×


«Սերը տարիք չի հարցնում»

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում մարտի 10-ին կկայանա ֆրանսական կատակերգության պրեմիերա։ «Սերը տարիք չի հարցնում» 2 գործողությամբ ներկայացման կազմում են Հրաչյա Հարությունյանը, Մարիամ Ադամյանը, Գոհար Իգիտյանը, Նարինե Պետրոսյանը եւ Արտաշես Մխիթարյանը։

Մարիամ Ադամյանը եւ Հրաչյա Հարությունյանը՝ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փորձին


BRAVO.am-ի հետ զրույցում Գոհար Իգիտյանը հայտնել է, որ փորձերը սկսել են նախորդ տարեվերջին. «Ընդհանրապես, թատերական կոմեդիաները միմյանցից շատ չեն առանձնանում, հիմնականում սիրային պատմություններ են, բայց այստեղ գլխավոր գործոնը տարիքային մեծ տարբերությամբ սերն է. երբ տարիքով տղամարդը հանդիպում է երիտասարդ աղջկա, տարիքով կինն էլ երիտասարդ տղայի հետ է»։

Ինչպես պատմել է դերասանուհին, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի առաջարկով կատակերգությունը բեմադրել է Հրաչյա Հարությունյանը. «Այս գործն այլ թատրոններում չեմ տեսել, կարծում եմ՝ առաջին անգամ է Երեւանում ներկայացվում»։

Գոհար Իգիթյանը


Խոսելով իր կերպարի մասին՝ նա նշել է, որ մարմնավորում է ամուսնալուծված կնոջ. «Կասկածամիտ, ղեկավարողի հատկանիշներով կին է, բաժանումից հետո նախկին ամուսնուն հանգիստ չի տալիս, նրա կյանքով է ապրում, միաժամանակ ցանկանում է իր կյանքը նոր էջից սկսել»։

Գոհար Իգիտյանն իր կյանքի օրինակով նշում է՝ սերը տարիք չի հարցնում. նա իր ամուսնուց՝ Արմեն Խանդիկյանից, փոքր է շուրջ 18 տարի.«Մեր դեպքում տարիքային տարբերությունն առանցքային չէ, մանավանդ՝ մեր օրերում շատ տարածված է, բայց ես այդքան էլ կողմ չեմ, որ կինն է մեծ ամուսնուց, թեպետ դեմ էլ չեմ: Եթե մարդիկ իրար սիրում ու հասկանում են, ֆիզիկական տարիքը կարեւոր չի դառնում»։

Նարինե Պետրոսյանը եւ Արտաշես Մխիթարյանը


Դերասանուհին այժմ նկարահանվում է նաեւ «Երանի» սերիալում.«Փորձում եմ նույն ժամանակահատվածում այլ նախագծերում չերեւալ, չէ՞ որ հեռուստադիտողը մեկ տարի շարունակ քեզ տեսնում է։ Այս տարին ինձ համար աշխատանքով է սկսվել, թատրոնում նոր կերպարս էլ աշխատատար է, կցանկանամ նաեւ գեղարվեստական ֆիլմում խաղալ»։

BRAVO.am
Լուսանկարները` Արվին Քոչարյանի եւ Դրամատիկական թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին