×


Անի Երանյան.“Հիմա կարող եմ ասել, որ պատրաստ եմ…”

Նա 22 տարեկան է, ունի “Միսս աշակերտուհի Հայաստան” տիտղոս, երաժշտական երկու տեսահոլովակ, նկարահանվել է Հանրայինի “Զգուշացիր փողից”, “Աննա”, “Գեներալի աղջիկը” սերիալներում, վարել է “Top 10” ծրագիրը, իսկ այս շրջանում առավելապես հանդես է գալիս որպես բիզնես լեդի եւ զբաղված է իր հիմնած ընկերության աշխատանքներով: Նա Անի Երանյանն է, որը թեեւ վախենում է բարձրությունից, BRAVO.am-ի ֆոտոշարքում նկարահանվելու համար բարձրացել է Երեւանի շենքերից մեկի կտուրը, այն էլ` բարձրակրունկներով:):

Անի Երանյանը


“Փոքր ժամանակ հաճախ ասել եմ` եկեք “տնօրեն-տնօրեն” խաղանք, եւ հիմա իրականում “խաղում” եմ իմ սիրած դերերից մեկը: Բնավորությանս համաձայն` գործընկերներիս հետ հավասար մասնակցել եմ բիզնեսի ստեղծմանը, քանի որ այն իմն է, եւ այս ամենի մեջ ես եմ”,-մեզ հետ զրույցում ասել է Անին` տեղեկացնելով, որ տնօրինում է “Yeranyan Holding” ընկերությունը.“Զբաղվում ենք համերգների, միջոցառումների, շնորհանդեսների, սեմինարների կազմակերպմամբ, տեսահոլովակների, ֆիլմերի եւ գովազդային հոլովակների նկարահանմամբ եւ այլ գործերով”:

Դերասանուհի-երգչուհին բացառում է, որ մի օր գործարարությունը կդառնա իր միակ զբաղմունքը.“Շուրջ հինգ տարի եղել եմ սերիալի մեջ, դա շատ բարդ եւ հոգնեցնող աշխատանք է, եթե հիմա կրկին նկարահանվելու առաջարկ լիներ, հաստատ կհրաժարվեի, բայց ստեղծագործական կյանքն ինձ համար առաջնային է”:

Անի Երանյանը


Մոսկվայից վերադառնալուց հետո Անին գեղարվեստական ֆիլմում գլխավոր հերոսուհու մարմնավորելու առաջարկ է ստացել, ինչպես նշել է` նկարահանումները շուտով կմեկնարկեն.“Երիտասարդների սիրո մասին թեթեւ ֆիլմ է, որը ստեղծում է “Ձեռագիր production”-ը, ռեժիսորը Միքայել Բագրազյանն է, սցենարիստը` Անուշ Պետրոսյանը: Ամեն ինչ պատրաստ է, մնացել է միայն խաղընկերոջս` գլխավոր դերակատարի ընտրությունը”:

Դերասանուհին ցանկանում է կերպարային փոփոխությամբ ներկայանալ հանդիսատեսին.“Լացկան, դրական աղջկա փոխարեն կուզեմ բացասական դեր կերտել: Առհասարակ ցանկացած դեր անհրաժեշտ է ճիշտ խաղալ. եթե, օրինակ, համբուրվելու տեսարանում նկարահանվելու անհրաժեշտություն լինի, եւ զգամ, որ չեմ կարող գեղեցիկ մատուցել, կհրաժարվեմ: Կար ժամանակ, երբ դրան պատրաստ չէի, բայց հիմա կարող եմ ասել, որ պատրաստ եմ”:

Անի Երանյանը


BRAVO.am-ը Անի Երանյանից հետաքրքրվել է նաեւ, թե ինչ է կատարվում նրա կյանքում հանրության աչքերից հեռու:): Նա խոստովանել է, որ վերջերս կրկնապատկվել է սիրո խոստովանությունների թիվը.“Հաճելի է, բայց հիմա շատ եմ կարեւորում տղամարդու կյանքի փորձը: Եթե հասուն տղամարդ է, կիմանա` ինչ փուլերով հասնել Անին Երանյանի սրտին: Պետք է լինի ինձնից ուժեղ մեկը, որ կողքին թույլ զգալու հնարավորություն ունենամ”:

Նա նաեւ հետեւյալն է հավելել.“Նոր սիրավեպերի պատրաստ չեմ… Ուզում եմ մի քիչ մտածել: Այս պահին աշխատանքի մեջ եմ, ուրիշ ոչինչ”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին