×


Աննային եւ Հռիփսիմեին սիրահարված Դավիթը :)

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է “Սիրահարված տաքսիստը” նոր կատակերգության պրեմիերան: Այս ներկայացումը թատրոնի խաղացանկում չէ, բայց ներկայացվելու է մայր թատրոնի բեմից:

Դավիթ Թադեւոսյանը եւ Հռիփսիմե Սարգսյանցը “Սիրահարված տաքսիստը” ներկայացման պրեմիերային


Ներկայացման մեջ խաղում են Դավիթ Թադեւոսյանը, Աննա Հարությունյանը, Հռիփսիմե Սարգսյանցը, Մարի Գրիգորյանը, Սարգիս Հակոբյանը եւ Անդրանիկ Էթեմեզյանը:

Կատակերգության հերոսներն անկախ իրենց կամքից հայտնվում են ծիծաղելի իրավիճակներում եւ փորձում դուրս գալ ստերի կծիկից: Գլխավոր հերոսը` Ջոն Սմիթը, երկու կին ունի, որոնք չգիտեն միմյանց գոյության մասին: Մեկ օր տաքսիստը որոշում է ավազակներից փրկել մի տատիկի, պայուսակով գլխին հարված է ստանում ու հայտնվում հիվանդանոցում: Այստեղից էլ սկսվում են զավեշտալի իրավիճակները:

“Սիրահարված տաքսիստը” ներկայացման հիմքում անգլիացի դրամատուրգ Ռեյ Կունիի ստեղծագործությունն է, որի հայերեն թարգմանությունն ու բեմական տարբերակը մշակել է Լեւոն Մութաֆյանը: Բեմադրիչը Սուրեն Սաֆարյանն է, զգեստների ձեւավորողը` Հասմիկ Աղայանը:

Աննա Հարությունյանը “Սիրահարված տաքսիստը” ներկայացման պրեմիերային


Աննա Հարությունյանը, որին ավելի շատ ճանաչում են բերել սերիալները, խաղացել է տարբեր թատերախմբերի հետ, Մերի Սմիթի գերակտիվ կերպարն էլ իր սրտով է. “Թատրոնում շատ էներգիա եմ տալիս ու ստանում: Երեք ամսում բավական աշխատելով՝ հասունացրել եմ այս կերպարը, բարդություններից էլ հաճույք եմ ստացել”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Աննա Հարությունյանը եւ հավելել. “Ինձ ավելի շատ պատկերացնում են դրամատիկ կերպարներում, ուրախ եմ, որ հիմա կոմեդիկ կերպար եմ խաղում”:

Աննան համոզված է` ներկայացումն ամեն խաղալուց հետո ավելի է “հասունանում”. “Եթե մարդիկ հավանեն, շարունակելու ենք խաղալ, թերություններն ընթացքում կշտկենք ու ավելի վստահ կլինենք բեմում”:

“Ես ու Դավիթ Թադեւոսյանը միասին որոշել էինք նոր գործ սկսել, Լեւոն Մութաֆյանի առաջարկով` նրա թարգմանության վրա սկսեցինք աշխատել, Դավիթն էլ մարմնավորեց տաքսիստին”,- նշել է “Սիրահարված տաքսիստը” ներկայացման բեմադրիչ Սուրեն Սաֆարյանը:

Դավիթ Թադեւոսյանը եւ Հռիփսիմե Սարգսյանցը


Նրա հավաստմամբ` թատերասերները տարբեր պատճառներով կցանկանան դիտել ներկայացումը. “Առաջին պատճառը դերասաններն են. հանդիսատեսը կգա դիտելու իր սիրելի դերասանի խաղը, կամ էլ ընկերների կարծիքը լսելով կգա, միգուցե հավանի կամ՝ ոչ”:

Ի դեպ, այս բեմադրության մեջ պետք է խաղար նաեւ Ռոզի Ավետիսովան. գովազդային վահանակների վրա այս դերասանուհու անունն էլ կա, սակայն, ինչպես տեղեկացրել է բեմադրիչը, պրեմիերայից օրեր առաջ աղջկան վիրահատել են. “Նա մեր թիմից է, ապաքինվելուց հետո կորոշենք, թե ինչպես ենք խաղալու հաջորդ ներկայացումները”:

Դավիթ Թադեւոսյանը եւ Աննա Հարությունյանը


Ռոզիի փոխարեն դերը ստանձնել է Հռիփսիմե Սարգսյանցը, որը Սուրեն Սաֆարյանի հետ ավարտել է Երվանդ Ղազանչյանի կուրսը. “Որպես երկրորդ ռեժիսոր` ընդգրկված էի այս ներկայացման մեջ, ներկա էի լինում փորձերին ու զբաղվում էի ադմինիստրատիվ գործերով, բայց մտքովս չէր անցնում, որ կխաղամ: Ընդամենը երկու-երեք օրում ամբողջ եռանդով մասնակցել եմ փորձերին: Մարդկանց արձագանքներից հասկացա, որ մեր խաղը, թեման հետաքրքրում է”:

Մոտ երկու ժամ տեւող մեկ գործողությամբ ներկայացման պրեմիերային ներկա էին դերասանների հարազատները, ընկերները, թատրոնի գործիչներ եւ այլք: “Սիրահարված տաքսիստը” կատակերգության հաջորդ ներկայացումը մայիսի 18-ին է:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին