×


Անդրե Սիմոնյանը` “RiverFest”-ի եւ արվեստի միջոցով սոցիալական բարեփոխումների մասին

Օգոստոսի 15-ին եւ 16-ին Գետամեջում տեղի կունենա “RiverFest” փառատոնը, որի հասույթը կտրամադրվի գյուղի դպրոցի վերանորոգմանը: 20-ից ավելի խմբեր երաժշտության միջոցով կբարձրաձայնեն սոցիալական մի շարք խնդիրներ, նաեւ կփորձեն նպաստել Հայաստանում փառատոնային մշակույթի ձեւավորմանը: “RiverFest”-ին մասնակցող ռոք-բենդերի թվում է “The Beautified Project”-ը, որի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը միջոցառման կազմակերպիչներից է:

Անդրե Սիմոնյանը` Միացյալ Նահանգներում


Ի դեպ, նա վերջերս մասնակցել է ԱՄՆ կառավարության “Սոցիալական բարեփոխումներ արվեստի միջոցով’’(“Social Changes Through The Art’’) նախագծին` դառնալով Հայաստանի առաջին պատվիրակը: Հենց այս թեմայով էլ BRAVO.am-ը զրուցել է երաժշտի հետ:

-Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հենց քեզ առաջարկեց մասնակցել նախագծին:

-Հավանաբար, պատճառն այն է, որ մեր խումբը մշտապես բարձրաձայնում է տարբեր խնդիրներ. մասնակցել ենք կանանց բռնության դեմ ակցիաների, աջակցել ենք գյուղերում դպրոցների վերանորոգման աշխատանքներին, առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար կազմակերպել ենք բարեգործական համերգներ եւ այլն:

21 օրվա ընթացքում 24 երկրի ներկայացուցիչներով այցելեցինք Նյու Յորք, Քլիվլենդ, Նյու Մեքսիկո, ծանոթացանք այնտեղ ապրող ու ստեղծագործող արվեստագետների հետ եւ հասկացանք, որ բազմաթիվ խնդիրներ լուծելի են դառնում, եթե հաջողվում է դրանք բարձրաձայնել արվեստի միջոցով:

Անդրե Սիմոնյանը` Միացյալ Նահանգներում


-Ի՞նչն է ամենից շատ տպավորել ուղեւորությանդ ընթացքում:

-Շատ տպավորիչ էր ծանոթանալ մահապատժի ենթարկված բանտարկյալների արվեստին եւ ոչ միայն: Ակնհայտ է` արվեստի միջոցով կարելի է դարձի բերել նույնիսկ կործանված մարդկանց: Հանդիպել ենք արվեստի իսկական նվիրյալների, որոնք խնդիրներ են բարձրաձայնում եւ փորձում լուծել իրենց աշխատանքի միջոցով: Քլիվլենդն այսօր աղքատության մեջ է: Տեղի արվեստագետները բնակիչներին քաջալերում են եւ հավատացնում, որ ամեն ինչ լավ է լինելու, ինչը պայքարելու ուժ է տալիս:

Այս նախագծին մասնակցությունը մեծ պատասխանատվություն եւ փորձառություն էր ինձ համար: Այժմ ինքս կարող եմ քաջալերել հայ արվեստագետներին ավելի ակտիվ լինել այս ոլորտում:

Անդրե Սիմոնյանը` Միացյալ Նահանգներում


-Քեզ հուզող ամենաարդիական խնդիրը:

-Մեր իրականությունում առաջնային եմ համարում տարեց մարդկանց բարեկեցությունը: Ուզում եմ, որ նրանք լավ պայմաններում ապրեն, եւ կարծում եմ` լուծում գտնելը մեր` երիտասարդներիս պարտականությունն է:

-Որքանո՞վ ես կարեւորում Հայաստանի մասնակցությունը նախագծին:

-Հասկացա, թե ինչքան քիչ բան է արվում մեր երկրում արվեստի միջոցով: Սոցիալական կամ քաղաքական բարեփոխումները պարզապես անհնար են առանց արվեստի միջամտության: Նախագիծն արվեստագետներին համախմբելու հիանալի առիթ էր: Ուզում եմ, որ մեր կողքին բնակվող արտիստները` ռեժիսորները, դերասանները, երգիչները, դիզայներները, լուսանկարիչները եւ մյուսները հասկանան` կարող ենք տարբեր հարցեր լուծել եւ օգնել շատերին:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անդրե Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին