×


Անի Երանյանն առաջին անգամ խոսում է իր նոր կյանքի եւ Մովսեսի նշանդրեքի մասին

Անի Երանյանը տեւական ժամանակ է` հարցազրույցներ չի տալիս, եւ միայն BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում համաձայնել է առաջին անգամ խոսել իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների, ավտովթարի հետեւանքների, նախկին ընկերոջ նշանադրության եւ այլ թեմաների շուրջ: Դերասանուհին մեզ է տրամադրել նաեւ իր ամենաթարմ ֆոտոշարքը, որի հեղինակն է Արմեն Աղայանը:

Անի Երանյանը


«Ոչ ոք չգիտի` իրականում ինչ է կատարվել»

Գիտեք, իրականում շատ վիրավորված էի իմ ժողովրդից, անգամ բաց նամակ եմ հղել: Երբ մարդ վատ վիճակում է, չի կարելի նրա վրա քար գցել, եթե դու իր հագած կոշիկներով չես քայլել: Ոչ ոք վթարի վայրում չի եղել ու չգիտի` իրականում ինչ է կատարվել: Շատ տարբեր խոսակցություններ էին պտտվում` իբր ես եղել եմ դատավորի հետ նույն ավտոմեքենայում, իսկ նրա կինը հետեւել է մեզ, կամ ես հարբած եմ եղել, ինձ պետք է դատեն եւ այլն: Ոչնչի մասին չեմ խոսել, բայց շատ տարբեր բաներ եմ լսել: Յուրաքանչյուրի հետ էլ կարող է նման բան լինել. ոչ ոք ապահովագրված չէ: Իրականում իմ ավտովթարից հետո միայն այնտեղ տեղադրվեցին երթեւեկությունը կարգավորող նշաններ, բայց չեմ ուզում այդ դեպքի մասին շատ խոսել: Ավելի լավ է լռեմ…  Միայն կասեմ, որ մարդ ինչ տեսակի լինում է, ուզում է նույն կերպ դիմացինին տեսնել: Չէի սպասում, որ ոմանք առանց ինձ ճանաչելու այդքան կչարանան ու նման լուրեր կտարածեն:

«Իմ կյանքում վթարը շատ բան փոխեց»

Չեմ հիշում ավտովթարը. ուշքի եմ եկել միայն հիվանդանոցում: Դրանից հետո էլ շատ բաներ չեմ հիշում. վերջերս կուրսեցիներիցս մեկն ասում է, թե տեսակցել է  ինձ, խոսել ենք, բայց ես նման բան չեմ հիշում, թեեւ նորմալ պատասխանել եմ նրա հարցերին: Ճիշտ է` վթարը չեմ հիշում, բայց ենթագիտակցորեն վախ եմ զգում. առայժմ մեքենա չեմ վարում, բայց շուտով կվարեմ:

Անի Երանյանը


Մոտ երկու ամիս պառկած եմ եղել. չէի կարողանում քայլել, բայց չեմ զգացել` ոնց է անցել ժամանակը, որովհետեւ ամբողջ ընթացքում մեր տանը շատ մարդիկ կային, ընտանիքս կողքիս էր: Լավ չէ, որ նման բան եղավ, բայց այս կյանքում ինչ լինում է` լավ նպատակով է լինում. պատահական ոչինչ չի լինում:

Վթարը շատ բան փոխեց: Կարող է վատ հնչի, բայց իրոք շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ շատ լավ զգուշացում արեց: Դրանից հետո այլ մարդ եմ դարձել, կյանքումս շատ մեծ փոփոխություններ են եղել, հասկացել եմ, թե ով է իրական ընկեր, ով է իսկապես ցավում, ով է գալիս խոսակցություններ լսելու կամ ուղղակի նշելու, որ եկել է: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անհանգստացել են, երկրպագուներիս, ինձ համար աղոթողներին: Տարբեր երկրներից զանգահարում ու ասում էին, որ հայերի մի խումբ եկեղեցում մոմավառություն է կազմակերպել ինձ համար եւ այլն:

«Կյանքիս փոփոխության հետ մեկտեղ ոճային փոփոխություն արեցի»


Վթարից հետո շարունակեցի նկարահանվել «Ֆուլ Հաուս»-ում: Դժվար էր, այդքան առողջություն չունեի այդ ռիթմի մեջ լինելու համար, բայց աշխատանքային ընկերներս օգնում էին ու շուտ նկարահանում իմ մասնակցությամբ տեսարանները: Իմ բախտը միշտ բերում է. լավ գործընկերներ եմ ունենում:

Անի Երանյանը


Կյանքիս փոփոխության հետ մեկտեղ ոճային փոփոխություն արեցի` մազերս ներկեցի: Ինքնըստինքյան եղավ. մի օրում եմ որոշել ու արել: Կարծիքները շատ տարբեր էին, մարդիկ կամ հավանում էին, կամ չէ: Բայց ես եմ, իմ մազերը, այս պահին ինձ այսպես դուր է գալիս: Մարդիկ պետք է հասկանան, որ դերասանը ռոբոտ չէ, որ անի այն, ինչ իրենք են ուզում: Ես էլ սովորական մարդ եմ, ուղղակի եթերում շատ եմ երեւում: Միշտ ասում եմ` մարդը կարող է լինել շատ լավ շինարար, բայց հայտնի չլինել, քանի որ նրան ամբողջ օրը հեռուստատեսությամբ ցույց չեն տալիս: Երբ մարդիկ հասկանան, որ դերասանն էլ է մարդ, հանգիստ իրենց կյանքով կապրեն:

«Ինձ չեն սիրում հիմնականում 17-35 տարեկան աղջիկներն ու կանայք»

Նորմալ է` ինձ կարող են չսիրել: Ինձ սիրում են 14-15 տարեկան երեխաները, մեծահասակները, չեն սիրում հիմնականում 17-35 տարեկան աղջիկներն ու կանայք: Միեւնույն է` ունեմ ինձ սիրողների մեծ բանակ, որոնց շնորհակալ եմ: Նրանց շնորհիվ է, որ շարունակում եմ աշխատել ու ինչ-որ բաներ անել: Մնացածի մասին էլ ոչինչ չեմ կարող ասել. թող չսիրեն, դա միայն ուժ է տալիս:

Տարիներ առաջ հանդիսատեսի սերն ավելի շատ էի զգում, քանի որ նոր բան էր ինձ համար, հետաքրքիր էր, հաճելի, անգամ վախեցնող, բայց հետո դա դարձավ կյանքիս ռիթմի մի մասը:

2007-ից ասպարեզում եմ ու ինձ համար նորմալ է դարձել անառողջ քննադատություն լսելը: Մարդիկ արագ ինչ-որ բան են գրում ու երկրորդ պահին մոռանում` ինչ են արել, անցնում են իրենց գործերին: Ուշադրություն չեմ դարձնում մեկնաբանություններին, չեմ պատկերացնում` ինչքան պարապ պետք է լինեն կամ չար, որ նման բան անեն:  Եթե ինչ-որ մեկն ինձ չի հետաքրքրում, չեմ էլ հետեւում նրա քայլերին:

Անի Երանյանը


«Արել եմ, դաս եմ քաղել…»

Այլեւս անձնականս չեմ հանրայնացնի: Ես հասկացա, որ շատ սխալ երեւույթ է: Այժմ անձնականիս վերաբերյալ հարցերին չեմ պատասխանում, չեմ բարձրաձայնում` կա մեկն իմ կյանքում, թե չկա: Այնպես չէ, որ փոշմանել եմ նախկինում արածներիս համար, պարզապես արել եմ, դաս եմ քաղել ու այլեւս չեմ անի: Որպես դերասանուհի պետք է հետաքրքրեմ իմ կարիերայով, դերերով, արածս աշխատանքով, բայց ոչ` անձնականով: Ժամանակին այդպես չէի մտածում, բարձրաձայնել եմ… ժամանակին փոքր էի: Ամեն տարիքում ինչ-որ բան հասկանում ես ու փոխվում, նորմալ է, միշտ պետք է սովորես:

«Եթե Մովսեսը գտել է իր կեսին, ուրեմն պետք է երջանիկ լինի»


Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր կարող են նախկին ընկերոջս` Մովսեսի նշանադրության նյութի տակ ինձ վերաբերող մեկնաբանություններ գրել: Բնականաբար, մարդիկ կարող են ընկերություն անել, իրար չհասկանալ, բաժանվել: Չի կարելի մեզ հուր-հավիտյան կապել միմյանց հետ, որովհետեւ եթե մենք որոշել ենք միասին չլինել, ուրեմն միասին չենք, վերջ: Ինչպես կարելի է նշանադրության նյութի տակ նմանատիպ բաներ գրել… Մարդ պետք է մի քիչ մարդ լինի ու ընդամենը նրանց երջանկություն մաղթի, ուրիշ ոչինչ:

Նշանադրությունից հետո Մովսեսին չեմ տեսել, հիմա կարող եմ այս նյութի միջոցով շնորհավորել նրան եւ երջանկություն մաղթել, որովհետեւ մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք, եւ եթե առիթ է լինում, շփվում ենք հասուն, հասկացող մարդկանց նման: Այնպես չէ, որ եթե  ինչ-որ բան չի ստացվել, մենք թշնամիներ ենք: Այս կյանքում բոլորն էլ պետք է գտնեն իրենց երկրորդ կեսին, ու եթե Մովսեսը գտել է, ուրեմն պետք է երջանիկ լինի:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Աղայանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին