×


Աղջիկները միայնակ են, քանի որ ծույլ են

Ինքնաբավ միայնության մասին հակադարձումները հատելու համար նշեմ, որ խոսքն այն միայնակ աղջիկների մասին է, ովքեր դժգոհ են այդ փաստից, ցանկանում են տղամարդ  ունենալ կողքին, ամուսնանալ: Բնական ցանկություններ, որոնց համար, սակայն, «հետույքը շարժել» է պետք` փոխաբերական եւ ուղղակի իմաստներով:

Քանզի-վասնզի «ոչ մի նորմալ, լուրջ տղամարդ չկա», «բախտ չունեմ», «ում ես եմ հավանում, ինձ չի նկատում», «կամաց-կամաց տանն եմ մնում» եւ նմանատիպ այլ արտահայտությունները բողոքի դաշտից են, սկսենք հենց բողոքելուց:

Հակված եմ այն մտքին, որ բողոքելն ունի մի շատ գեղեցիկ ավանդույթ` գցել պատասխանատվությունն այն մարդկանց կամ երեւույթի վրա, ինչից բողոքում ենք.«Ոչ թե ես չունեմ հարաբերություն կառուցելու հմտություն, այլ տղամարդիկ ու իմ բախտն են վատը»: Եկեք խոստովանենք, որ սա բավականին ինֆանտիլ, փակուղի տանող մոտեցում է, հեչ չարժե այս թակարդն ընկնել:

Ի՞նչ անել. ադապտացվել, եթե խնդիրը լուծում չունի (ասենք՝ դառնալ միանձնուհի), կամ խնդրի մոնիթորինգից հետո ամենաարդյունավետ լուծումը տալ: Եթե միանձնուհի դառնալը քեզ համար չէ, ապա առաջարկում եմ դիտարկել միայնության ամենառեյտինգային պատճառները:

ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔ: Բավական տանջված թեմա է, բայց գոնե 2 օրինակ բերենք. ապշեցնում են այն աղջիկներն, ում արտաքին տեսքն ասոցացվում է ամենահին մասնագիտության հետ, իսկ նրանք բողոքում են, որ տղամարդկանց միայն մի բան է պետք իրենցից (գուշակեք 3 անգամից): Զարմանալի են նաեւ նորմալ գումար վաստակող աղջիկները, որոնց արտաքին տեսքը 90-ականներից մնացած ժառանգություն է հիշեցնում:

Ի՞նչ անել. հրաժարվել առկա տեսքից, չալարել ու գտնել այն ոճը, որը քեզ ցանկալի կդարձնի քո նախընտրած տղամարդկային տեսակի համար: Կարող է հարց առաջանալ` «Իսկ ինչո՞ւ ԵՍ պետք է փոխեմ արտաքինս՝ հանուն տղամարդկանց»: Պատասխան՝ «Որովհետեւ ԴՈւ ես նեղվում միայնությունից, քո արտաքին տեսքը ՔՈ օգտին չի գործել մինչ օրս, եւ որովհետեւ փոխվելը բխում է ՔՈ իսկ շահերից»:

ԸՆՏՐՈՂԸ ԿԻՆՆ Է: Միայնակ աղջիկներն ու կանայք, որպես կանոն, ընտրության ֆունկցիան միամտորեն հանձնում են արական սեռին` նստած սպասելով օդից առաջարկների, հիացմունքի ու ծափահարությունների:

Ի՞նչ անել:
Չմոռանալ, որ հոգեբանորեն, թեկուզեւ անուղղակիորեն, ընտրում են աղջիկները: Է՞լ ինչ անել. ապահովել գայթակղիչ մթնոլորտ, սովորել գրագետ ֆլիրտել, տղամարդուն թույլ տալ ընտրել: Այս ամենը ներքին աշխատանք է` շատ ավելի բարդ, քան իներտ նստելն ու սպասելը, որ քո ցանկացած տղամարդն ինչ-որ հրաշքով կնկատի քեզ ու կընտրի:

ՍԵՔՍ:
Դե, այո, սեքսին տիրապետելն ու սեքսը սիրելը նույնպես տրամադրվածություն է պահանջում: Ժպիտ են առաջացնում այն աղջիկներն, ովքեր կարծում են` հասուն, գիտակից, փորձառու տղամարդը միասին ապրելու կամ ամուսնանալու հեռանկար կարող է առաջարկել առանց սեքսուալ համատեղելիությանը ծանոթանալու:   

Ի՞նչ անել: Բնականաբար, սեքսով զբաղվել` հաճելի ու փոխադարձ ցանկալի սեքսով: Սա շատ կարեւոր էմոցիոնալ ու ֆիզիոլոգիական պահանջմունք է` թե՛ քեզ, թե՛ ադեկվատ տղամարդու համար: Ինչպես մտերիմ ընկերս ասաց.«Երբեք չեմ ընտրի գաղափարային կույսի, քանի որ սեքսը մարդու ամենահիմնական կարիքներից է, ու եթե խորապես հասուն աղջիկը դա չի կարողանում ապահովել իր կյանքում, ուրեմն նա  թույլ մարդ է: Իսկ ես նախընտրում եմ ուժեղների»:

ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԸՆԿԵՐՆԵՐ: Ասում են` միֆ է հակառակ սեռերի միջեւ ընկերությունը: Ես էլ պնդում եմ` միֆ է, որ նման ընկերությունը միֆ է: Տղամարդիկ էլ «մարդ են», այլմոլորակայիններ չեն, արտակարգ ընկերություն անել գիտեն, որը քեզ շատ մեծ փորձ կարող է տալ:

Ի՞նչ անել: Ընկերանալ քեզ հաճելի, բայց սեռապես անհամատեղելի արականների հետ ու մարդավարի ընկերություն անել` հիշելով, որ նրանցից կարելի է արժեքավոր ինֆորմացիա ստանալ տղամարդկանց հոգեբանության վերաբերյալ, խորհուրդներ հարցնել ու ծանոթանալ նրանց համակրելի ընկերների հետ:

ՄԻԱՅՆԱԿՈՒԹՅՈՒՆ Ու ԾՆՈՂՆԵՐ: Ծնողների վերահսկման ամենահայտնի արդարացումը.«Բա մենք քո վատը կուզե՞նք»: Ոչ, վատը չեք ուզի, բայց ինձ լրիվ այլ բան է պետք: Մի խոսքով, համակերպվեք` վնասակար է ծնողների հետ ապրելը սկսած 25-ից:

Բայց քանի որ աղջիկների մեծ մասը ծույլ է` ալարում է հասկացնել, պայքարել առանձնանալու համար, հոգեբանական ճիգեր գործադրել ինքնուրույնանալու ու ծնողական հեղինակությունից պոկվելու համար, ամեն ինչ, այդ  թվում եւ միայնությունը, մնում է նույնը:

Ի՞նչ անել: Աշխատել ու առանձնանալ, անձնական կյանք  կառուցել`  առանց  ծնողական սուբյեկտիվ ճաշակի ու ցուցումների, զգալ սեփական որոշումներ ընդունելու հաճույքն ու պատասխանատվությունը: Սա ամենաբարդն է Հայաստանի պայմաններում, բայց արդյունքը փոխհատուցում է բոլոր ջանքերը:

Կարող է թվալ, որ միայնակ աղջկա համար այս ամենն անիրագործելի, ահռելի ծավալի աշխատանք է, բայց ոչ մի լավ ու որակյալ բան ձեռք չի բերվում ծուլության հաշվին: Ինչպես իմ ամենասիրելի լրագրողը կասեր.«Հո դեմ չե՞ք»:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին