×


Անի Պետրոսյան. “Ինչքան էլ ինձ գումար տան, կրկնվելու ցանկություն չունեմ”

Դերասանուհի Անի Պետրոսյանը հինգ տարի անընդմեջ սերիալներում նկարահանվելուց հետո, այժմ զբաղված է թատերական ներկայացումներում.   “Սերիալներից կրկին եղել են առաջարկներ, բայց հրաժարվել եմ. սպասում եմ ավելի հետաքրքիր դերերի, որ ձանձրալի չլինի ո՛չ հեռուստադիտողի, ո՛չ ինձ համար”:

Անի Պետրոսյանը


Օրեր առաջ տեղի ունեցած “Արարատ 73” ներկայացման պրեմիերայից  հետո դերասանուհին սպասում է մեկ այլ` այս անգամ ֆիլմի` “Poker.am”-ի պրեմիերային. “Թատրոնում ու ֆիլմում խաղացած վերջին դերերս մի տեսակ տարօրինակ են: Այս ֆիլմում հարուստ մարդու սիրուհու կերպարում եմ: Կոմեդիկ, նույնիսկ չափից դուրս ծիծաղելի կերպար է: Նկարահանման պրոցեսն ինձ համար էքստրեմալ էր, քանի որ Սեւանի մայրուղում գրեթե 240կմ/ժ արագությամբ ավտոմեքենա եմ վարել ու իմ տեսարանն եմ խաղացել”:

Գայանե Ասլամազյանը, Ագնեսա Շահնազարյանն ու Անի Պետրոսյանը


Ծննդով գյումրեցի Անի Պետրոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` երբ իր դերասանական կարիերան նոր է սկսել, հիմնականում երկրորդական ու ոչ դրական դերեր են առաջարկել. “Այնուհետ մեկը մյուսին հաջորդեցին դրամատիկ կերպարներ, գլխավոր հերոսուհիներ: Հետո էլ “Ո՞ւր է իմ տղամարդը” սերիալում առաջարկեցին  ինձ հետ կապ չունեցող կերպար. հաղթահարեցի ու նկարահանվեցի, բայց երբ անընդհատ լաց ես լինում, տխուր տրամադրություն ես էկրանից փոխանցում, դա էլ հոգնեցնում է: Սիրում եմ փոփոխություններ, եւ եթե առաջարկում են մի դեր, որի նման մի բան արդեն խաղացել եմ, ես հրաժարվում եմ, որովհետեւ ինչքան էլ ինձ գումար տան, կրկնվելու ցանկություն չունեմ: Քանի հնարավորություն ունեմ հանուն գումարի չկրկնվելու, ես օգտագործում եմ այն”:

Անի Պետրոսյանը


Դերասանուհին 2001 թվականից աշխատում է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, խաղում է մի շարք ներկայացումներում` “Պատվի համար”, “Փսիխոզ 4:48”, “Բերնարդա Ալբան եւ նրա աղջիկները”, “Եղեգնուհի”, “Ծիրանի ծառ”, բայց ինչպես նշում է, իրեն ավելի շատ ճանաչում են սերիալային կերպարներից. “Հնարավոր է` տասը տարի էլ աշխատեի թատրոնում, բայց լայնածավալ ճանաչում չունենայի: Բացի այդ, հեռուստաէկրանից դերասանին ճանաչելով գալիս են թատրոն, դիտում մեր խաղը բեմից, ինչը դրական կողմերից մեկն է”:

Անի Պետրոսյանը


Անին աշնանային խաղաշրջանում բացի երեւանյան բեմից կլինի նաեւ մարզերում. Նա իր գործընկերների հետ Ալավերդիում կմասնակցի ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի հիշատակին նվիրված “Թատերական Լոռի” փառատոնին, որտեղ կներկայացնեն “Բերնարդա Ալբան եւ նրա աղջիկները”: Անին մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին` Ադելային. “Ժամանակին Գալյա Նովենցն է խաղացել այս ներկայացման մեջ, իսկ ինձնից առաջ Ադելայի կերպարում հանդես էր գալիս անժամանակ կյանքից հեռացած Անի Սարգսյանը, նաեւ նրա հիշատակին ենք նվիրելու: Երբ սերնդափոխություն եղավ, մոտ երեք տարի առաջ ես ստանձնեցի այդ դերը”:

Արաքսյա Մելիքյանն ու Անի Պետրոսյանը "Պատվի համար" ներկայացման ժամանակ


Դերասանուհու փոխանցմամբ` հոկտեմբերին նաեւ հրավեր ունեն Վանաձորից, որտեղ կխաղան “Մի լքիր ինձ” ներկայացումը. “Նույն ներկայացումը երկու անգամ խաղացել եմ այնտեղ, կրկին դիտելու ցանկություն ունեն: Սիրով նորից կգնամ ու կխաղամ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անի Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին