×


Անդոյի արցունքները, Լիլիի ապտակներն ու Կարոյի հայրենասիրությունը` “Քիթ_Cut”-ում

“Քիթ_Cut” կատակերգության մասին արդեն պատմել ենք: Այսօր ներկայացնում ենք Երեւանի կամերային թատրոնում տեղի ունեցած առաջնախաղի լուսանկարները: BRAVO.am-ի ֆոտոշարքում կտեսնեք նաեւ պրեմիերային ներկա թատրոնի ու կինոյի մի շարք ներկայացուցիչների:

Կարապետ Բալյանը, Լիլի Միքայելյանը եւ Անդրանիկ Հարությունյանը


Դերակատարներ Անդրանիկ Հարությունյանը, Կարապետ Բալյանը, Լիլի Միքայելյանն ու խոսող, սուրճ եփող ռոբոտը հանդիսատեսին տեղափոխում են 2080 թվական: Հեղինակների երեւակայությամբ Հայաստանի տարածքը կազմելու է 300.000 քառ. կմ, հարեւան պետություններից են լինելու Վրաստանը` Թբիլիսի մայրաքաղաքով,  Իրանը` Թեհրան մայրաքաղաքով, Ադրբեջանի ինքնավար մարզը` Բաքու մարզկենտրոնով: 

Կարոն դիմում է Անդոյին.“Մեծ քիթ ունես, բայց քթածակ ընդհանրապես չունես. չե՞ս հասկանում, որ պետք չէ տեսարժան վայրերը քանդել ու տեղը սրճարան կառուցել, Գեղարդ ջան”:

"Քիթ_Cut" ներկայացման պրեմիերային


Ըստ սյուժեի` 2080 թվականին միակ հայերը, որոնք մեծ քիթ ունեն, դասընկերներ Անդոն ու Կարոն են: Նրանք երկընտրանքի առջեւ են կանգնած, քանի որ 3 սմ-ից երկար քիթ ունեցող մարդիկ պետք է տուգանք մուծեն: Կարոն ընկերոջը փորձում է համոզել, որ չվիրահատի քիթը եւ պահպանի իր տեսակը.“Մեղավո՞ր եմ, որ հայ լինելու համար պետք է վճարել…”:

Արմեն Վարդանյանի եւ Էդգար Կոստանդյանի սցենարով ուտոպիստական պատմության մեջ անդրադարձ կա ինչպես նորագույն տեխնոլոգիաներին, այնպես էլ հայի գենի պահպանմանը, հայկական շոուբիզնեսին, քաղաքականությանը, սպորտին:

Անդրանիկ Հարությունյանը` "Քիթ_Cut" ներկայացման պրեմիերային


Անդրանիկ Հարությունյանն առաջնախաղից հետո BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իր ակնկալիքներն արդարացել են, սպասվածից ավելի շատ դրական լիցքեր է  ստացել հանդիսատեսից.“Դահլիճում նստած էին մարդիկ, որոնք ժպտում էին, իսկ երբ լսում ես քեզ ծանոթ մարդկանց ծիծաղը, արդեն շատ ոգեւորիչ է: Որոշակի կիքսեր կային, բայց ես գոհ եմ. ամեն ծափից իմ աչքերից արցունք էր գալիս”:

Լիլի Միքայելյանն այս ներկայացման համուհոտն է. նա սկզբում գյումրեցի կնոջ կերպարում է, հետո դառնում է հաղորդավարուհի, մատուցողուհի, այնուհետեւ վիրաբույժ, ով պետք է վիրահատի ամենամեծ քիթ ունեցող երկու հային.“Մինչեւ բեմ բարձրանալու վերջին րոպեն մտավախություն ունեի, որ չեմ հասցնի կերպարանափոխվել: Ինձ ամենից հոգեհարազատը “լեննագանցի լաչառ” կնոջ կերպարն է: Պիեսում նախապես գրված չէր, բայց փորձերի ընթացքում որոշեցինք, որ պետք է գյումրեցու բարբառով խոսեմ: Շատ եմ սիրում ապտակների տեսարանը. իրար խփում ենք, հետո ես սինիով եմ հարվածում:)”

Կարապետ Բալյանը` "Քիթ_Cut" ներկայացման պրեմիերային


Բեմադրության ռեժիսոր եւ դերասան Կարո Բալյանի առաջարկով է Լիլին ընդգրկվել դերասանական կազմում: Ի դեպ, երկուսն էլ Նիկոլայ Ծատուրյանի ուսանողներն են եղել.“Կարոն ինձ գիտի դեռ Թատերական ինստիտուտից, քանի որ մեր կուրսին դասավանդել է: Սրտանց աշխատել եմ, որ լավ արդյունք ստանանք: Կարծում եմ` այս պատմությունը կհետաքրքրի ինչպես երիտասարդներին, այնպես էլ տարեցներին”:

“Քիթ_Cut” ներկայացումը յուրաքանչյուր երկուշաբթի կարող եք դիտել Կամերային թատրոնում:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին