×


Այցելություն Հայաստան մայրիկին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում երեկ տեղի է ունեցել “Այցելություն Հայաստան մայրիկին” ներկայացման առաջնախաղը։ Տրագիկոմեդիայի դերասանական կազմում են Լեւոն Մուրադյանը, Մարիամ Ադամյանը, Արմեն Ավետյանը եւ Նարինե Ոսկանյանը։

"Այցելություն Հայաստան մայրիկին" ներկայացման պրեմիերային


Հումորիստ-նմանակող Արմեն Ավետյանի գաղափարով ու սցենարով ստեղծված ներկայացման գործողությունները տեղի են ունենում հիվանդանոցում. Հայաստան մայրիկը, որը Հայաստանի Հանրապետությունն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, եւ ներկայացվում է նրա հանդեպ զավակների՝ քաղաքացիների վերաբերմունքը։

Արմեն Ավետյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ սցենարը գրել է շուրջ մեկուկես տարվա ընթացքում.“Քանի որ գլխավոր դերում Լեւոնն է, մի փոքր  “լեւոնաֆիկացրել” ենք եւ որոշ հատվածներ փոփոխել։ Լեւոնի եւ Նարինեի կողքին խաղալը վստահություն է տալիս, իսկ Մարիամը որպես դերասանուհի ինձ համար հայտնություն է. նրա հետ առաջին անգամ ենք աշխատում”։

"Այցելություն Հայաստան մայրիկին" ներկայացման պրեմիերային


Հեղինակը վստահեցնում է, որ ներկայացնում են ինտելեկտուալ հումոր, սակայն դրան հակասում են գրոտեսկային կերպարները, որոնք կենցաղային են եւ ուռճացված։ Նա պատմել է, թե ինչպես է ընտրել թեման եւ վերնագիրը.“Իմ տան աշխատասենյակում Ֆրունզիկ Մկրտչյանի մեծ նկարն է փակցված, նա ինձ հուշում է, իմպուլսներ է տալիս... Գրելիս նայում եմ նկարին, ասում է՝ լավ է, թե չէ։ Կարող է միստիկա թվալ, բայց, հավատացեք, այդպես է։ Այս ներկայացման միջոցով ուզում ենք մեր երկրի խնդիրների մասին խոսել, մեր նպատակը միայն ծիծաղեցնելը չէ”։

1 գործողությամբ ներկայացման հիմքում այժմյան սոցիալական խնդիրներն են. բժշկի եւ բուժքրոջ փոխհարաբերություններն ու վերաբերմունքն իրենց շրջապատող մարդկանց, Հայաստան մայրիկին այցելության եկած երեք նախագահներին եւ քաղաքական այլ գործիչների.“Չեմ ցանկանում ներկայացումն անվանել քաղաքական, չնայած`  յուրաքանչյուրս էլ ակամա կարող ենք լինել քաղաքականության մեջ, որովհետեւ փոքր երկիր ենք եւ չենք կարող անտարբեր լինել քաղաքական իրադարձություններին, ինչը սերտ կապված է սոցիալական խնդիրների հետ”։

"Այցելություն Հայաստան մայրիկին" ներկայացման պրեմիերային


Մեր հարցին, թե հանդիսատեսն ինչու պետք է ընտրի եւ դիտի այս ներկայացումը, Արմեն Ավետյանը պատասխանել է.“15 տարեկանից ներկայանում եմ իմ հումորներով, բախտ եմ ունեցել, մի քիչ էլ շնորհ` ներկայանալու իմ նմանակումներով։ Կարծում եմ՝ մեր հանդիսատեսը տափակ հումոր չի սիրում, պետք է շատ աշխատենք, որ հայերի քիմքին հարիր հումոր ներկայացնենք։ Փորձում ենք Հայաստանի հանդեպ հարգանք ու սեր արթնացնել”։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին