×


Անիի, Լուիզայի, Արփինեի, Նառայի եւ մյուսների “սիրային դետեկտիվները”:)

Ի՞նչ գրքեր են այժմ կարդում հայ դերասանները, երգիչներն ու այս ոլորտի ներկայացուցիչները: BRAVO.am-ի հետ զրույցում Անի Պետրոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Նառան, Մարջան Ավետիսյանը, Արփինե Գաբրիելյանը, Արամ MP3-ը խոսել են իրենց կարդացած գրքերի, սիրելի գրողների մասին:

Լուիզա Ներսիսյանը(Լուսանկարը` IQ ամսագրի)


Լուիզա Ներսիսյանը հիասթափվել է


Էքզյուպերիի  “Փոքրիկ իշխան”-ը եւ Մարկեսի “100 տարվա մենություն”-ը Լուիզա Ներսիսյանի ամենասիրելի գործերից են. “Առաջինը դրոշմվել է հիշողությանս մեջ դեռ մանկուց, կյանքի ընթացքում պարբերաբար վերհիշում եմ ու ընկալում իմաստը, իսկ Մարկեսի գործը լավագույններից մեկն է, որը խորհուրդ կտամ կարդալ”:

Դերասանուհին մեզ հետ զրույցում նշել է, որ այժմ հետաքրքրված է Պաուլո Կոելյոյի “11 րոպե”-ով. “Անկեղծ ասած, գիրքն ինձ պետք էր կարդալ` հերոսուհու կերպարն ուսումնասիրելու համար: Մեծ մասամբ, գեղարվեստական գիրք կարդալուն զուգահեռ, լուրջ գրականություն եմ կարդում, նոր աֆորիզմներ եմ գտնում”:

Լուիզան նաեւ փորձել է նույն ստեղծագործության գիրքն ու ֆիլմը համեմատել եւ արդյունքում նախապատվությունը տվել է առաջինին. “Գիրքը կարդալուց հետո, երբ ֆիլմն ես նայում, հիասթափվում ես: Սիրում եմ հենց գիրքը կարդալ, համացանցում էլ ավելի շատ պիեսներ եմ փնտրում, ցավոք, հայերեն թարգմանությամբ ժամանակակից գործերը շատ քիչ են, հիմնականում դրանք կարդում եմ ռուսերենով: Երբեմն էլ չեմ գտնում ու անգլերեն եմ կարդում, ինչպես օրինակ՝ Ալան Վոթսի գործերը”:

Անի Պետրոսյանը


Անի Պետրոսյանը սիրում է

Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Անի Պետրոսյանը, որը նաեւ նկարահանվում է սերիալներում, նույնիսկ դրանցից մեկի համար արված գրքային լուսանկար ունի. “Վերջերս էլեկտրոնային տարբերակով Մարքիզ դը Սադ կարդացի, բայց կիսատ թողեցի, որովհետեւ հիասթափվեցի. այնքան սեւ էներգիա կար, տհաճ էր, ոչ ոքի խորհուրդ չեմ տա կարդալ: Դասականներից մեծ մասին ծանոթ եմ, մանկուց սիրել եմ կարդալ, նույնիսկ փոքր ժամանակ, երբ գիշերն ուշ ժամերին էի կարդում, տանը բարկանում ու լույսն անջատում էին:

Ավելի ուշ՝ ուսանողական տարիներին պարտադիր գրականության ցանկ էին տալիս: Կատակով ասում էինք, որ մեկ կիսամյակի գրքերն իրար վրա դնենք, մեր բոյից բարձր կլինի: Վերջին շրջանում արտասահմանյան ժամանակակից գործերն եմ ուսումնասիրում, հետո ամենամտերիմ ընկերուհիներիս փոխանցում եմ, որ կարդան, բայց գրքերս պարտադիր հետ եմ վերցնում”:

Անի Պետրոսյանը նշել է, որ երբեմն որպես նվեր գրքեր է ստանում. “Կուրսիս տղաներից մեկը՝ Արտաշեսը, որն իմ կնունքի կնքահայրն է, միշտ ինձ գրքեր է նվիրում, մայրս էլ տարբեր առիթներով նվիրել է, արդյունքում մեծացել է մեր տան գրապահարանը”:

Համո Սահյանը դերասանուհու ամենասիրելի հայ բանաստեղծն է. “Նորից ու նորից կարդում եմ ինձ հարազատ բանաստեղծությունները, նաեւ Սեւակի բանաստեղծությունների ոճն եմ սիրում, հայերենով շատ գեղեցիկ է հնչում”:

Նառան


Նառա. “Այո՛, այո՛, հիշեցի”

Նառային այժմ ավելի հետաքրքրում են էզոթերիկ, հոգեբանական գրքերը, իր սեղանի գրքերից մեկը ռուս հոգեբան, գրող Սերգեյ Լազարեւի “Диагностика кармы” գիրքն է: Երգչուհին նախընտրում է ընթերցել միայն տպագիր գրքեր՝ ռուսերեն լեզվով. “Դպրոցում ռուսական կրթություն եմ ստացել: Կարծում եմ՝ ճիշտ է, որ դպրոցականներին շատ գրքեր են հանձնարարում ու պարտադրում են կարդալ, որովհետեւ շատ բան ես քաղում, հետագայում ավելի լավ ես կողմնորոշվում եւ արդեն ունենում ես քո նախընտրած գրական ժանրերը”:

Որքան մարդ, այնքան էլ ճաշակ. գրքերի հարցում երգչուհու կարծիքն այսպիսին է. “Ամեն մարդ կարդալով պետք է գտնի իրեն հոգեհարազատը. մեկը դետեկտիվ գրականությունից է բավականություն ստանում, մյուսն էլ սիրային դրամաներ է նախընտրում կարդալ: Օրինակ՝ ես դետեկտիվով շատ հետաքրքրված չեմ”:

Այն հարցին, թե հայ գրողներից ում գործերն է նախընտրում ընթերցել, նա սկզբում հիշեց բանաստեղծությունը՝ “Օտար, ամայի ճամփեքի վրա”, հետո հեղինակի անունը. “Այո՛, այո՛, հիշեցի, Ավետիք Իսահակյան:)”:

Արամ MP3-ը


Արամ MP3-ը  չի կարդում

Արամ MP3-ը BRAVO.am-ին անկեղծորեն ասաց, որ ներկայումս որեւէ գիրք չի կարդում: Հումորիստը մեզ հետ զրուցելու պահին ավտոմեքենայի ղեկին էր, եւ միայն հասցրինք պարզել, թե որն է նրա ամենասիրելի գործը:). “Բայց սիրելի գրքերն այնքան շատ են, չգիտեմ՝ որն ասեմ:): Իմ մեջ տպավորվել են Չեխովի պատմվածքներն ու պիեսները, հատկապես` “Բալենու այգին””:

Մարջան Ավետիսյանը


Մարջան Ավետիսյանը` “Հին աստվածներ”-ում

Սունդուկյանի անվան թատրոնի մեկ այլ դերասանուհի Մարջան Ավետիսյանը ներկա պահին ընթերցում է ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի “Хроника заводной птицы” ստեղծագործության ռուսերեն տարբերակը. “Այս գրողն ինձ հետաքրքրում է, որոշեցի կարդալ”: Մարջանի ամենասիրելի գիրքը ֆրանսիացի երգչուհի ու դերասանուհի Էդիթ Պիաֆի կենսագրականն է.“Ես սիրում եմ հենց թղթից գրքերը կարդալ, էլեկտրոնային տարբերակով հաճույք չեմ ստանում”:


Ինչպես նշել է դերասանուհին, նախընտրելով ռուս եւ արտասահմանյան գրականություն, հայ գրողների գրվածքներին եւս ծանոթ է. սիրում է Լեւոն Շանթի գործերը. “Նա որպես դրամատուրգ ինձ համար տարբերվում է մյուսներից: “Հին աստվածներ”-ը մեր թատրոնում արդեն 14 տարի խաղացանկում է, ես էլ այդ ներկայացման մեջ խաղում եմ, բայց մասսայական տեսարանում”:

Արփինե Գաբրիելյանը


Արփինե Գաբրիելյանը` սիրային  դրամաների  փուլում

Հաղորդավար, երգչուհի Արփինե Գաբրիելյանը ներկա պահին որեւէ գիրք չի կարդում, իսկ վերջին կարդացած գիրքը եղել է Ռիչարդ Բախի “Ջոնաթան Լիվինգսթոնի Ճայը”. “Սիրում եմ Սելինջերի գործերը, ինձ համար հետաքրքրիր գրող է, իսկ հայ հեղինակներից Հրանտ Մաթեւոսյանի պատմվածքներն եմ սիրում”:

Նա եւս նախընտրում է կարդալ տպագրված գրքեր, նշեց, որ երբեմն որպես նվեր գիրք է գնում. “Գրքի հոտը, էջեր թերթելն ուրիշ է, չնայած` շատերը մտածում են ինտերնետով ամեն գիրք էլ կարելի է գտնել, այլեւս նվիրելու իմաստ չկա: Հիշում եմ՝ մոտ երկու տարի առաջ Նյու Յորքի պատմության մասին գիրք գնեցի ու նվիրեցի: Իմ կարծիքով՝ հետաքրքիր ու ռոմանտիկ է գիրք նվիրելը”:

“Հիմա ինձ հետաքրքրում են սիրային դրամաները, երեւի կյանքի այդ փուլում եմ”, - ասել է Արփինեն ու հավելել, որ սիրում է նույն գործի ֆիլմն ու գիրքը համեմատել. “Հանրահայտ “Պարֆյումեր” ֆիլմը դիտել եմ 5-6 անգամ, հետո նոր կարդացել եմ գիրքը: Հասկացա, որ  կարող էի սկզբում կարդալ գիրքն ու ընդհանրապես չնայել ֆիլմը:)”:

Շարունակելի... :)

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին