×


Աննա Հարությունյան.«Միայնության մեջ ավելի զգոն ես դառնում»

BRAVO.am-ը պատմել է, որ Շանթի «Ուրիշի հոգին» սերիալում Աննա Գեւորգյանին փոխարինել է Աննա Հարությունյանը: Սակայն մինչ այդ դերասանուհին հասցրել է 7-օրյա հանգիստ վայելել Չեխիայի մայրաքաղաքում:

Աննա Հարությունյանը


«Ասում են` Պրահան երկրորդ Հռոմն է, եւ քանի որ կյանքումս առաջին անգամ եվրոպական քաղաքներից հենց Հռոմում եմ եղել, սպասումներս մեծ չէին: Բայց այն հեքիաթային ճարտարապետությունն ու մթնոլորտը, որ Պրահան ուներ, երեւի քիչ քաղաքներ ունեն»,-մեզ հետ զրույցում նշել է Աննան:

Թատրոնում զբաղվածության պատճառով նա ճամփորդությանը կարողացել է տրամադրել ընդամենը մեկ շաբաթ.«Հասցրի լինել նաեւ Դրեզդենում, Վիեննայում, Կառլովի Վարիում, թեւ հիմնականում Պրահայում էի մնում: Այցելել եմ մի շարք պատկերասրահներ, թանգարաններ: Դրեզդենում երկար ժամանակ չէի կարողանում կտրվել Ռաֆայելի հայտնի «Սիքստինյան Մադոննա» կտավից, իսկ Վիեննայի Սիսի կայսրուհու թանգարանում տիրում էր նրբություն եւ կանացիություն, որից կտրվելն էլ հեշտ գործ չէր»:

Աննա Հարությունյանը


Աննան տեղեկացրել է, որ սա իր առաջին ճամփորդություն էր առանց որեւէ մեկի ընկերակցության. «Վերադարձել եմ լիովին վերափոխված: Ասում են` մարդ միայնության մեջ ավելի զգոն է դառնում, այդպես էլ եղավ, ոչ մի բարդություն չառաջացավ, եւ ես նորից աշխարհի լավագույն քաղաքում եմ` Երեւանում»:

Աննա Հարությունյանը


Խոսելով սերիալային նոր դերի մասին` դերասանուհին ասել է, որ իր համար շատ կարեւոր է կերպարի բովանդակությունը.«Մինչ այս ստացած բոլոր առաջարկները ոչ մի հետաքրքրություն չէին առաջացրել, այդ իսկ պատճառով էլ ժամանակս կենտրոնացրել էի թատրոնի աշխատանքիս, ինչպես նաեւ սպորտի եւ լեզուների պարապմունքներիս վրա: Նաեւ գեղարվեստական ֆիլմերում եմ նկարահանվել, որոնցից երկուսը մոտ մեկ ամսից մեծ էկրան կբարձրանան: Իսկ Աստղիկը դերասանական գունեղ ներկապնակ պահանջող կերպար է, եւ ինձ համար հիանալի առիթ է ներկայացնել իմ հնարավորությունները: Առհասարակ, կլինի ներկայացում, ֆիլմ, թե սերիալ, աշխատանքիս մոտենում եմ միեւնույն լրջությամբ եւ սիրով: Վստահ եմ, որ եթե ամեն մեկն իր գործն անի ու սիրով, հնարավոր կլինի դրական արդյունքի հասնել»:

Աննա Հարությունյանն ասում է, որ «Ուրիշի հոգին» սերիալում իր կերպարը բարդ է եւ ծավալուն, բայց ինքը վախեր չունի.«Դա իմ մասնագիտությունն է, իսկ ես ունեմ թե համապատասխան կրթություն, թե փորձ եւ որ ամենակարեւորն է` մեծ ցանկություն»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Աննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին