×


Աննա Բաբայան.“Ուզում եմ նրա կողքին ինձ երջանիկ զգալ”

Ֆոտոմոդել, դիմահարդար, “Կարգին սերիալ”-ի դերասանուհի Աննա Բաբայանը վերջին տարիներին բնակվում է Իսպանիայում`  հարազատ քրոջ մոտ, բայց տարբեր առիթներով հաճախ վերադառնում է հայրենիք: Այս օրերին նա Երեւանում է եւ լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում, որի համար օգտագործել ենք “Rider's pub”-ի տրամադրած մոտոցիկլետը: Աննան ընտրել էր համապատասխան կերպար եւ ֆոտոխցիկի առջեւ, չնայած ցուրտ եղանակին, դրսեւորել է մասնագիտական հմտությունները:), իսկ մեզ հետ զրույցում անկեղծորեն պատմել, թե ինչու չի կարողանում Հայաստանում լիարժեք ապրել եւ ինչն է իրեն պակասում:

Աննա Բաբայանը


Մոտոցիկլետով լուսանկարվելու ցանկություն վաղուց ունեի, բայց նման առաջարկ չէի ստացել եւ շատ ուրախացա, քանի որ ինքս երբեւէ լուսանկարիչներին չեմ առաջարկում ինձ լուսանկարել: Իսպանիա տեղափոխվելուց հետո սկսեցի հետաքրքրվել մոտոցիկլետներով, փորձել եմ բայքերների օգնությամբ վարել, բայց չեմ համարձակվի որպես փոխադրամիջոց օգտագործել. գիտեմ, որ կտարվեմ էքստրիմով, ինչը շատ ռիսկային է: Շփվելով իսպանացի բայքերների հետ` հասկացա` դրական ու բարի մարդիկ են:

Իսպանացիների հանգստությունը, հասկանալու ունակությունը շատ եմ գնահատում, Բարսելոնում շրջապատիս մարդիկ իրենց ազգի մասին ստեղծել են դրական տպավորություն: Երբեմն դուր չի գալիս այնտեղ առկա կնոջ եւ տղամարդու միջեւ չափից դուրս հավասարությունը, բայց ընդհանուր առմամբ Իսպանիայում ինձ ավելի լիարժեք եմ զգում:

Աննա Բաբայանը


Հայաստանում հակառակն եմ նկատել. տղաների մեծ մասն ագրեսիվ են թե՛ աղջիկների, թե՛ միմյանց նկատմամբ:  Ցավոք, մեծահոգությունը պակասել է, էգոիստ են դարձել, օրինակ` երթեւեկության ժամանակ չեն սիրում իրար զիջել: Օտարերկրացիներին հյուրասեր ազգ ենք ներկայանում, բայց վատ եմ զգում, երբ արտերկրից ընկերներս Հայաստան են գալիս ու իմ պատմածի հակառակն են տեսնում: Անհանգստանում եմ, որ ինձ հյուր եկած զբոսաշրջիկներին` սկսած տաքսիներից մինչեւ վաճառողներ հանկարծ չխաբեն, որ հիասթափված չհեռանան… 

Միգուցե զարմանալի թվա, բայց վաղուց դադարել եմ փողոցում կամ հանրային որեւէ վայրում անծանոթների հաճոյախոսությունները լսել, որովհետեւ տհաճ են, չնայած` գիտակցում եմ, որ վատ իմաստով չեն ասում: Իսկ Բարսելոնում այնպիսի հաճելի տոնով են ասում, որ, լեզուն չհասկանալով, անկախ ինձնից ժպտում էի, նույնիսկ անծանոթ կանայք կարող են հաճոյախոսել ու տրամադրությունդ բարձրացնել:

Աննա Բաբայանը


Մեր երկրում ստանդարտից դուրս մարդիկ համարվում են աննորմալ. հենց արտաքինի առումով մեծամասնությունը միանման սանրվածքով ու հագուկապով է, հազվադեպ կարող ես տեսնել յուրահատուկ ոճով անհատների: Ցավոք, միշտ չէ հասարակությունը ճիշտ, բայց մենք կառչած ենք հասարակական կարծիքից: Օրինակ` այստեղ երիտասարդներն ամուսնանում են, որովհետեւ հարկավոր է շուտ ամուսնանալ: Երբ զրուցում եմ ամուսնացած ընկերուհիներիս հետ կամ նորահարսներին դիմահարդարում եմ, հաճախ չեմ տեսնում երջանիկ աչքեր, այլ զգում եմ, որ ամուսնանում են, որովհետեւ պարտականություն է: Փոխադարձ զգացմունքներն ու հարգանքը դարձնելով երկրորդական` կարեւորում են ամուսնացած լինելու կարգավիճակը:

Հայաստանցիները շատ հարցերում են բարդույթավորված, իսկ երբ դու մեծամասնության նման չես մտածում, արդեն շրջապատից տարբերվում ես ու քեզ ճնշված զգում:  Ես գտել եմ լուծումը. այն մարդիկ, որոնց ներկայությունն ինձ տհաճ է, այլեւս իմ շրջապատում չեն: Տարիների ընթացքում հասկանում ես` ովքեր են քեզ համար կարեւոր, ում հետ էլ չես ուզում շփվել, պարզապես քո կյանքում պասիվ տեղ են զբաղեցնում, բայց նրանց երբեւէ չեմ ատում: Կյանքի փորձն օգնում է “կարդալ” մարդկանց, հատկապես աղջիկներին, որովհետեւ հիմնականում ընկերներս աղջիկներ են, այնքան էլ չեմ հավատում աղջիկ-տղա ընկերությանը:

Աննա Բաբայանը


Տարիներ առաջ, երբ հարցնում էին` ինչպիսի տղամարդ եմ իմ կողքին պատկերացնում, նշում էի` բարի, աշխատասեր ու այլ դրական հատկանիշներ: Հիմա կարեւորում եմ այն հանգամանքը, որ նրա կողքին ինձ երջանիկ զգամ, թեեւ կան բնավորության գծեր, որ տանել չեմ կարողանում: Կցանկանայի, որ սիրելիս չլինի էգոիստ, խանդոտ եւ կոպիտ մի բառ կա` “խորացող”. չեմ սիրում, երբ փոքրիկ վեճերն ու խնդիրները բարդացնում են ու կյանքի հարց դարձնում: Բնույթով հիշաչար չեմ, փորձում եմ մոռանալ ու թեթեւ ապրել, այդպիսին թող լինի իմ ապագա ամուսինը: Արդեն զգում եմ, որ ոչ թե ժամանակն է, այլ պատրաստ եմ ընտանիք կազմել: Իմ երջանկությունը լիարժեք կլինի, երբ ամուր ընտանիք ունենամ, ծնողներս կողքիս լինեն ու զբաղվեմ սիրելի աշխատանքով` Բարսելոնում մեր հիմնած դիմահարդարման եւ պարի ուսումնական կենտրոնով:

Աննա Բաբայանը


Սիրում եմ նաեւ ֆոտոմոդելի աշխատանքը: Ճիշտ է, մոդելներին հաճախ են գայթակղիչ ու գրավիչ առաջարկներ անում, բայց չնչին կասկածի դեպքում դրանք չեմ ընդունում: Ցանկացած բան, որ քեզ հեշտ ու միանգամից է տրվում, հետո փոխհատուցելը դժվար է լինում: Չեմ էլ մեղադրում այն կանանց, որոնք գումարի խնդիր ունեն եւ այլ ճանապարհով են հայտնի դառնում: Բարեբախտաբար, ընտանիքիս շնորհիվ ես փող վաստակելու խնդիր չունեմ, այլ աշխատում եմ իմ հաճույքի համար: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին