×


Անի Երանյանի անձնական կյանքի «գաղտնիության քողը»

Անի Երանյանը նախորդ ամիս BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում առաջին անգամ խոսեց Մոսկվայում բնակություն հաստատելու եւ կյանքի նոր մարտահրավերների մասին: 40 հազարից ավելի դիտում գրանցած հրապարակումը լայնորեն քննարկվեց, ոմանք էլ դերասանուհու որոշումը պայմանավորեցին անձնական խնդիրների, հղիության հետ, ինչը նա իբր գաղտնի է պահում: Հենց այդ «գաղտնիության քողն» էլ կփորձենք հանել այս անգամ՝ ներկայացնելով զրույցի երկրորդ հատվածը:):

Անի Երանյանը


«Մտածում են` հղի եմ»

Ամեն տարի ինձ հետ կապված համընդհանուր քննարկման մի թեմա լինում է: Մի շրջան փոքր-ինչ գիրացել էի, եւ կայքերը գրեցին, որ հղի եմ: Մեկ շաբաթ ամեն օր հետեւել ենք, թե ինչ զարգացումներ են լինելու: Նյութերի վերնագրերն այնքան ծիծաղելի էին. նախ գրել էին` «Հղի՞ է», հետո հաստատել էին, այնուհետեւ ենթադրյալ երեխայի հայրիկի անունն էին գրել:): Հետո հայտարարեցին` «Անին գնացել է ԱՄՆ, որ ազատվի երեխայից», իսկ նիհարելուցս հետո էլ գրեցին, որ ազատվել եմ: 

Մինչ օրս իմ ավտովթարի հետ կապված լուրեր են շրջանառվում. վերջերս ծանոթներիցս մեկին վստահեցրել էին՝ «Անին այդ ժամանակ լողազգեստով է եղել», նա էլ հարցրել էր` արդյոք դեպքի վայրում է եղել ու իր աչքով է տեսել, եւ ստացել էր հետեւյալ պատասխանը` «Հորս արեւ»:

Օրերս էլ մի նյութ էին ուղարկել, որը վերնագրված էր` «Եթե Անի Երանյանը այսպես շարունակի, շուտով կմահանա»: Ամենավատն այն է, որ շատերը միայն վերնագիրն են կարդում, ու մարդիկ կան, որ այսօր էլ երեւի մտածում են` հղի եմ:

«Երբ պապիկս մահացավ…»

Իմ կյանքի յուրաքանչյուր վատ շրջանից հետո հասկացել եմ, որ ուժեղ եմ: Իրավունք էլ չունեմ թույլ լինել, ժամանակ չկա դրա համար, իսկ կան մարդիկ, որ ամեն ինչ այնքան ծանր են տանում. լացում են, օրերով տնից դուրս չեն գալիս: Զրպարտություններից ոչ մի վայրկյան չեմ նեղվում, երբեւիցե դրանց պատճառով չեմ արտասվել:

26 տարվա մեջ ամենադժվար շրջանն ապրել եմ 17 տարեկանում, երբ պապիկս մահացավ: Նա էր մեր տան հույսն ու ամեն ինչը: Բայց այդ էտապն էլ հաղթահարեցինք: Այդ տարիքից սկսեցի աշխատել ու ուժերիս ներածին չափով պահել ընտանիքս: Ինչքան էլ հեշտ թվա, մեր ոլորտում դժվարությունները շատ են: Բայց ես կարող եմ հստակ եւ բաց ճակատով ասել, որ երբեւիցե որեւէ մեկն ինձ համար չի բարեխոսել այս կամ այն ֆիլմում, ծրագրում նկարահանվելու համար: Չկա մեկը, առավել եւս` տղամարդ, որ կարող է իր շրջապատում նման բան ասել: 

«Կինը հրաշքներ է գործում»

Իմ բոլոր ժամանակների կնոջ իդեալը մայրս է, ինչպես եւ տղամարդու իդեալը՝ հայրս: Իսկ առհասարակ, իդեալիզմն ինձ համար չէ: Կին լինելն արդեն տեսակ է: Մի միտք կա, որը ռուսերեն շատ լավ է հնչում՝ «Для того чтобы понять женщину, нужно ею быть»: Իսկապես, կինը հրաշքներ է գործում. մարդ է ձեւավորվում կնոջ արգանդում, հենց նրան է տրված այդ առաքելությունը՝ կոչվել մայր: Հենց նա է դաստիարակում մարդ եւ լինում հրաշալի կողակից ու ընկեր ամուսնու համար: Չէ՞ որ ոչ մի տղամարդ չի պատկերացնում իր կյանքն առանց կնոջ: Կինը գեղեցիկ է, անսահման ուժեղ եւ համբերատար, կամակոր եւ նեղացկոտ, նորաղամիտ, տիրապետում է մանիպուլիացիայի արվեստին, իսկ վերջում շատ գեղեցիկ ձեւով հասնում է իր ուզածին, չէ՞ որ դա շատ կարեւոր է: Ի վերջո, կնոջ պատճառով են եղել պատերազմներ, հաշտություններ, եւ դեռ կլինեն:

Անի Երանյանը


«Եթե սխալվել եմ»

Միշտ պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե սխալվել եմ: Իհարկե, եղել են նման դեպքեր: Ցավացնել մարդուն եւ ներողություն չխնդրել, նշանակում է եւս մեկ անգամ ցավ պատճառել: Ես, միանշանակ, ներում եմ իմ ներսում, բայց չեմ մոռանում: Հիշաչար չեմ, ուղղակի հիշողությունս է շատ լավ: Լինում են դեպքեր, որ ներելուց հետո, միեւնույն է, ոչինչ չի փոխվում, այդ մարդը մեկընդմիշտ իմ շրջապատից եւ իմ սրտից դուրս է գալիս: Չնայած` ինչ ներելու մասին է խոսքը. եթե Աստված մեզ ամեն օր է ներում, ո՞վ ենք մենք, որ միմյանց չներենք:

«Սերը չի մեռնում»

Այժմ էլ այն կարծիքին եմ, որ եթե սիրում ես, չես կարող մի օր արթնանալ եւ հասկանալ, որ զգացմունքն անհետացել է: Պարզապես դիմացինի քայլերը շատ դանդաղ սպանում են քո սերը: Դրա համար էլ կարծում եմ, որ սերը չի մեռնում, նրան սպանում են:

«Չեմ վախենում «տանը մնալուց»»

Դեռ չեմ մտածում ընտանիք կազմելու, մամա դառնալու մասին, չնայած` մեկ-մեկ ուզում եմ երեք-չորս տարեկան երեխա ունենալ, սիրուն հագցնել, որեւէ տեղ տանել: Անձնական կյանքումս ամեն ինչ լավ է, բայց այնպես էլ չէ, որ վաղը կամուսնանամ:

Վաղ ամուսնության միակ դրական կողմն այն է, որ երիտասարդ ծնող ես լինում` ինչպես իմ ծնողները: Դեռ պատրաստ չեմ դրան. իմ ազատությունը շատ կարեւոր է, պաշտում եմ այն: Շուշան տատիկս միշտ ասում է՝ «Քո հարսանիքն էլ տեսնեմ, Անի ջան, ու էլ ոչինչ չեմ ուզում»: Ես էլ պատասխանում եմ, որ այդ դեպքում  50-ում նոր կամուսնանամ:): Չեմ վախենում «տանը մնալուց», եթե չամուսնանամ, ուրեմն ինձ համար այդպես ավելի լավ է: 

Երկրպագուների պակաս չունեմ, բայց ամուսնական կյանքին պատրաստ չեմ, ներվ չունեմ, դեռ ժամանակը չէ: Չնայած` կնոջ համար աշխարհի ամենալավ հաճույքն է մայր լինելը: Չկա կատարյալ մարդ, բոլորս էլ հարմարվում ենք միմյանց:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Երանյանի արխիվից  եւ Արմեն Աղայանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին