×


«Քարե դարդ»-ի շնորհանդեսի հայտնի հյուրերն ու Վաչեի կանխատեսումները :)

«Ա-ԹիՎի»-ի եթերում դեկտեմբերի 8-ից կցուցադրվի «Քարե դարդ» սիթքոմը, սակայն մինչ այդ «Երեւան մոլ»-ի նորաբաց «Կինոպարկ» կինոթատրոնում տեղի է ունեցել հումորային նախագծի առաջին սերիայի փակ դիտումը, որի մասնակիցներին կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Անատի Սաքանյանը, Վաչե Թովմասյանը եւ Աննա Մանուչարյանը


Նախագծի պրոդյուսեր Վաչե Թովմասյանը նշել է, որ «Քարե դարդ»-ն իր տեսակով նորություն է հայաստանյան եթերում.«Հեռուստադիտողը, վստահ եմ, կսիրի բոլոր հերոսներին ու կսպասի յուրաքանչյուր նոր սերիայի: «Քարե դարդ»-ն ամենեւին էլ դարդոտ սիթքոմ չէ, ընդհակառակը՝ ծիծաղի պակաս երբեք չի զգացվի»: 

Սիթքոմի գլխավոր հերոսին` Մոսոյին, մարմնավորում է հենց Վաչեն: Ըստ սյուժեի` նա պետք է հաշված ժամերի ընթացքում վերադարձնի իր պարտատերերին 3 միլիոն դրամ: Հայտնվելով անելանելի դրության մեջ` Մոսոն դիմում է ընկերոջը` չկայացած գիտնականին, որի փորձասենյակում էլ հայտնվում են պարտատերերը: Նա էլ կաշին փրկելու համար գործարկում է ընկերոջ հնարած սարքն ու հայտնվում դինոզավրերի ժամանակաշրջանում: Նրան գտնում է Գոգոն՝ Արմուշը, ու տանում իր ցեղակիցների մոտ... Այսպես էլ սկսվում են քարե դարի մարդկանց արկածները...

Յուլիա Ֆինկը եւ Արտյոմ Կարապետյանը


Հեռուստադիտողը կտեսնի  քարեդարյան մարդկանց, ովքեր ապրում են դինոզավրերի կողքին եւ խոսում վարժ հայերենով.«Սիթքոմն ազատ ժանր է, այստեղ  բոլոր տեսակի նորարարությունները թույլատրելի են»,-նշել է Վաչեն: 

«Քարե դարդ» սիթքոմի գլխավոր դերակատարներն են Վաչե Թովմասյանը, Արման Խաչատրյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անատի Սաքանյանը, Աննա Մանուչարյանը, Հակոբ Հակոբյանը և այլք: Ռեժիսորն է Վարդան Հակոբյանը, մտահղացումը Սարգիս Մնոյանինն է, սցենարի համահեղինակներն են վիտամինցիներ Վանը եւ Գրիգը: Նախագծի համար պատրաստվել է հատուկ տաղավար, օգտագործվում են գրաֆիական եւ անիմացիոն հնարքներ:

Արամ MP3-ն եւ Արմուշը


Անննա Մանուչարյանը մարմնավորում է Միմիին, ով ցեղապետի դուստրն է, ամուսնացած է Գոգոյի հետ, ունի երկու երեխա եւ չի փայլում որս անելու հմտություններով: Անատի Սաքանյանն էլ գլամուրային աղջկա կերպարում է, ով անընդհատ «սելֆի»-ներ է անում, մազերի հետ խաղում, հետեւում եղունգներին:

BRAVO.am-ի հարցին` արդյոք այլ վիտամինցիների չենք տեսնի սիթքոմում, Վաչեն պատասխանել է, որ այս նախագծում միայն Արմուշն ու ինքն են, բայց հյուրի կարգավիճակում միջոցառմանը ներկա էին նաեւ Արամ MP3-ը, Գարիկը եւ այլք: 

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW