×


«Չկարողացա համակերպվել նրա կորստին»` հայտնիները հիշում են Վարդուհի Վարդանյանին

Հունիսի 27-ը Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է: 2006 թվականին ողբերգական ավտովթարից զոհված երգչուհու մտերիմներն առ այսօր չեն կարողանում նրան կորցնելու մտքի հետ հաշտվել: BRAVO.am-ի հետ զրույցում Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Արսեն Գրիգորյանը, Արսեն Սաֆարյանը եւ Հասմիկ Կարապետյանը կիսվել են Թութուշի (այդպես էին սիրում նրան անվանել ընկերները) հետ կապված իրենց ամենավառ հիշողություններով:

Վարդուհի Վարդանյանը


Շուշան Պետրոսյան.«Չկարողացա համակերպվել իր կորստին»

«Այնքան անսպասելի գնաց, այնքան հանկարծակի... Ես այդպես էլ չկարողացա համակերպվել իր կորստին։ Զրնգուն ծիծաղի արձագանքը մեր ականջներում թողած գնաց... Վառվռուն աչուկները, իր մեջ կրող անվերջ գարունը տարավ իր հետ... Կարոտում եմ Թութիկիս... Իր անկոնֆլիկտ խառնվածքը, բարությունը, հարգանքը մեր` Երգի թատրոնի առաջին սերնդի հանդեպ: Երբեք որեւէ մեկից չզազրախոսելն, անշուշտ, մեծագույն գնահատականն էր իր մարդկային, լուսավոր տեսակի։ Միշտ «փափլիկներով» քննարկում էինք դիետաների տարատեսակները:), այդ սկզբունքով, սուրճ, թեյ խմելիս դիաբետիկ շաքարիկներն էր գցում բաժակի մեջ (թեեւ նման խնդիր ընդհանրապես չուներ)՝ անպայման հիշեցնելով, որ դիետայի մեջ է ու այս շաքարիկները չեն գիրացնում»,-նշել է Շուշան Պետրոսյանը:

Զարուհի Բաբայան.«Նա առաջինն է տեսել տղայիս»

«Այնքան երկար տարիների պատմություն ունի մեր ընկերությունը՝ դպրոց, ուսանողական տարիներ, առաջին սեր եւ ժամադրություններ, առաջին պրոֆեսիոնալ քայլեր բեմում, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Եվ այդ ամենը` միասին: Աննկարագրելի կորուստ եւ տխրություն է իմ սրտում: Համերգներով շատ երկրներ ենք միասին մեկնել, որոնցից մեկը Լիբանանն էր: Հիշում եմ, որ հենց Բեյրութում իմացանք, որ երկրորդ երեխաս տղա է լինելու: Չեմ կարող նկարագրել այն ուրախությունը, երբ սոնգրաֆիկ էկրանին տեսանք ապագա երեխայիս պատկերը: Երբեք չեմ մոռանա Վարդուհու հրճվանքը: Ուրախությունից բղավում էր, որ ինքն առաջինն է տեսել տղայիս, նույնիսկ` ինձնից շուտ: Ընկերները լինում են տարբեր, բայց որքան բարություն եւ սեր պետք է լինի մարդու սրտում, որ կարողանա այդքան շատ մարդկանց հոգիներում տեղ ունենալ: Շատ եմ կարոտում նրան: Շնորհավոր ծնունդդ իմ... »,-պատմել է Զարուհի Բաբայանն, ով այս օրերին Միացյալ Նահանգներում է:

Զարուհի Բաբայանը եւ Վարդուհի Վարդանյանը


«Ցավոք, այդ հրաշալի օրվան հաջորդեց ավտովթարը…»

Արսեն Գրիգորյանի եւ Արսեն Սաֆարյանի համար Վարդուհու հետ անցկացրած ամենատպավորիչ օրը չարաբաստիկ ավտովթարին նախորդող օրն է եղել: «Ալավերդի քաղաքում համերգներ ունեինք: Երեքով լիարժեք օր անցկացրինք` հրաշալի համերգ, հետո ճաշկերույթ… Ողջ օրը միասին էինք: Ցավոք, այդ հրաշալի օրվան հաջորդեց ավտովթարը»,-վերհիշել են երգիչները.«Նա մեր էստրադայի լավագույն ձայներից մեկն էր: Թող Տերը պահապան լինի նրա բարի հոգուն եւ լուսավորիր այն»:

Հասմիկ Կարապետյան.«Հնարավոր չէ մոռանալ քո լիաթոք ծիծաղը»

«Հույս ունեմ, որ երկնքից տեսնում ես, թե որքան են քեզ բոլորը սիրում: Քո հիշատակն ապրում է բոլորիս սրտերում: Հնարավոր չէ մոռանալ քո` լավ մարդու տեսակը, քո լիաթոք ծիծաղը...»,-Վարդուհու տարեդարձն է շնորհավորել Հասմիկ Կարապետյանը:

Վարդուհի Վարդանյանը` որդու հետ


Սիլվա Հակոբյան.«Ցավոք, այդպես էլ չեկար...»

Սիլվա Հակոբյանն էլ իր «ֆեյսբուքյան» էջում հետեւյալ գրառումն է կատարել.«Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ այդ չարաբաստիկ օրվա նախորդ գիշերը զանգահարեցիր ու քեզ հատուկ զրնգուն ձայնով շնորհավորեցիր ինձ իմ «Գիշեր է» երգի կապակցությամբ։ Խնդրեցիր` ձայնագրեմ երգը ձայնասկավառակի վրա, որ վերցնես եւ միշտ լսես քո ավտոմեքենայի մեջ, բայց, ցավոք, այդպես էլ չեկար... Շնորհավոր ծնունդդ, Թութուշ ջան, դու միշտ մեզ հետ ես ու երջանիկ եմ, որ պատիվ եմ ունեցել շփվել քեզ պես բարի, ուրախ, կամեցող ու տաղանդավոր մարդու հետ...»:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին