×


Անդրանիկ Արզումանյան.“Ցանկանում եմ Օպերային թատրոնում վերականգնել լավ ավանդույթները”

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն այս տարվա ապրիլից ղեկավարում է Անդրանիկ Արզումանյանը: BRAVO.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել նորանշանակ տնօրենի հետ, ով անդրադարձել է թատրոնի խնդիրներին, նոր նախաձեռնություններին, սպասվող փոփոխություններին, հյուրախաղերին եւ ոչ միայն:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը


-Ինչպե՞ս կգնահատեք Օպերայի եւ բալետի թատրոնի վիճակն այն պահին, երբ տնօրեն նշանակվեցիք:

-Երկրում չեմ եղել, դրա համար էլ դժվարանում եմ գնահատական տալ կամ համեմատել: Բայց մեկ բան միանշանակ է. թատրոնի վիճակն այնքան վատ չի եղել, որքան նկարագրում են: Մեծ կազմ ունեցող ցանկացած հիմնարկություն, բնականաբար, ունենում է իր խնդիրները: Մեր նպատակն էլ այդ բոլոր խնդիրները հաղթահարելն է:

-Այդ դեպքում ի՞նչ եք հասցրել իրականացնել Ձեր տնօրինության վեց ամսվա ընթացքում:

-Նախ` թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային էական փոփոխություններ. բացվել են նոր բազմաթիվ բաժիններ, որոնք, վստահ եմ, անհրաժեշտ են 21-րդ դարում: Օրինակ, արդեն ակտիվորեն գործում է մեր մենեջմենթի բաժինը, արդյունքում համերգներին ունենում ենք լի դահլիճ:

Երկրորդ կարեւոր քայլը անձնակազմի որակավորում իրականացնելն էր: Ցավով եմ նշում, բայց ստիպված էինք հրաժեշտ տալ մի քանի աշխատակցի: Նաեւ նշեմ, որ Հայաստանի կառավարության եւ մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ մոտ երեք անգամ աճել է մեր աշխատակիցների աշխատավարձը:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներին


-Նաեւ հասցրել եք նվաճել Մարիինյան թատրոնի բեմը:):

-Այո, օգոստոսին “Գայանե” բալետը ներկայացրինք Սանկտ Պետերբուրգի թատրոնում, որն ամենահեղինակավորներից է այս ոլորտում: Կարող եմ հպարտությամբ նշել, որ փայլուն ելույթներ ունեցանք ու բարձր գնահատականի արժանացանք թե՛ ռուս քննադատների, թե՛ հանդիսատեսի կողմից:

Սեպտեմբերի 1-ին Շուշիում ներկայացրինք Տերտերյանի “Կրակե օղակ” օպերան: Հույս ունեմ մինչեւ տարեվերջ կամ հունվարին ներկայացնել “Ժիզել”, “Կարմեն” եւ “Լորկիանա” բալետները. զգեստների եւ դեկորների պատրաստման փուլում ենք: Կունենանք նորանոր պրեմիերաներ եւ կհարստացնենք խաղացանկը: Կարծում եմ` Օպերային թատրոնը պետք է ամեն օր հանդես գա ներկայացմամբ:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը


-Նոր հյուրախաղեր սպասվո՞ւմ են:

-Սեպտեմբերին պետք է մեկնեինք Քաթար` ներկայացնելու “Ռոմեո եւ Ջուլիետ” բալետը, սակայն հրավիրող կողմը խնդիրներ ունեցավ, եւ ելույթը, հավանաբար, տեղի կունենա դեկտեմբերին: Դեռեւս բանակցային փուլում են Լիբանանում եւ հարակից քաղաքներում կայանալիք համերգները:

Շրջագայում ենք Հայաստանի մարզերով: Օրինակ` օրերս մեր սիմֆոնիկ նվագախումբն ու առաջատար մի քանի երգիչ բարեգործական նախաձեռնության շրջանակում հանդես եկան սահմանամերձ գոտիներում, զորամասերում: Ի դեպ, պարբերաբար հրավիրում ենք մարզերի դպրոցականներին` անվճար դիտելու մեր ներկայացումները: Արդեն ընդունել ենք 1500-ից ավելի երեխայի եւ հուսով ենք, որ սա բարի ավանդույթի կվերածվի:

-Նոր նախաձեռնություն է նաեւ օպերա-տուրը:

-Այո, կազմակերպում ենք բաց դռների օր. մարդիկ կարող են շրջել եւ ծանոթանալ թատրոնին:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներին


-Դուք Երեւանի սրտում գտնվող կարեւոր ու խորհրդանշական հաստատություններից մեկի տնօրենն եք: Որքանո՞վ եք զգում այդ պատասխանատվությունը:

-Ծնվել ու մեծացել եմ Օպերային թատրոնին հարակից տներից մեկում, մանկությունս այս բակում է անցել, բայց չէի պատկերացնում, որ կգա մի օր, եւ ինձ նման կարեւոր պաշտոն կվստահեն: Հպարտություն է երեւանցու համար աշխատել քաղաքի ամենակարեւոր կառույցներից մեկում:

-Որո՞նք են թատրոնի առաջնային նպատակները:

-Վստահ եմ, որ մենք կարող ենք իրականացնել մեր առջեւ դրված բոլոր նպատակները, դրա համար պարզապես պետք է աշխատել, լինել ազնիվ, ցանկություն ունենալ եւ սիրել աշխատանքը: Ամեն ինչ մեզնից է կախված, հուսով եմ` յուրաքանչյուրը զգում է այդ պատասխանատվությունը: Իհարկե, կան շատ խնդիրներ, եւ որպես տնօրեն իմ առջեւ խնդիր եմ դրել, որ մոտ երկու տարվա ընթացքում մեծ նվաճումներ կգրանցենք: Ցանկանում եմ` Օպերային թատրոնը, վերականգնելով լավ ավանդույթները, կրկին վայելի այն մեծ համբավը, որ ունեցել է իր պատմության ընթացքում:

Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին