×


Անի Քրիստին ինչ առիթով էր կրկին Երեւանում

Անի Քրիստին 2016 թվականին հայրենիք վերադառնալու մի քանի առիթ ունեցավ: Ամերիկաբնակ երգչուհին վարում էր Հանրայինի «Ամենակարող երգիչ» շոուն, իսկ տարեվերջին տեղի ունեցավ նրա երեւանյան ակումբային մենահամերգը եւ Լոս Անջելեսի համերգի DVD սկավառակի շնորհանդեսը: Օրեր առաջ ճանապարհներն Անիին դարձյալ Երեւան են բերել, իսկ թե ինչ առիթով, նա պատմել է BRAVO.am-ին:

Անի Քրիստին


«Նախորդ այցիս ժամանակ պետք է մասնակցեի «Բենեֆիս»-ի նկարահանումներին: Առաջին եթերաշրջանում այդպես էլ չստացվեց: Արման Աղաջանյանի հորդորով եւ նախաձեռնությամբ միասին եկանք, քանի որ պետք է մասնակցեինք նաեւ մեր լեգենդար երգչուհի Էլվինա Մակարյանին նվիրված «Բենեֆիս»-ին»,-ասել է Անին եւ հավելել, որ սա երեւանյան իր ամենակարճ ուղեւորությունն էր` միայն 5-6 օր:

Անի Քրիստին


Երգչուհու խոսքով` նկարահանումներն անցել են դրական ու հուզիչ մթնոլորտում: «Քեզ», «Իմ լռություն» եւ մյուս երգերը կատարելիս զգացել է ներկաների ջերմությունն ու վերաբերմունքը: Ուրախ է, որ 10-15 տարվա պատմություն ունեցող երգերը սիրված են ու չեն մոռացվել: Հաղորդման շրջանակում Անին իր հանդիսատեսի հետ եւս մեկ անգամ անկեղծանալու առիթ է ունեցել, հանդիպել հարազատ ու սիրելի մարդկանց հետ:

Խոսելով առաջիկա ծրագրերից` նա նշել է, որ նոր երգեր, տեսահոլովակներ կլինեն, ընթացքի մեջ են նաեւ Գլենդելում իր վոկալ-ստուդիայի բացման աշխատանքները: Իսկ թե առաջիկայում երբ կրկին Երեւան կգա, Անին նշել է.«Նկարահանումից հետո շատերն էին հարցնում այդ մասին: Կատակով բոլորին ասել եմ`երբ որ Հանրային հեռուստաընկերությունը դարձյալ հրավիրի»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին