×


Անահիտ Կիրակոսյան.“Աղջիկներիս արարքից հուզվեցի եւ արտասվեցի”

Անահիտ Կիրակոսյանը 2012 թվականի փետրվարի 6-ին դարձավ Արտակ Սարգսյանի կինը: Դերասանուհին իր ամուսնու հետ երեկ երեկոյան ռոմանտիկ ընթրիքով նշանավորել է համատեղ կյանքի երկու տարին.“Երկուսս էլ աշխատանքի էինք, այդ պատճառով կարծում էի` միայն իրար շնորհավորելով կսահմանափակվենք, բայց նա ծաղիկներով տուն վերադարձավ, որից հետո առանց երեխաների ժամանցի վայրերից մեկում նշեցինք մեր օրը”:

Արտակ Սարգսյանը եւ Անահիտ Կիրակոսյանը նշել են ամուսնության 2-ամյակը


Նա նշում է, որ գտել է երջանկությունը եւ փորձում է ընտանիքի յուրաքանչյուր օրը երջանիկ դարձնել.“Համատեղ կյանքը փորձություն է: Սիրահարվել ու ընկերություն անելն ընդամենն ամիսներ են, իսկ ամուսնությունը լուրջ պատասխանատվություն է: Շնորհակալ եմ Աստծուն, որ հանդիպեցի Արտակին, նա լիակատար իմ երկրորդ կեսն է: Ասում են` չկա երջանկություն, կան երջանիկ պահեր, բայց ես էլ կարող եմ ասել, որ ամեն րոպե կարող ես ստեղծել քո երջանիկ պահը:): Ընտանիքս առաջին տեղում է: Բնականաբար, նաեւ լիարժեք եմ զգում, որ կարողանում եմ համատեղել իմ սիրելի աշխատանքի հետ”:

Ինը վարդ եւ արցունքներ :)

Անահիտը պատմել է, որ նախորդ տարի ամուսնության մեկամյակի առթիվ դուստրերը` Լաուրան եւ Աննան, իրեն անսպասելիորեն հուզել են.“Նրանց ուղարկել էի խանութից հաց գնելու, ուշացան, արդեն անհանգստանում ու բարկանում էի, երբ վերադարձան գեղեցիկ վարդերով ու շնորհավորեցին:): Նրանց գումար չէի տվել, բայց իրենք հավաքել էին հատուկ այդ օրվա համար, հետո պատմեցին, որ գումարը բավականացրել է 8 վարդի համար, իսկ վաճառողը, տեսնելով, թե ինչքան ոգեւորված են, մեկ վարդն էլ նվեր է տվել: Աղջիկներիս արարքից եւ ուշադրությունից հուզվեցի ու արտասվեցի, իսկապես դա ավելին է, քան նյութական մեծ նվերը”:

Արտակ Սարգսյանը եւ Անահիտ Կիրակոսյանը նշել են ամուսնության 2-ամյակը


Հարսանիքի ամենազվարճալի դրվագը

Հիշելով իր հարսանեկան արարողությունը` 23-ամյա դերասանուհին BRAVO.am-ին պատմել է այն դրվագը, որը միշտ ժպիտով է հիշում.“Քանի որ մեր աշխատանքի վայրերն իրար շատ մոտ են, ուզում էի ռոմանտիկ տեսարան նկարահանվեր: Ես թատրոնից, նա էլ նախագահականից պետք է քայլեինք Սիրահարների այգի, որ ինձ ծաղիկներ նվիրի: Նրան բարդ էր համոզելը, որ լուրջ դեմքով խաղա, բայց ի վերջո համաձայնեց:): Արտակը ավելի շատ է սիրում լուսանկարել ու լուսանկարվել, քան` ես: Նա է ավելի շատ երեխաներին նկարում ու սոցիալական ցանցերում տեղադրում, իսկ ես, իմ գործի բնույթից ելնելով, սիրում եմ միայն բեմում ու կամերայի առջեւ խաղալ”:

Հեռուստատեսություն եւ սերիալներ

Աշխատելով “Շանթ”-ում` Անահիտը բացի առավոտյան ծրագրից, այժմ նկարահանվում է “Անցյալ ստվերներ” սերիալում, որը հեռարձակվում է դեկտեմբերից: Նա “Գերդաստան”, “Բանակում”, “Քաղաքում” սերիալներում, “Վիտամին” ակումբի հումորային սկետչերում ներկայացել է հիմնականում կատակերգական դերերով եւ իր համար կարեւոր էր թատրոնում դրամատիկ դերերից հետո նաեւ եթերում այդպիսի կերպար մարմնավորել:

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը


“Իզան սթրեսներ տարած, առանց ծնողների մեծացած, գաղտնիքներով լի կյանք ունեցող, հոգեբանական խնդիրներով ամուսնացած կին է: Այս դերս ամբողջովին տարբերվում է նախորդներից Քանի որ հեռուստադիտողների մոտ տպավորվել էի որպես Սուսիկ, շատերն ասում են` “Վայ, ինչո՞ւ ես էդպես տանջված ու տառապած”:  Գործընկերներս էլ մասնագիտորեն գնահատում են ու նշում, որ անճանաչելիորեն փոխվել եմ, ինչն ինձ համար որպես դերասան հաճելի փաստ է, քանի որ կերպարանափոխությունս գնահատվում է”:

Թատրոն ու ներկայացումներ

Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին այժմ նաեւ զբաղված է մի քանի ներկայացման փորձերով.“Վերականգնում ենք մեր հին ներկայացումները, որովհետեւ դերասանների փոփոխություն կա: Չեմ կարծում, թե կգա մեկ օր, որ կձանձրանամ թատրոնից, որովհետեւ դերասանի համար մեկ այլ աշխարհ է, պետք է անընդհատ կատարելագործվես, իսկ հանդիսատեսը չպիտի հասկանա, որ նույն ներկայացումը խաղում ես 40-րդ անգամ”:

Անահիտ Կիրակոսյանը եւ Արտակ Սարգսյանը` որդու հետ


Անահիտն իր մեկամյա տղային` Հայկին, թատրոն կտանի, երբ նա դառնա 3 տարեկան, իսկ մեծ աղջիկները` Լաուրան եւ Աննան, գրեթե միշտ դերասանուհու կողքին են լինում.“Ոչ միայն դիտում են, այլեւ լինում են կուլիսներում, գիտեն բեմի բոլոր գաղտնիքները:): Վաղը` փետրվարի 8-ին, խաղալու ենք “Գեղեցկուհին եւ հրեշը” մանկական երաժշտական ներկայացումը: Մանուկների համար մեծ սիրով եմ խաղում, նրանց ստելը շատ դժվար է, քանի որ մուլտֆիլմերից հետո գալիս են թատրոն` նոր բան տեսնելու ակնկալիքով: Այս ներկայացումն ինձ համար առանձնանում է նրանով, որ ե՛ւ խոսում ենք, ե՛ւ երգում: Հնչող երգերից մեկը ես եմ գրել ու ամեն անգամ հաճույքով եմ կատարում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Անահիտ Կիրակոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին