×


Աննա Գեւորգյանի ընտանիքը

Աննա Գեւորգյանն առաջին անգամ խոսում է ամուսնուց որոշ ժամանակ առանձին ապրելու մասին

Աննա Գեւորգյանի համոզմամբ` ընտանիքը շատ բարդ համակարգ է: Հայկական եթերի յուրահատուկ կերպարով ու ժպիտով հաղորդավարուհին ընտանեկան ու անձնական նուրբ հարցերի շուրջ անկեղծացել է BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում: Գեղեցիկ ընտանիքի հետ նաեւ աշնանային գունեղ ֆոտոշարք ենք իրականացրել:  

«Ինձ երջանիկ չեմ զգում, եթե…»

Բոլորն այն կարծիքին են, թե Աննան թռի-վռի կյանք սիրող մարդ է, բայց իրականում իմ մեջ շատ փոքր տարիքից մայրական բնազդն ու ընտանիքի հանդեպ սերը եղել է ամենավառ արտահայտված գիծը: Ու ամեն ինչից առավել ինձ համար դա է եղել առաջնայինը, դրա համար էլ, կարելի է ասել, կարիերայում մեծ նվաճումներ չեմ ունեցել: Ես չեմ ձգտել դրան, կարիերիստ չեմ, սիրում եմ լինել անկախ ֆինանսապես, բայց չեմ սիրում ապրել միայն աշխատանքով: Եթե ես չունեմ տան ջերմություն, կողակից, ում համար իմ էներգիայի մեծ մասն եմ տալիս, իմ մտքերի մեծ մասը, ինձ երջանիկ չեմ զգում:

Աննա Գեւորգյանը


«Պիտի բամբակը ես լինեմ, բայց…»

Դժվար ամուսնացա, որովհետեւ բազմաթիվ մարդկանց շարքում չէի գտնում նրան, ում հետ ուզում էի ապրել: Վլադիմիրի դեպքում, երեւի թե, հենց առաջին հանդիպումից շատ մեծ սիրահարվածություն եղավ: Նրա պես զուսպ, շքեղ, ուշադիր, հարգանքով, հոգատար մարդու չէի հանդիպել: Ինձ համար շատ անակնկալներ են արել, այնպիսի բաներ, որ կգրավեր շատ աղջիկների, բայց Վլադի մաքրությունն ու վերաբերմունքն առանձնահատուկ էին: Ինձ համար այս կյանքում ամենավախենալու բանը եղել է ստանդարտ, միանման, հասարակ լինելը ցանկացած հարցում: Եթե այնպես է, ինչպես բոլորի դեպքում, ինձ համար շատ վատ է. հարմարավետ չեմ զգում: Երկուսս էլ տեսակով ոչ ստանդարտ մարդիկ ենք, ինչը շատ ժամանակ խանգարում է մեզ, որովհետեւ երկուսս էլ շատ բարձր զրնգացող զանգակներ ենք: Պիտի բամբակը ես լինեմ, բայց՝ չեմ: Ինքս մեղմ, հոգատար մարդ եմ, բայց երբ հարցը հասնում է ենթարկվելուն, խափանում է տեղի ունենում:

Աննա Գեւորգյանի ընտանիքը


«Ճիշտ ընտրություն ենք արել»

Ինձ հետ դժվար է միայն այն դեպքում, երբ անտեղի մեղադրում են: Գուցե իմ կարծիքն է, որ անտեղի է:): Որքան ինձ հետ է դժվար, այնքան էլ՝ Վլադի: Ճիշտ ընտրություն ենք արել, որովհետեւ եթե շատ ստանդարտ մտածելակերպով մարդիկ չեն ընդունում իրեն այդպիսին, ինձ՝ այսպիսին, մենք իրար ընդունում ենք: Երկուսս էլ ունենք բնավորության այնպիսի գծեր, որոնք հայ շատ աղջիկներ եւ տղաներ գուցե չընդունեին եւ հանդուրժեին: Մենք, ճիշտ է, հանդուրժում ենք, բայց ոչ՝ խաղաղ կերպով:): Մենք հիշաչար չենք. մի քանի րոպե հետո մոռանում ենք տարաձայնության մասին:

«Հնարավոր չէ նրանից նեղանալ»

Վեճերից հետո առաջին քայլը Վլադն է անում: Մեր վեճերը տեւում են մի քանի րոպե. 3 րոպե բուռն վիճում ենք, մոտ հինգ րոպե անց կարող ենք գրկախառնվել, հաճոյախոսություններ անել, ֆիլմ դիտել, երեխաների հետ գնալ զբոսնելու եւ ապրել մեր երջանիկ առօրյայով: Չեմ էլ կարող նեղացած մնալ, քանի որ Վլադն այնքան հումորով է, համառ, որ հնարավոր չէ նրանից նեղանալ:

Աննա Գեւորգյանի ընտանիքը


«Մենք շարունակում էինք մնալ ընտանիք՝ չլինելով ընտանիք»

Մեր վեճերն ամեն օր էլ այնքան լուրջ են լինում, որ հենց այդ վայրկյանին որոշում ենք առանձնանալ, բայց մի քանի րոպե հետո մոռանում ենք: Մեկ անգամ եղել է ավելի լուրջ վիճակ. երկրորդ երեխայից հետո` սպառված հետծննդաբերական ապրումներից, շատ կտրուկ մոտեցում ցույց տվեցի նրա սխալ քայլին եւ որոշ ժամանակով խզեցի մեր հարաբերությունները: Շփում կար, այն ընկերական էր: Մենք շարունակում էինք մնալ ընտանիք՝ միաժամանակ չլինելով ընտանիք: Մի քանի ամիս տեւեց, բայց այդ ընթացքում մենք շունչ քաշեցինք, «ռեստարտ» եղանք: Դրանից հետո մեր վերաբերմունքը միմյանց հանդեպ շատ փոխվեց: Բաժանումը շատ ավելի ամրացրեց մեզ: Վլադն ավելի հասունացավ, սկսեց գնահատել մեզ, որովհետեւ տղամարդու համար դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ բացի իրենից, պետք է տեր կանգնի նաեւ եւս մի քանի հոգու: Միանգամից երկու երեխա, կին ունենալը մեծ  սթրես է տղամարդու համար, եւ դադարից հետո նա կարողացավ ավելի արժանապատվորեն հոգ տանել իր ընտանիքի մասին:

«Ստել եմ եկեղեցում:)»

Ես գիտակցում եմ, որ ընտանեկան շատ խնդիրներ, որոնք ունենում ենք, իմ պատճառով են, որովհետեւ շատ ինքնուրույն մարդ եմ, սիրում եմ որոշումներս միայնակ կայացնել: Գիտեմ, որ կինը պետք է ցանկացած դեպքում, եթե նույնիսկ համաձայն չէ, հնազանդ լինի: Բայց ես, փաստորեն, ստել եմ եկեղեցում:): Այժմ փորձում եմ ինձ վրա աշխատել, լինել ավելի ենթարկվող: Գիտեմ եւ ընդունում եմ իմ այդ վատ հատկանիշը, որը ցանկացած մարդու հետ էլ կխանգարեր ինձ:

Աննա Գեւորգյանի ընտանիքը


Թանկ գնահատելով ընտանիքը

Ընտանիքը շատ բարդ համակարգ է, որը կառուցվում է ամենօրյա մեծ ուժի եւ ջանքերի շնորհիվ: Չկա ընտանիք, որը երջանիկ է եւ ամուր հենց այնպես: Դրա հիմքում երկկողմանի զիջումներ, համբերություն, ուժ ու ջանք է դրված, որ ամեն բան հարթ լինի: Ասածս կհասկանան բոլոր նրանք, ովքեր ունեն ընտանիք եւ թանկ են գնահատում այն: Բազմաթիվ մոտ ու հեռու մարդկանց երջանիկ եւ դժբախտ ընտանիքների պատկերն ուսումնասիրելով՝ հասկացել եմ՝ ընտանեկան երջանկությունը ճախրող մարդկանց թեւերը կոտրում է՝ հանուն տան երջանկության, առանց որի ոչ մի թռիչք էլ երջանկություն չի պարգեւեի: Բոլորն էլ յուրովի դժբախտ են, բայց, անկասկած, երջանիկ, որովհետեւ կյանքում շատ բաներ կարելի է մեկը մյուսով փոխարինել, այլ տարբերակներ գտնել, իսկ ընտանիքի բացակայությունը ոչնչով չես լրացնի:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport