×


Ալեքսանդր Գրիգորյանը եռակի պապիկ կդառնա

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը վերջին ամիսներին առողջական խնդիրների պատճառով չէր աշխատում։ BRAVO.am-ի հետ զրույցում շուրջ 51 տարի թատրոնը ղեկավարող բեմադրիչ-ռեժիսորը հայտնել է, որ վերադարձել է աշխատանքի.«Հիմա համեմատաբար լավ եմ զգում։ Կարոտել էի թատրոնը, իմ ուսանողներին։ Այս շենքի ամեն քարն ինձ հարազատ է, հիմա ամեն օր գալիս եմ` կիսատ գործերս շարունակելու»։

Ալեքսանդր եւ Նորա Գրիգորյանները


Դստեր՝ բեմադրիչ եւ դերասանուհի Նորա Գրիգորյանի փոխանցմամբ՝  ավելի քան 4 ամիս ինքն ու թատրոնի մյուս աշխատակիցները փոխարինել են նրան.«Հայրս արդեն կարողանում է տեղաշարժվել, օգոստոսին էլ կնշի 80-ամյակը։ Մենք թատրոնում մեծ շուքով նշել ենք նրա 70-75-ամյակները, նույնիսկ արտերկրում բնակվող իր ուսանողներից ու ընկերներից էին եկել։ Հավանաբար, աշնանային խաղաշրջանի ավարտին կնշենք նաեւ այս հոբելյանը»։

Ալեքսանդր Գրիգորյանը` դստեր հարսանիքին


BRAVO.am-ը հայտնել է, որ Նորա Գրիգորյանը պատրաստվում է մայրանալ եւ եռյակ կունենա.«Շատ ուրախ եմ աղջկաս համար, թող լինի այնպես, ինչպես ինքն ուզում է։ Երեք թոռ ունեմ, երեքին էլ սպասում ենք»,-ասել է Ալեքսանդր Գրիգորյանը։

Ալեքսանդր Գրիգորյանը` կնոջ հետ


Առաջիկայում թատրոնում սպասվում է երկու պրեմիերա՝ ժամանակակից կոմեդիա Նորա Գրիգորյանի բեմադրությամբ եւ մանկական ներկայացում։ Նաեւ Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից թատրոնը հրավիրվել է աշնանը մասնակցել Սիբիրում կայանալիք թատերական միջոցառմանը.«Թատրոնի գրեթե ողջ կազմը հոկտեմբերին երկու շաբաթով կմեկնի։ Մասնակցելու են ԱՊՀ երկրների տարբեր թատերախմբեր։ Այդ օրերին մեր թատրոնը «Խանումա» ներկայացումն ութ անգամ կխաղա Նովոսիբիրսկում, Բառնաուլում եւ այլ քաղաքներում»,-հայտնել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

BRAVO.am
Լուսանկարները՝ Ալեքսանդր եւ Նորա Գրիգորյանների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին