×


Ամուսնական դավաճանություն. երբ եւ ինչու են սիրուհիները հայտնվում տղամարդկանց կյանքում

Ամուսնական կյանքը հաճախ նմանեցնում են տարվա եղանակներին: Ծանոթությունն ու առաջին ժամադրությունները հիշեցնում են նուրբ գարուն, որին հաջորդում է տաք եւ կրքոտ ամառը, եւ եթե հավատանք բնության օրենքներին, կգա նաեւ աշնան ժամանակը` առաջին վեճեր ու թյուրըմբռնումներ, իսկ հետո վրա կհասնի ձմեռը` դավաճանության տեսքով: Ամուսնական դավաճանությունն ընտանեկան հարաբերություններում ամենատարածված խնդիրներից մեկն է:


Ինչո՞ւ են ամուսնացած տղամարդիկ հաճախ զուգահեռ հարաբերություններ ունենում այլ կանանց հետ, ի՞նչը նրանց չի բավարարում ընտանիքում, որ չեն սահմանափակվում նույնիսկ կարճատեւ սիրավեպերով եւ երկարատեւ հարաբերություններ են կառուցում սիրուհիների հետ: Այս երեւույթը, ցավոք, եզակի բույթ չի կրում մեր իրականությունում, եւ ամենատարածված կարծիքն այն է, որ սիրուհին հայտնվում է ամուսնացած տղամարդու կյանքում, երբ կինը դադարում է հետաքրքիր լինել սեքսուալ պլանում: Բայց արդյո՞ք սա է դավաճանության հիմնական պատճառը եւ մի՞թե միայն ամուսիններն են դավաճանում:

Դավաճանությունը տղամարդկանց մենաշնորհը  չէ

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` սխալ է կարծել, որ միայն տղամարդիկ են դավաճանում. «Հարց է ծագում․իսկ ո՞ւմ հետ են դավաճանում իրենց կանանց ամուսնացած տղամարդիկ: Միամտություն է կարծել, թե միայն չամուսնացած կանանց։ Հայտնի է, որ ամուսնացած կանայք ավելի հեշտությամբ են այդ քայլին դիմում, քան չամուսնացածները։ Նույնը վերաբերում է նաեւ տղամարդկանց. ամուսնացածներն ավելի ինքնավստահ են կանանց սիրաշահելու հարցերում, քան ազատ տղամարդիկ»։

Նրա կարծիքով` մեկ այլ հարց է, որ, ինչպես նշում են կենսաբանները, մարդաբաններն ու ոլորտի այլ մասնագետներ, տղամարդիկ ավելի պոլիգամ են, իսկ կանայք մոնոգամ։ Սեքսոլոգների տարբեր հետազոտություններ էլ ցույց են տալիս, որ տղամարդիկ մի քանի անգամ ավելի շատ են օրվա ընթացքում մտածում սեքսի մասին, քան կանայք, նաեւ նրանց սեքսուալ ակտիվությունն ավելի բարձր է:

Միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ եւ կանայք դավաճանում են իրենց կողակիցներին 60/40 հարաբերակցությամբ, ինչը եւս վկայում է այն մասին, որ տղամարդիկ այս հարցում առաջատար են:


Անուշ Ալեքսանյանը շեշտում է, որ կանայք համեմատաբար քիչ են հակված դավաճանության, քանի որ նրանք ինքնաիրացման ավելի լայն հնարավորություն ունեն. որպես մասնագետ կայանում են աշխատանքում, տանը` որպես մայր, իսկ տղամարդկանց կայացման միջավայրերն ավելի քիչ են, բացի այդ, հաճախ լի են բազմաթիվ կարծրատիպերով.«Շատերն, օրինակ, իրենց կանանց հետ սեքսուալ կյանքում խիստ սահմաններ են գծում: Կանայք ավելի զերծ են նման պարտադրանքներից, եւ դավաճանության առիթ է հանդիսանում իսկապես ցանկությունն ու զգացմունքը: Այս պատճառով են կնոջ դավաճանությունը համարում իրական, իսկ տղամարդունը` զուտ ֆիզիկական գործողություն, որը նրա անձի հետ կապ չունի։ Այսպես կարծելն առնվազն անհեթեթություն է, քանի որ ցանկացած գործողություն կատարում է անձը եւ նա էլ պատասխանատու է դրանց համար»։

Դավաճանության հանդեպ միատեսակ չէ նաեւ հասարակության վերաբերմունքը: Անհավատարիմ կինը մեր իրականությունում ընկալվում է որպես անբարոյական, իսկ կնոջը դավաճանած տղամարդը հաճախ հերոս է, իսկական մաչո, սրտակեր, բայց ոչ երբեք անհաջողակ. «Արդյունքում տարբերությունը մեկն է. կանայք դա անում են թաքուն, իսկ տղամարդիկ համեմատաբար ավելի բացահայտ, քանի որ չեն վախենում դատապարտվել։ Ծայրահեղ դեպքում զգուշանում են իրենց կանանց արձագանքից, իսկ մնացածն այդ վարքը կհամարեն նորմալ»։

Ամուսնական դավաճանության մի քանի դրդապատճառ

Հատկապես ամուսնացած կանանց համար դավաճանությունն ամենացավագին  թեմաներից մեկն է: Այդ մասին են վկայում համացանցային տարբեր ֆորումները, սոցիալական ցանցերի տարբեր փակ խմբերը, որտեղ հարյուրավոր կանայք անդադար քննարկում են այս խնդիրը, յուրաքանչյուրն իր անձնական փորձն է պատմում ու վիրտուալ ընկերուհիներից խորհուրդ հարցնում` ինչպես վարվել նման իրավիճակում:

Հոգեբան Անուշ Ալեքսանյանի խոսքով` դավաճանությունը բավական լուրջ երեւույթ է, եւ միայն ֆիզիկական կամ ֆիզիոլոգիական դրդապատճառներով բացատրելը սխալ կլինի։ Դավաճանում են ոչ բոլոր տղամարդիկ եւ, բնականաբար, նաեւ ոչ բոլոր կանայք։ Այն միշտ ունի իր պատճառները, որոնք կարող են լինել ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական ու մշակութային.«Դավաճանել կարող է ցանկացած խավի եւ տարիքի տղամարդ: Խոսքը ոչ թե սիրուհի ունենալու կամ մեկ այլ մարդու սիրելու, այլ հաճախակի եւ տարբեր կանանց հետ դավաճանության մասին է: Ավելի հաճախ դավաճանում են սիրո պակաս ունեցողները, եւ խոսքը հենց սիրո, այլ ոչ թե սեքսուալ կյանքի մասին է”:


“Երբ մարդ բավարարում է իր պահանջմունքը, որոշ ժամանակ այդ զգացումն արտահայտվում է ցանկության բացակայությամբ, հակառակ դեպքում նա պարզապես ցանկասեր է, ով կարծես երբեք չի բավարարվում։ Այդպիսիք չեն կարողանում անտարբեր անցնել հակառակ սեռի որեւէ ներկայացուցչի կողքով, երբեմն անտակտ կատակներ, դիտարկումներ եւ ակնարկներ են անում։ Եթե համարենք, որ տվյալ անձն ունի սեքսուալ պահանջմունքներ, ապա նա պետք է լինի ամենաբավարարվածն իր միջավայրում, քանի որ ապրում է սեռական ակտիվ կյանքով եւ ունի նույնիսկ մի քանի զուգընկերուհի։ Բայց իրականում այդպես չէ, քանի որ որքան ակտիվ են լինում այդ առումով, այնքան շարունակում են մնալ չբավարարված: Իսկ պատճառն այն է, որ նրանք ունեն մեկ այլ պահանջմունք, որն, այնուամենայնիվ, չի բավարարվում նման վարքի միջոցով։ Հաճախ են մարդիկ սիրո պակասը բավարարում սեքսով, սակայն դա չի լրացնում ներսում առաջացած բացը եւ սիրված լինելու զգացում չի պարգեւում»,- նկատում է հոգեբանը։

Տղամարդը կարող է դավաճանել կնոջը տարբեր պատճառներով, օրինակ` պարզ հետաքրքրություն, կյանքում փոփոխություն մտցնելու ցանկություն, ծանոթներին ու ընկերներին ինչ-որ բան ապացուցելու ձգտում, անգամ ալկոհոլի ազդեցություն: Միեւնույն ժամանակ նա կարող է  պարզապես լինել կնամոլ եւ վազել յուրաքանչյուր կիսաշրջազգեստի հետեւից: Մեր օրերում դավաճանությունը սովորական երեւույթ է, եւ դրա հանդեպ դրսեւորվում է ոչ թե բացասական վերաբերմունք, այլ հաճախ պարզապես անտարբերություն: Սիրուհիներն ու սիրեկանները զվարճալի պատմությունների ու անեկդոտների, ֆիլմերի հերոսներ են այն դեպքում, երբ բարոյականության վերաբերյալ պատկերացումները, ինչպես նաեւ դավաճանության միտքը նախ ծագում է անձի գիտակցության մեջ եւ հետո է միայն ամրապնդվում գործողություններով: Բոլոր դեպքերում յուրաքանչյուր ոք դավաճանում է լիովին գիտակցաբար` կոտրելով բոլոր բարոյական սկզբունքներն ու արգելքները, իսկ այնուհետեւ սկսում իր արարքների համար արդարացումներ փնտրել: 

Սիրուհին որպես իմիջ պահպանելու միջոց

Կա տղամարդկանց մի տեսակ, որոնց սոցիալական դիրքն է հրահրում նման արարքի: Սիրուհին հանդիսանում է յուրաքանչյուր «իսկական ղեկավարի» անբաժան բաղադրիչը, նրա իմիջի մի մասը, ճաշակի դրսեւորումը եւ բարեկեցության ու դիրքի վկայությունը: Այդպիսի տղամարդկանց համար կարեւոր է հատկապես սիրուհու արտաքին տեսքը, որը պետք է խոսի իր բարձր ճաշակի մասին:


«Օրինակ, որոշակի կարգավիճակ ունեցող տղամարդկանց համար կարող է անգամ պարտադիր լինել սիրուհի ունենալը, իսկ կնոջ հետ զվարճանքի վայրեր գնալը նույնիսկ անթույլատրելի։ Որոշակի խավի տղամարդիկ էլ կարծում են, որ սեքսուալ կյանքում սեփական կնոջ հետ ազատ լինել չի կարելի, ինչը չի կարելի ասել սիրուհու հարցում»,-պարզաբանում է հոգեբանը։

Սիրուհու առկայությունը հաճախ  ցույց է տալիս տղամարդու ապահովվածությունը   եւ տալիս է նրան ինքնավստահության, երիտասարդության եւ գրավչության  զգացում: Տղամարդու ինքնագնահատականը տվյալ դեպքում ուղղակիորեն կախված է սիրուհու տարիքից. որքան նա երիտասարդ է, այնքան ավելի բարձր է տղամարդու ինքնագնահատականը:

Տղամարդկանց մի մասի համար էլ սիրուհի ունենալը մոլուցքի պես մի բան է կամ պարզապես խաղ, արկած: Նրանք այս կերպ ի ցույց է դնում իրենց սեքսուալ կարողությունները` ապացուցելով, որ դեռ շատ բաների են ընդունակ, հատկապես եթե հաշվի առնենք, որ միջազգային վիճակագրական տվյալների համաձայն` սիրուհիները հայտնվում են հիմնականում 30-40 տարեկան տղամարդկանց կյանքում` միջին տարիքի ճգնաժամի ընթացքում: Իսկ երիտասարդ տղամարդկանց ավելի բնորոշ են կարճատեւ ինտիմ կապերը, եթե, իհարկե, նրանք հակված են դավաճանության:

Ամուսնական դավաճանությունը որպես կարիերա հարթելու միջոց

Մեր օրերում քիչ չեն դեպքերը, երբ ամուսնացած տղամարդն ունենում է արտամուսնական կապ, քանի որ այն կարող է օգուտ բերել նրան, օրինակ` ճանապարհ հարթել կարիերայի հարցում: Չէ՞ որ տղամարդկանց համար խիստ կարեւոր է ինքնաիրացումը եւ հատկապես կարիերայում ինքնահաստատվելը: Առանց մի վայրկյան մտածելու նրանք կարող են գործի դնել իրենց ողջ հմայքը, որպեսզի հասնեն այդքան ցանկալի դիրքին: Բայց լինում է այնպես, որ միանգամյա ինտիմ կապով ամեն բան չի ավարտվում, եւ նրանք պրակտիկորեն կատարում են իրենց ամուսնական պարտականությունները ոչ թե իրենց կնոջ, այլ, ասենք, ղեկավարի հետ եւ հաճախ դրա պատճառով ունենում են մեղքի զգացում:


Դավաճանությունը որպես ամուսնական միապաղաղ կյանքում փոփոխություն մտցնելու միջոց

Դավաճանության ամենատարածված պատճառներից մեկն էլ կյանքում փոփոխություններ եւ նոր գույներ մտցնելու ցանկությունն է: Դա միօրինակությունից փախչելու ամենապարզ միջոցն է: Իհարկե, կարելի համարել, որ նման ցանկություններով թելադրված դավաճանությունը լիովին ընկալելի է, քանի որ նախապատճառը կինն է կամ ավելի ճիշտ այն, ինչի նա վերածվել է տարիների ընթացքում, բայց մյուս կողմից էլ ամուսնական կյանքն ինքնաթիռ չէ, որը չի կարող շեղվել հիմնական ուղուց: Տղամարդկանց թերեւս երեւակայություն է պետք հասկանալու համար, որ փոփոխություններ կարելի է մտցնել ընտանեկան կյանքում ոչ միայն սիրուհի ձեռք բերելու միջոցով: Ընտանեկան տարբեր իրավիճակներն ու անխուսափելի կենցաղային խնդիրները հաճախ վախեցնում են նրանց: Տղամարդուն սկսում է թվալ, որ կինն ընդունակ չէ հասկանալ իրեն, որ չափից ավելի է դժգոհում ու բողոքում այն դեպքում, երբ սիրուհին միշտ թվում է սիրող, քնքուշ, նվիրված, սպասող եւ պատրաստ լսելու եւ հասկանու: Իհարկե, չի կարելի կարծել, որ սիրուհիները տղամարդկանց հարկավոր են միայն սեքսի եւ սոցիալական դիրքի համար: Նրանք ունեն մի յուրահատկություն եւս` ուշադիր ունկնդիրներ են, երբեք չեն քննադատում ու դատապարտում իրենց սիրեկաններին եւ միշտ պատրաստ են սատարել նրանց:

Քիչ չեն նաեւ այնպիսի դեպքերը, երբ տղամարդը պարզապես կնամոլի մեկն է: Այս պարագայում նա կարող է ունենալ սիրելի եւ գեղեցիկ կին, տանն էլ ամեն բան իդեալական լինի, սակայն նա միեւնույն է շարունակի կյանքում ինքնահաստատվել դավաճանությունների միջոցով:

Ինչո՞ւ սիրուհիները, որպես կանոն, չեն հավակնում ապագա կնոջ դերին

Սիրուհու առկայությունը կարող է պայմանավորված լինել նաեւ կնոջ հանդեպ սիրո բացակայությամբ: Տղամարդը պարզապես կարող է դադարել սիրել իր կնոջը, չէ՞ որ կյանքում այդպես էլ է պատահում: Տվյալ դեպքում ամենաազնիվ արարքը կլինի միանգամից խոստովանել այդ մասին եւ երկակի կյանք չվարել:


Հետաքրքիր մի հանգամանք եւս. սիրուհիները գրեթե երբեք չեն դիտարկվում ապագա կնոջ դերում, նույնիսկ այն ժամանակ, երբ ամուսնությունը գտնվում է կործանման եզրին: Հետաքրքիր է, բայց հաճախ տեղի է ունենում հետեւյալ սցենարը` ամուսնությունն ավարտվում է, եւ թվում է, թե այլեւս խանգարող ոչինչ չկա, բայց արի ու տես, որ ամուսինը կապերը խզում է ոչ միայն կնոջ, այլ նաեւ սիրուհու հետ, քանի որ սիրուհին եւս նրա համար դառնում է նախկին կյանքի մի բաղադրիչ, որից եւս հարկավոր է ազատվել:

Անուշ Ալեքսանյանի կարծիքով` որքան ցածր է մարդու կրթական ցենզը, հոգեւոր եւ հուզական հասունության մակարդակը, այնքան նա ավելի հակված է անկանոն կյանքի եւ մակերեսային հարաբերությունների։ Խոր հարաբերությունները ենթադրում են նաեւ խոր բավարարվածության զգացում եւ, բնականաբար, խոր հաճույքի զգացում սեքսուալ կյանքում։ Հայտնի է, որ առավելագույն բավարարվածության, հասկացվածության եւ հաճույքի կարելի է հասնել երկարատեւ եւ կայուն հարաբերությունների պարագայում, ինչին կարծես թե ձգտում ենք բոլորս։

Տեքստը` Ա. Ս.-ի/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին