×


Աննա Գրիգորյան.“Երբ սիրում ես, պետք է սովորես զոհել քո անձը”

23-ամյա Աննա Գրիգորյանի հետ BRAVO.am-ի նոր զրույցը սիրո, կին-տղամարդ հարաբերությունների թեմայով է: Մոդել-հաղորդավարուհին ասել է, որ Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ աղի բլիթ չի կերել եւ երազ չի տեսել:

Աննա Գրիգորյանը


Սերը` տոն :)


Երբեւէ աղաբլիթ չեմ կերել. այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում: Դեռ հին ժամանակներում մարդիկ ստեղծել են սիրո աստվածուհիներին` Աֆրոդիտեին, Վեներային, Աստղիկին` սիրո պակասը փորձելով լրացնել միջնորդների օգնությամբ: Սիրո տոները ստեղծվել են, որ մարդիկ ավելի մեծ նշանակություն տան սիրուն, բայց կարծում եմ` յուրաքանչյուր օր պետք է այդպես ապրենք. Սուրբ Սարգսի տոնը չէ, որ մեզ պետք է ստիպի սիրել: Եթե կողքիդ կա սիրելի մարդ, կարելի է սիրո տոները նշել, բայց իրական սերը հենց տոն է: 

Կինն ու տղամարդը` միմյանց համար հենարան

Ողջ աշխարհում ընդունված է, որ տղամարդիկ ուժեղ սեռի ներկայացուցիչ են, թեեւ կանայք էլ պակաս ուժեղ չեն: Կինն ուզում է ապավինել, գլուխը տղամարդու ուսին դնել ու վստահել, իսկ ինչպե՞ս վստահել անպատասխանատու տղամարդուն:  Կաղապար կա, որ հույսը միշտ տղամարդու վրա պետք է դնել, բայց կինն էլ պետք է փոխադարձ վստահելի հենարան լինի:

Աննա Գրիգորյանը


Սիրում  է, չի սիրում

Ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու դեպքում ինձ համար կարեւոր է կոկիկ ու խնամված արտաքինը: Առաջին հայացքից կարող եմ հիասթափվել տղամարդու փնթիությունից, ինչն արդեն թույլ չի տա նկատել մյուս լավ հատկանիշները: Գնահատում եմ տղամարդու պարզ ու հասկանալի հայացքը. տափուկ հայացքով մարդկանցից խուսափում եմ: Նաեւ չեմ սիրում անկազմակերպ, անպատասախանատու եւ չափից շատ ինքնավստահներին: Ինքնավստահությունը կարեւոր է, առանց դրա լուրջ ոչ մի քայլ չես կարող անել, բայց երբ չափն անցնում են, արդեն հիվանդության է վերածվում: Ամեն ինչ պետք է լինի չափի մեջ, նույնիսկ ուտելը. համեղ սնվելը շատ լավ է, բայց շատ ուտելը վնասում է առողջությանը: Բարությունը եւս լավ հատկանիշ է, սակայն չափից դուրս բարությունն էլ գուցե ընկալվի հիմարություն ու միամտություն: Իսկ իմ բնավորության գծերից չեմ սիրում չափից շատ նվիրվածությունը. հարազատներս ասում են, որ շատ եմ նվիրվում: Առհասարակ, մատների արանքով չեմ կարողանում նայել ոչ մարդկանց, ոչ երեւույթներին:

Ի՞նչ է ուզում կինը եւ ի՞նչ է ուզում տղամարդը

Չկա ավելի հեշտ բան, քան կնոջը երջանկացնելը. բավական է անկեղծ սիրել նրան: Երբ սիրված եմ, հոգեբանորեն ինձ ներդաշնակ եմ զգում: Եթե տղամարդիկ հստակ իմանային կանանց ցանկությունները, կանայք էլ` տղամարդկանց, աշխարհը երջանիկ կլիներ: Իսկ երբ սիրո հարցում գերակշռում է եսասիրությունը, հարաբերությունները հաջող ավարտ չեն ունենում: Երբ փոխադարձ սիրում ես, պետք է սովորես զոհել քո անձը. եթե միայն մեկն ինքնազոհության գնա, հարաբերությունները կործանման եզրին կլինեն, իսկ սերը պատասխանատու զգացմունք է:

Աննա Գրիգորյանը


Ընտանիք կազմելու եւ մայրանալու մասին

Յուրաքանչյուր աղջիկ ծնվում է մայրական բնազդով, քայլ առ քայլ պատրաստ է լինում մայրանալուն, մնում է` կողքին լինի այնպիսի տղամարդ, որի հետ կցանկանա կյանքը կապել: Երբեմն մտածում եմ, որ պատրաստ եմ այդ քայլին, երբեմն էլ` ոչ: Իրականում ինչ-որ տարիք չկա, այլ կախված է տղամարդուց, ով կկարողանա ինձ հավատացնել, որ կարող եմ իր կողքին երջանիկ լինել ու մայրանալ: Ի դեպ, իմ կողքին պատկերացնում եմ հայ տղամարդու. իհարկե, կյանքի ընթացքում պատկերացումներս կարող են անկանխատեսելիորեն փոխվել: 

Կին-տղամարդ ընկերություն

Ես ունեմ տղա ընկերներ եւ դեմ չեմ, որ իմ ընտրյալն էլ ունենա աղջիկ ընկերուհիներ: Եթե զույգը միմյանց վստահում է, ու կա անկեղծ սեր, կարող են ընկերներ ունենալ: Իսկ երբ հարաբերություններում կա անվստահություն, սուտ ու կեղծիք, հակառակ սեռի ընկերներ ունենալը հանգեցնելու է խանդի ու կռվի: Սերն այնպիսի զգացմունք է ու այնպիսի էներգիա ունի, որ կարող է փոխակերպվել ատելության, հիասթափության, անտարբերության: Սիրելուց ու բաժանվելուց հետո չեմ ընդունում ընկերություն ասվածը: Իմ դեպքում երբեւիցե նման բան չի եղել, բայց եղել է այնպիսի իրավիճակ, որ համակրանքը սեր չի դարձել եւ վերածվել է ընկերության: Եթե սիրել ես, հետո կարող ես ատել, հիասթափվել, իսկ ընկերներին մենք հարգում ու վստահում ենք:

BRAVO.am
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին