×


Աղջիկը երկու օր լուսնի վրա :)

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 26-ին եւ 27-ին հանդիսատեսին պարի աշխարհ է տեղափոխել “Աղջիկը լուսնի վրա” ներկայացումը: Այն բեմադրվել է ԱՄՆ պետքարտուղարության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվող “Կյանք առանց սահմանների” արշավի շրջանակում եւ նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստին, թե ինչպես են հաշմանդամություն ունեցող ու չունեցող պարողները կողք կողքի հավասար պարում բեմում:

"Աղջիկը լուսնի վրա" ներկայացման պրեմիերային


Մինչ ներկայացման մեկնարկը, թատրոնի ձմեռային այգում տեղի է ունեցել ցուցահանդես, որին ներկայացված էին ֆիզիկական սահմանափակ կարողություններով, բայց անսահմանափակ ստեղծագործ մտքերով նկարիչների աշխատանքները:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր շնորհակալությունն է հայտնել Արինա Արարատյանին եւ “Փյունիկ” հասարակական կազմակերպությանը, որտեղ ընթացել են ներկայացման փորձերը.“Անչափ ուրախ եմ, որ միասին կիսում ենք այս հրաշալի ներկայացմանը ներկա լինելու բերկրանքը: Ներկայացումը շատ պարզ ուղերձ է պարունակում. երբ հասարակությունը ներառական է ու ներկայացնում է բազմազան խմբեր, նշանակում է ե̒ւ երկիրը, ե̒ւ մարդիկ ավելի ուժեղ են”:

Արսեն Գրիգորյանը


Հաղորդավար Արսեն Գրիգորյանը, ողջունելով հանդիսատեսին, նշել է ներկայացման անձնակազմի եւ աջակիցների անունները: ԱՄՆ դեսպանատան հրավերով պրեմիերային ներկա է եղել պարալիմպիկ խաղերին 9 անգամ մասնակցած, 8 ոսկե մեդալի արժանացած Քենդըս Քեյբլին, որը 21 տարեկանում ավտովթարի հետեւանքով ստացել է ողնաշարի վնասվածք եւ ինքնադրսեւորման նոր ուղիներ է գտել սպորտում:

Մեկ ժամ տեւողությամբ պարային ներկայացումն ուղեկցվում էր անիմացիայով, որի ռեժիսորը Նաիրա Մուրադյանն է, իսկ պարողների զգեստների նկարիչը` Արսեն Նավասարդին: Ներկայացման հեղինակ, բեմադրող ռեժիսոր, խորեոգրաֆ Արինա Արարատյանը BRAVO.am-ին հայտնել է, որ դեռեւս կսահմանափակվեն երկու բեմելով.“Շատ եմ ափսոսում, որ երկար կյանք չի ունենա: Ցավոք, ինձնից կախված չէ: Ամեն ինչ կապված է ֆինանսավորման հետ, եթե մեր խմբին աջակցեն, սիրով կրկին կխաղանք, նաեւ միջազգային փառատոնների կմասնակցենք: Ինձ համար բացարձակ դժվար չի եղել աշխատել հաշմանդամություն ունեցող պարողների հետ, հեշտությամբ սովորեցի ժեստերը: Իմ եւ պարողների գերխնդիրն էր այնպես մատուցել, որ հանդիսատեսը չզգա, թե նրանցից ով ունի լսողության խնդիր”:

"Աղջիկը լուսնի վրա" ներկայացման պրեմիերային


“Պարիր, թե կարող ես” հեռուստանախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Հայկ Հոբոսյանը եւս պարողների կազմում է: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ մեծ պատրաստակամությամբ է մասնակցել փորձերին.“Մենք անընդհատ հավաքվում էինք, ամեն անգամ նոր շարժումներ էինք ավելացնում, բայց չէի պատկերացնում այն ամենն, ինչ կատարվեց բեմում: Շատ հետաքրքիր էր, դահլիճը լիքն էր, խուլերն ու լսողները հավասար էին ամեն ինչով: Հիացած էի, երբ տեսա դահլիճում նստած հանդիսատեսի աչքերը, հուզմունքն ու վերաբերմունքը. սա հաղթանակ էր մեզ համար, նաեւ մեր ներկայացումը դիտողների համար”:

"Աղջիկը լուսնի վրա" ներկայացման բեմադրող ռեժիսոր Արինա Արարատյանը


“Աղջիկը լուսնի վրա” ներկայացմանը միացել են նաեւ Արինա Արարատյանի պարային թատրոնի մենապարողները: Քնարիկ Կարապետյանը պատմել է, որ առաջին անգամ են աշխատել լսողության հետ խնդիրներ ունեցող պարողների հետ, բայց դա չի խանգարել միմյանց հետ շփվել ու պարել.“Սկզբում մի քիչ բարդ էր, բայց կարողանում էինք հասկանալ ու նրանցից դրական էներգիան ստանալ: Հիմա մենք փորձում ենք ժեստերի լեզուն հասկանալ ու սովորել, շատ գեղեցիկ է”,-նշել է պարուհին` հույս հայտնելով, որ ներկայացումը երկար կյանք կունենա:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին