×


«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին

«Օրրան»-ի ամերիկյան ընթրիքին աճուրդի կհանվեն SOAD-ի երաժիշտների իրերը

«Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնը հոկտեմբերի 1-ին Միացյալ Նահանգներում կիրականացնի բարեգործական ընթրիք։ Լոս Անջելեսում կայանալիք բարեգործական աճուրդին կխաղարկվեն «SOAD»-ի ռոք երաժիշտներ Սերժ Թանկյանի կիթառը, որով նա ելույթ է ունեցել իր վերջին շրջագայություններին, Ջոն Դոլմայանի նկարազարդ երաժշտական ափսեն, Շավո Օդաջյանի արծաթե վզնոցը: Ընթրիքին նախատեսվում է նաեւ հանրահայտ երաժիշտների եւ հայտնի այլ հայերի մասնակցությունը։

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին


«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ աճուրդի ընթացքում հանգանակված ողջ գումարը կնվիրաբերվի «Օրրան»-ի բյուջեին։
Արդեն 12 տարի անընդմեջ կենտրոնը Երեւանում կազմակերպում է բարեգործական ընթրիք-աճուրդ, որի նպատակը դրամական միջոցներ գտնելն է Երեւանի եւ Վանաձորի կենտրոններ այցելող կարիքավոր երեխաների ու տարեցների համար։

Օրեր առաջ Երեւանում կայացած ամենամյա ընթրիքը համախմբել էր բազմաթիվ գործարարների, դիվանագետների, շոու-բիզնեսի եւ ԶԼՄ-ի ներկայացուցիչների, տարբեր երկրներից ժամանած «Օրրան»-ի նվիրատուներին ու աջակիցներին, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։

Երեկույթը մեկնարկել է ավանդույթ դարձած ճաշի օրհնանքով եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ուղերձով։ Ժամանցային հագեցած ծրագրի ընթացքում ներկաները մասնակցել են շամպայնի գավաթի վիճակախաղին եւ աճուրդին, ելույթ են ունեցել սոպրանո Մագդա Մկրտչյանի, երգիչ Արթուր Իսպիրյանը եւ այլք։
Նվիրատվությունների երեկոն այս տարի վարել են հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանն ու Փոլ Էդգարը.«Գլխավոր նպատակը «Օրրան»-ին աջակցություն ցուցաբերելն է, որպեսզի կազմակերպությունը շարունակի օգնել կարիքավոր ընտանիքներին։ «Օրրան»-ն իր կարեւոր առաքելությամբ օգնում է հարյուրավոր ընտանիքների»,- նշել են նրանք։

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին


2000 թվականին հիմնադրված «Օրրան»-ը սկզբում աջակցել է 16 երեխայի, այժմ Երեւանի եւ Վանաձորի մասնաճյուղերում կենտրոնի հոգածության ներքո են շուրջ 200 երեխա եւ 95 տարեց։ Հավաքված գումարն ուղղվելու է Երեւանի եւ Վանաձորի անապահով 220 ընտանիքի երեխաների եւ միայնակ 110 տարեցի մեկ տարվա ընթացքում սոցիալական ծախսեր հոգալու համար:

Աճուրդը վարել են Դիանա Մալենկոն, Արտակ Վարդանյանն ու Արսեն Գրիգորյանը. «Յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված է 500 դոլարին համարժեք դրամ, որի արդյունքում «Օրրան»-ը մեկ տարվա ընթացքում կհոգա սննդի, բժշկական, սոցիալական ու կրթական ծախսերը։ Մեկ հոգու ներդրումը մեկ ակնթարթ է տեւում, բայց մեկ երեխայի մեկ ամբողջ տարվա կյանքն է ապահովում»,-նշել են նրանք:

Երեւանյան ընթրիքին աճուրդի են հանվել «Օրրան»-ի երեխաների պատրաստած սուրճի եւ երկու անկյունային սեղանները, կավե կճուճները, նկարիչ Շարիս Կարապետյանի կտավը, տուր գինու եւ խաղողի այգիներում, լյուքս կարգի վիսկի, հյուրանոցների վաուչերներ եւ այլն։ Նվիրատուները ձեռք են բերել խաղարկվող նմուշները՝ կատարելով դրամական նվիրատվություններ։

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին


«Օրրան» հաճախող փոքրիկ ու տարեց շահառուները պատմել են, թե ինչպես է Օրրանը փոխել իրենց ճակատագրերը: 13-ամյա Անահիտ Միրզոյանը քույրիկի հետ դպրոցի դասերից հետո հաճախում է «Օրրան», շատ լավ է սովորում, հետաքրքրվում է լրագրությամբ։ Նա այս տարվա ամռանը «Օրրան»-ի աշխատակիցների եւ իր հասակակիցների հետ Վրաստանում մասնակցել է միջազգային մեդիաճամբարի. «Երբ լրագրող դառնամ, նպատակ ունեմ՝ իմ նյութերը հիմնականում լինեն սոցիալական թեմաներով, որ կարողանամ օգնել խնդիրներ ունեցող մարդկանց։ Երազում եմ, որ աշխարհում հավասարություն լինի ու մարդիկ ավելի բարի լինեն»։

Աճուրդի ընթացքում նկարիչ-դիզայներ Արեւ Պետրոսյանը կոչով դիմել է հյուրերին՝ ներկայացնելով «Օրրան»-ին նվիրված իր նոր ստեղծագործությունը.«Ամեն տարի սեպտեմբերին ինձ համար է տոն է, որ հնարավորություն ունեմ լինելու ընտրյալների մեջ, որ կարող եմ իմ մի մասնիկը նվիրաբերել, փոքր-ինչ աջակցել փոքրիկներին։ Այսօր հուզված եմ, որովհետեւ տասը տարի առաջ նույն այս սրահում նստած էի որդուս՝ Տիգրանի հետ։ Մենք բոլորս գումար էինք հավաքում Վանաձորի Օրրանը բացելու համար, դեռ ծառի շիվերի համար էին հանգանակում, արցունքներս կուլ էի տալիս, երբ տեսա, որ տղաս՝ փոքրիկ Տիգրանս, իր հավաքած մի քանի դոլարը փորձեց նվիրաբերել, մեծահասակ տղամարդկանց կողքին ինքն էլ ուզում էր գնել խնձորի ծառ։ Թույլ թվեք ներկայացնել իմ նոր աշխատանքը՝ ծառի տեսքով, որը ստեղծել եմ Տիգրանի հետ, նվիրում եմ մեր ընտանիքի կողմից Օրրանին»։

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին


«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ ճաշկերույթի նպատակը մեկն է՝  օգնության ձեռք մեկնել երեխաներին ու տարեցներին.«Մեր երկու կենտրոններում ամեն օր շուրջ 450 կարիքավոր մարդ է ճաշում։ Ոմանք կասեն, որ այդքան էլ մեծ ներդրում չէ երկրի համար, որտեղ կա աղքատության 33 տոկոս մակարդակ։ Մինչդեռ ուրիշներն էլ կգիտակցեն, որ 450 հոգուց յուրաքանչյուրը մարդ արարած է՝ իր երազանքներով ու հոգսերով։ Նրանց մեջ կա ապագա զինվորը, երիտասարդ աղջնակը, որը կդառնա բժշկուհի կամ ապագա երիտասարդ, որ փողոցները մաքուր կպահի։ 17 տարի առաջ բացելով «Օրրան»-ը՝ մենք առ այսօր նրանց կերակրում ենք, կրթություն տալիս ու սովորեցնում տարբեր արհեստներ, հաղորդում ինքնավստահություն եւ ինքնուրույնություն։ Ուստի, այսօր կարող ենք հպարտությամբ ասել, որ երբեմնի սովից գնում ենք դեպի ծաղկունք»։

Երեկոյի հատուկ հյուրը Սեւակ Խանաղյանն էր, որն աճուրդի ավարտին կատարել է «Հին ֆայտոն» երգը, այնուհետեւ հաղորդավարների եւ տիկին Արմինեի հետ իրականացրել վիճակահանությանը.«Առաջին անգամ եմ շփվում օրրանցիների հետ, պատիվ է ձեզ համար երգել։ Ձեր կատարած բարի ու կարեւոր գործը շատ գնահատելի է»,-նշել է Սեւակը։ 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Մարիա Գիթթինսի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին