×


«Սեւ կյանք»

«Սեւ կյանք»

Ռուբեն Մանգասարյանի լուսանկարների հետմահու ցուցահանդեսը Սեպտեմբերի 16-ին «Art Gallery»-ում կայացավ Ռուբեն Մանգասարյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: «Սեւ կյանք» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է լուսանկարչի ծննդյան 50-ամյակին: Ցուցահանդեսի այցելուները Ռուբեն Մանգասարյանի մասին խոսում էին ներկայով ու հիանում նրա կատարած աշխատանքով: Ներկայացված 50 լուսանկարները պատմում են Ադրբեջանից գաղթած հայ ընտանիքի «սեւ կյանքի» մասին: «Սեւ կյանք» Բացման խոսքով հանդես եկավ լուսանկարչի եղբայրը` Տիգրան Մանգասարյանը, ով պատմեց, որ այս շարքը  Ռուբենի կատարած վերջին գործն է եղել, որի վրա աշխատել է 7 տարի. «Սա Ռուբենի համար շատ խորհրդանշական էր ու շատ կարեւոր: Այս շարքը նոր էջ բացեց նրա ստեղծագործական կյանքում. այստեղ այլ է գունային գամման, պատկերի կառուցվածքը: Կան լուսանկարներ, որոնք գեղանկարչություն են հիշեցնում»: Այս ընտանիքի պատմությունը մեծ արձագանք է գտել նաեւ մեր երկրի սահմաններից դուրս` անհատական ցուցահանդեսով ներկայացվել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, Լեհաստանում «Գրան Պրի»-ի արժանացել, եղել է BBC օնլայնում, տպագրվել ճապոնական «Ասախի»-ում եւ աշխարհի շատ ամսագրերում: Շարքը Հայաստանում ամբողջական ցուցադրվում է առաջին անգամ: Սեվ Կյանք Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան նաեւ Ռուբեն Մանգասարյանի գործընկերները: Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն ասաց, որ ինքը եղել է «Սեւ կյանք» խորագիրը կրող լուսանկարների շարքի առաջին տեսնողներից մեկը. «Երբ տեսանք այս նկարները, առաջին հայացքից մեզ մոտ հարց առաջացավ`սարքած են, թե նման բան իրականում կա: Մեր զարմանքն այնքան բնական էր, որ Ռուբենը չվիրավորվեց դրանից, ասաց, որ իրականում կա նման ընտանիք, կա նման պատմություն»: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հավելեց, որ Ռուբենը ցավում էր այդ մարդկանց համար, փորձում էր օգնել նրանց, ցանկանում  շարունակել այդ գործը: Սեվ Կյանք ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Մարտին Շահբազյանն էլ Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղուց է տեսել այդ նկարները. «Ինձ համար սրանք նորություն չեն: Սա մի ընտանիքի ծանր վիճակ է... Նայելով այս նկարներին` տեսնում ենք, որ Ռուբեն Մանգասարյանը արվեստին մոտ կանգնած մարդ է, ոչ սոսկ լուսանկարիչ. նա կյանքը ցույց է տվել արվեստով, ուղղակի չի չխկացրել: Նկարած է հոգով եւ սրտով, չխկացրած նկար չէ. սա նրան հուզել է: Այս նկարների մեջ չկա մի բան, որ ասես` ինքը խառնվել է: Սա է կյանքը` իր տեսած կյանքը...»: Նշենք, որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 30-ը: «Սեւ կյանք» խորագիրը կրող ցուցահանդեսը առաջարկ ունի նաեւ պտտվելու եվրոպական երեք մեծ քաղաքներով, որոնք դեռ հայտնի չեն: Փոխարենը հայտնի է Ռուբեն Մանգասարյանի լուսանկարների հաջորդ ցուցահանդեսի վայրն ու ժամանակահատվածը` հունվարի 7-ին Պրահայում կկայանա «Անկախության ճանապարհին» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ կներկայացվեն լուսանկարներ «Պատերազմ», «Երկրաշարժ» եւ «Շարժում» շարքերից: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին