×


Ալեն Դելոն. “Չգիտեի, որ ինձ Հայաստանում այսքան հարգում են”

“Առաջին անգամ եմ Հայաստանում ու չգիտեի, որ ինձ այստեղ այսքան հարգում են: Ինձ ոչ ոք այդ մասին չէր ասել, նույնիսկ իմ ընկեր Շառլ Ազնավուրը”. աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնն այսպես է ողջունել լրագրողներին այսօր “Մոսկվա” կինոթատրոնում կայացած “Շնորհավոր Ամանոր, մայրեր” լիրիկական կատակերգության փակ դիտմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ալեն Դելոնը Երեւանում


Բացի Ալեն Դելոնից, որը ֆիլմում խաղում է հենց իր` Ալեն Դելոնի դերը, ասուլիսի բանախոսներն են եղել ֆիլմում նկարահանված Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Ռոզանովան, նոր սերնդի սիրված դերասան Կոնստանտին Կրյուկովը, ինչպես նաեւ ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, պրոդյուսերներ Վալերի Սահարյանն ու Ղեւոնդ Անդրեասյանը:

Ալեն Դելոնը հանդիպել է հայ լրագրողների հետ


Չնայած, որ “Շնորհավոր Ամանոր, մայրեր”-ի նկարահանումները կայացել են Ռուսաստանում եւ Ֆրանսիայում, ֆիլմի ստեղծագործական կազմը որոշել է պրեմիերան առաջին անգամ անցկացնել Հայաստանում: Պրոդյուսեր Ղեւոնդ Անդրեասյանը նշել է, որ այդ քայլով փորձել են իրենց շնորհակալությունը հայտնել “AP cinema” կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանին.“Մենք չէինք կարող այլ կերպ վարվել. Վալերի Սահարյանի ջանքերով է այս ամենն իրականացել: Հավատացեք, նա մեծ սեր է տածում իր հայրենիքի նկատմամբ, որով եւ վարակել է մեզ”:

“AP cinema” կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանը


“Շնորհավոր Ամանոր, մայրեր”-ը “Մայրեր” ֆիլմի շարունակությունն է: Կինոալմանախը բաղկացած է 5 նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչեւ, Կլիմ Պոպլավսկի: Կինոնկարի պրոդյուսերներն են Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղեւոնդ Անդրեասյանը, Վալերի Սահարյանը, Վլադիմիր Պոլյակովը:

Բանախոսների փոխանցմամբ` ֆիլմում ընդգրկված 5 նովելի հիմքում ընկած է մեկ հիմնական զգացմունք` սեր մայրերի հանդեպ:

Պրոդյուսեր Ղեւոնդ Անդրեասյանը եւ դերասան Կոնստանտին Կրյուկովը


Թեման այնքան հարազատ է եղել Ալեն Դելոնին, որ նա նկարահանվել է առանց հոնորարի.“Այսօր մայրս կլիներ 101 տարեկան: Նա մահացել է 16 տարի առաջ, բայց ես ամեն օր մտածում եմ նրա մասին",-ասել է անվանի դերասանը` ներկաներին ցուցադրելով իր համար թանկարժեք մի իր."Այս խաչը մայրս է ինձ նվիրել ու ասել, որ երբեք չկորցնեմ: Այն միշտ ինձ մոտ եմ պահում”:

Ֆիլմի թեման հարազատ է նաեւ դերասանուհի Իրինա Ռոզանովային: Վերջինիս փոխանցմամբ` նկարահանումների ժամանակ անընդհատ մտածել է իր հիվանդ մոր մասին. “Մորս երազանքն է լինել Փարիզում ու հանդիպել Ալեն Դելոնին: Եվ երբ նկարահանումների ժամանակ Ալեն Դելոնն ինձ համբուրեց, մայրիկիս ասացի, որ այդ համբույրն ուղղված էր նրան. իմ միջոցով Ալեն Դելոնն իր համբույրը փոխանցել է մայրիկիս”:

Դրվագ “Շնորհավոր Ամանոր, մայրեր” ֆիլմից


Իրինա Ռոզանովան հետաքրքիր մի դեպք է պատմել ֆիլմի նկարահանումներից. երբ Ալեն Դելոնին հրավիրել են գրիմ անելու, դերասանը զարմացել է ու ասել, որ իրեն գրիմ հարկավոր չէ. "33 տարի շարունակ ես մոլորակի ամենագրավիչ տղամարդն եմ եղել, իսկ այսօր ինձ գրիմ անհրաժեշտ չէ. հիմա իմ գրիմը կնճիռներս են ու մազերս”: 

Դերասանուհին խոստովանել է նաեւ, որ երբեք չի համակրել գեղեցկադեմ տղամարդկանց, եւ Ալեն Դելոնին հիմա սկսել է ավելի սիրել, քան երիտասարդ տարիներին:): 

Ալեն Դելոնը Երեւանում


Տեղեկացնենք, որ “Շնորհավոր Ամանոր, մայրեր” ֆիլմի բյուջեն կազմում է 6 միլիոն դոլար, իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար: Մոսկվայում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ Հայաստանում ֆիլմը էկրան կբարձրանա դեկտեմբերի 27-ից:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին