×


Ալինա Մարտիրոսյան.«Այս մասին առաջին անգամ եմ խոսում»

Ալինա Մարտիրոսյանը վերջին շրջանում էկրաններին չի երեւում, սակայն առաջիկայում նոր կերպարով հանդես կգա սերիալում։ 36-ամյա դերասանուհին սկսել է առողջ ապրելակերպ վարել, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ լուսանկարենք մարզասրահում պարապելիս:  Նրա հետ զրուցել ենք գեղեցկության պահպանման, սննդակարգի եւ մի նպատակի մասին, որի մասին երբեւէ չի խոսել։

Ալինա Մարտիրոսյանը


Հետեւում է մարզչի խորհուրդներին

Մեկ ամիս առաջ որոշեցի, որ արդեն մարզվելու ժամանակն է։ Մայրիկիցս ժառանգաբար ինձ փոխանցվել են լավ գեներ, կազմվածքս պահպանելու խնդիր չեմ ունեցել, երկար ժամանակ ընդհանրապես չեմ մարզվել, հատուկ սննդակարգերի չեմ հետեւել, բայց հիմա զգում եմ` անհրաժեշտ է։ Մարզչիս խորհուրդներին հետեւելով՝ փորձում եմ մկաններս ճիշտ մարզել։ Շատ կարեւոր է հետեւել ցուցումներին, քանի որ կան շնչառական վարժություններ, որոնք սխալ անելու դեպքում արդյունքի չես հասնի։ 

Սնվում է քիչ չափաբաժնով

Ֆիտնեսը լավ հակադեպրեսանտ է, հանգստացնում է նյարդային համակարգը, այդ պատճառով արդեն ինտենսիվ պարապում եմ։ Դեռ հմուտ չեմ, երկար մարզվելիս հոգնում եմ, բայց հաճելի հոգնածություն է։ Առհասարակ, անկանոն եմ սնվում, անգամ գիշերներն եմ ուտում, բայց քիչ չափաբաժնով։ Ամեն ինչ սիրում եմ ուտել, հատկապես խմորեղեն ու շոկոլադ, միայն փոքրուց տանել չեմ կարողանում շատ յուղալի ուտեստները։

Շրթներկ չի սիրում

Կինը միշտ պետք է հետեւի իր արտաքինին, հնարավորության դեպքում հաճախի նաեւ սպա-կենտրոններ: Ինքս երբեմն օգտվում եմ. սիրում եմ դեմքս թարմացնող պրոցեդուրաներն ու կավով դիմակները։ Օգտվում եմ կոսմետոլոգիական միջամտություններից, օրինակ՝ շատերը կմտածեն, թե շրթներկով մարզադահլիճում պարապում եմ, բայց տատուաժ եմ արել, քանի որ չեմ սիրում շրթներկ օգտագործել։  

Ալինա Մարտիրոսյանը


Պլաստիկ վիրահատությունների մասին

Ես դեմ չեմ նման վիրահատություններին. եթե խնդիր ունես, ինչո՞ւ ոչ, կարող ես ազատվել դրանից։ Ապագայում միգուցե մտածեմ այդ մասին, իսկ այժմ ինքս եմ դեմքս խնամում. տանը թթվասերով ու սոդայով դիմակներ եմ դնում, մազերիս համար էլ պատրաստում եմ կոնյակով, ձվի դեղնուցով ու գերչակի յուղով զանգված, որը լավ տարբերակ է մազաթափության դեմ եւ փայլ հաղորդելու համար։

Երիտասարդ մնալու գաղտնիքը

Կինը ծաղկի նման է, եթե չխնամես, շուտ կթառամի։ Ինձ հաճախ ասում են, որ տարիքային հակառակ գործընթացում եմ. մեծանալու փոխարեն ավելի երիտասարդանում եմ։ Իմ պատասխանը, միանշանակ, սերն է։ Երբ մարդ սիրում է ու սիրված է, դա արտացոլվում է դեմքին։ Երբ շրջապատված ես քեզ հարազատ մարդկանցով, ներքուստ ուրախ ես, իսկ երբ սիրո փոխարեն նախանձն է գերիշխում, կարծում եմ՝ մարդ տգեղանում է։ Սիրող մարդը ապրելու ու աշխատելու խթան է ունենում։

Ալինա Մարտիրոսյանը


Նոր սերիալ

Սերիալը շուտով եթեր կհեռարձակվի “Կենտրոն” հեռուստաընկերությամբ, սակայն վերջնական անվանումը դեռ պարզ չէ։ Դերասանական լավ թիմ է հավաքվել, հետաքրքիր սցենար է, իմ կերպարն էլ տարբերվում է նախորդներից։ Ավարտել եմ Պարարվեստի ուսումնարանը, մասնագիտությամբ դերասան չեմ, բայց դերասան լինելը կրթության հարց չէ, այլ Աստծո ու բնությունից տրված շնորհ։ Բայց պետք է խոստովանեմ, որ թատրոնում ինձ չեմ պատկերացնում. բեմն ինձ համար ծանր ու պատասխանատու է։

Չբարձրաձայնված նպատակի մասին

Որոշել եմ երգել գոսփել ժանրում, որի միջոցով մարդիկ հաղորդակցվում են Աստծո հետ։ Այս մասին առաջին անգամ եմ խոսում. շատ եմ ցանկանում ինձ փորձել քրիստոնեական երաժշտարվեստում, քանի որ շատ եմ սիրում։ Գիտեմ հայերեն ու ռուսերեն երգեր: Ի դեպ, Ուիթնի Հյուսթոնը, Էլվիս Փրեսլին երգել են այս ժանրում։ Դեռ չգիտեմ երբ, բայց մի օր կկատարեմ հոգեւոր երգեր։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է “Prolife Welness” մարզասրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին