×


Աբել Աբելյան.“Պատահում է, որ ափսեներ էլ են կոտրվում:)”

Ընտանիքի համալրումը նոր անդամով փոխում է ողջ կենցաղը: Այսպես է նաեւ դերասաններ Աբել Աբելյանի եւ Օլյա Հակոբյանի ընտանիքում. երեխայի ծնունդը տակնուվրա է արել ամեն բան:): BRAVO.am-ն օրերս հյուրընկալվել էր նրանց տանը` լուսանկարելու եւ հետաքրքրվելու, թե ով է զբաղվում փոքրիկի խնամքով եւ ինչպես են համատեղում աշխատանքն ու ընտանեկան կյանքը:

Աբել Աբելյանի ընտանիքը


-Ինչո՞վ է հագեցած առօրյադ: 

-Երեխան ամեն բան փոխել է: Առավոտյան ու երեկոյան իրենով եմ զբաղվում, իսկ օրվա մնացած ժամերին աշխատում եմ: Նախկինում երբեք չէի ուշանում ո՛չ դասերից, ո՛չ պայմանավորվածություններից, իսկ հիմա… Հիմա, քանի որ երեքով են ապրում, լինում են դեպքեր, երբ ես եմ պահում երեխային, մինչ Օլյան, ասենք, թեյը կբերի... :)

-Ո՞ւմ անունն ես տվել տղայիդ:

-Ընտրել ենք մի անուն, որը երկուսս էլ սիրում ենք` Էրիկ:

Աբել Աբելյանը` որդու` Էրիկի հետ


-Սկզբունքորեն դե՞մ ես տատիկ-պապիկների անունը երեխաներին փոխանցելուն:

-Դստերս դեպքում այդպես կվարվենք: Աղջկաս կտամ մորս անունը: Շատ դեպքերում ավանդապաշտ եմ ու պահպանողական, հաճախ էլ` առաջադեմ: Իմ դեպքում ամեն բան “միքսված” է:

-Տղայիդ կուղղորդե՞ս մասնագիտության ընտրության հարցում: Կցանկանա՞ս, որ քո ճանապարհը բռնի:

-Իմ պարագայում մի փոքր այլ էր: Ուզում էի տնտեսագետ դառնալ, բայց  չընդունվեցի: Ինձ մայրս է ընդունել Թատերական ինստիտուտ, քանի որ այնտեղ դասախոսում էր: Ինչ վերաբերում է Էրիկին, նախընտրում եմ` բժիշկ դառնա: Դերասանի մասնագիտությունն այնպիսին է, որ կախված ես այլ մի շարք մարդկանցից` պրոդյուսերից, ռեժիսորից, իսկ բժիշկն ինքն իր գլխի տերն է, եթե լավ մասնագետ է:

Աբել Աբելյանի կինը` Օլյա Հակոբյանը` որդու հետ


-Իսկ եթե, այնուամենայնիվ, նա որոշի դերասան դառնալ :):

-Չեմ խանգարի: Եթե այդ ուղին բռնի, ուրեմն այդպես է պետք:

-Ունես հրաշալի կին եւ որդի, կարիերա, քեզ լիակատար երջանիկ համարո՞ւմ ես: 

-Շնորհակալ եմ: Երջանկությունս տեսնում եմ ինձ շրջապատող մարդկանց առողջ ժպիտների մեջ: Ինձ լիակատար երջանիկ չեմ համարում միայն այն պատճառով, որ կարծում եմ` այդ դեպքում վերանում են ձգտումներն ու առաջ քայլելու մղումը: Դա կլինի այն դեպքում, երբ էլ անելիք չունենամ, մնա միայն վայելելը` թոռներով ու երեխաներով շրջապատված:

Աբել Աբելյանի որդին` փոքրիկ Էրիկը


-Սիրո՞ւմ ես պլանավորել ապագադ:

-Սիրում եմ երազել: Ինձ համար իմ երազանքները նպատակներ են: Դրանց հասնելու ձգտումով եմ ապրում:

-Ընտանիքդ, անշուշտ, երազանքներիցդ մեկի իրականացում է: Համերա՞շխ եք, թե՞ վեճեր ու տարաձայնություններ հաճախ են լինում:

-Կարծում եմ` ընտանիքի կայացման հիմքը փոքրիկ վեճերն ու տարաձայնություններն են: Իհարկե, պատահում է, որ ափսեներ էլ են կոտրվում… Էլ ի՞նչ ընտանիք առանց վեճերի: Բայց այս ամենի հետ կարեւոր է իրար հասկանալը, սիրելն ու ըմբռնելը:

-Երեխային խնամելու հարցում կնոջդ օգնո՞ւմ ես:

-Այո՛: Հաճախ տղայիս պահում էի գիշերները, փառք Աստծո, հիմա սկսել է հանգիստ քնել: Օլյային օգնում եմ ամեն հարցում:

Աբել Աբելյանը` որդու` Էրիկի հետ


-“Ապտակով սնված տղան առանց աստիճան չի լինի”. դաստիարակչական այս մեթոդի մասին ի՞նչ կարծիքի ես:

-Ես, իհարկե, կողմնակից եմ բացատրելուն, խոսքով հասկացնելուն: Կարծում եմ` ձեռք բարձրացնելուն բանը չի հասնի, բայց եթե կարիքը լինի, պետք է մեկ-երկու ապտակ հասցնել: Լավ խոսք կա` “Ավելի լավ է երեխան հիմա լացի, քան մեծանա, եւ դու լաց լինես”: Ես փոքր-ինչ տաքարյուն եմ, կարող եմ հասարակ բանից բռնկվել...

-Ժամանակին հայտարարել ես, թե այլեւս չես նկարահանվի սերիալներում: Ներսումդ ասելիք չի՞ կուտակվել, որոշումդ չե՞ս փոխել:

-Իսկապես, շատ բան է կուտակվել այս ամբողջ ընթացքում: Նկարահանվելու առաջարկները շատ են, բայց որոշել եմ երկարատեւ լռությունից հետո ազդեցիկ գործով հանդես գալ: Բացի այդ, բավական մեծ փոփոխություն եմ նկատում ֆիլմարտադրության բնագավառում: Միայն այն, որ սկսել են 10-20 սերիանոց ֆիլմեր նկարել, առաջխաղացում է: Լավ առաջարկի դեպքում կհամաձայնեմ կրկին նկարահանվել:

Զրուցեց Աշխեն Դաշյանը/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին