կարող են շոյել եւ ուսումնասիրել միմյանց: Այս շրջանում կարող են նաեւ մանկական օնանիզմի երեւույթներն ի հայտ գալ նորմայի սահմաններում: Բայց ծնողների միջեւ սեքսուալ հարաբերությունների նկատմամբ երեխայի հետաքրքրությունը շատ սեւեռուն չի լինում: 3-5-ում, որպես այդպիսին, սեքսուալ բնական հետաքրքրվածություն չկա: Ավելի հաճախ հնչում են «ես ինչ ունեմ, ինքն ինչ ունի», «ես տղա եմ, նա՝ աղջիկ, ինչու նա չունի այն, ինչ ես ունեմ» եւ նմանատիպ այլ հարցերը: Նրանք փորձում են ճանաչել իրենց ու մյուսների սեռերը, դրա նշանակությունը կյանքում՝ սոցիալական, այլ ոչ թե բուն սեքսուալ իմաստով:

Եթե այս ամենը երեխային շատ-շատ է հետաքրքրում, ապա արժե մտածել, թե ինչն այն չէ, ու թե սա ինչ խնդրի ցուցանիշ է: Միգուցե ծնողներն արգելել են հարցեր տալ, կամ երեխան գիշերը զարթնել ու սեքսին առնչվող որեւէ բան է տեսել: Հնարավոր է նաեւ՝ այլ երեխաներից կամ մեծահասակներից տեղեկություն արդեն իսկ ունի, ու փորձում է հերքել կամ հաստատել իր իմացածը:

Տարրական դասարաններում հետաքրքրությունը սեռի եւ սեքսի նկատմամբ սուր չէ: Սակայն արդեն այս տարիքում կարող են միմյանց ինչ-որ բաներ ցույց տալ, պոռնոգրաֆիկ հոլովակներ տեսնել, ինչը կարող է ավելորդ հետաքրքրվածություն  առաջացնել կամ հոգեբանական տրավմա պատճառել: Նորմայում այս տարիքի երեխաները առանձնապես հետաքրքրված չեն հակառակ սեռով, մինչդեռ շատ հետաքրքրված են իրենց սեռով. աղջիկները սիրում են աղջիկների հետ շփվել, տղաները՝ տղաների: Սեռերի միջեւ մտերմություն այդքան էլ չի նկատվում: Փորձում են յուրացնել իրենց սեռին բնորոշ վարքը: Եվ դա բնական է:

Ինչպես տեսնում ենք, «սեռական դաստիարակություն» կոչվածը վաղ մանկուց է սկսվում դեռ տանը՝ գեղեցիկ հույզեր ներմուծելով, պատմելով, հարցեր տալով ու հարցերին պատասխանելով:

(շարունակելի)

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին