×


Աննան եւ Սարգիսը

Աննա եւ Սարգիս.«Մեր սիրո պատմությունը»

BRAVO-ն ու շոումեն Արամ Մելիքյանը որոշել են թեթեւացնել այս տարվա հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ամուսնանալ պատրաստվող զույգերի հոգսը՝ հայտարարելով «Մեր սիրո պատմությունը» շարադրությունների մրցույթ, որի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: Ստորեւ ներկայացնում ենք Աննայի եւ Սարգսի սիրո պատմությունը:
---
Սեր` զգացմունք, որը յուրաքանչյուրս յուրովի ենք հասկանում, փորձում ենք բացատրել: Իմ կարծիքով` սերն այն զգացմունքն է, որն անհնար է բացատրել… Այն նույնիսկ բացատրելու կարիք չունի:

Ես նրան գտա իմ կյանքի այն հատվածում, երբ բոլորովին չէի սպասում: Ճանաչում էինք, մենք մոտ ընկերներ էինք, եւ ես պատկերացնել անգամ չէի կարող, որ մեր հարաբերությունները կարող են հատել ընկերության սահմանագիծը: Վերջապես, ես հավատում էի, որ աղջկա եւ տղայի միջեւ կարող է անկեղծ ընկերություն լինել: Ես կարող էի նրան վստահել. ամենատխուր պահերին այնպես էր անում, որ ժպտամ: Այդ ժամանակ մենք սովորում էինք դպրոցում:

Աննան եւ Սարգիսը


Դպրոցն ավարտեցինք: Նա զորակոչվեց բանակ: Ես դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի համալսարան: Կարծես դրանով ավարտվեց նաեւ մեր ընկերությունը: Յուրաքանչյուրս ապրում էինք մեր կյանքով: Երկու տարվա ընթացքում միայն մի անգամ պատահաբար ես տեսա նրան զինվորական համազգեստով… Նա ինձ չտեսավ… Ցանկությունս մեծ էր նրան մոտենալ, հարցնել որպիսությունը, բայց ինչ-որ բան ինձ խանգարեց: Մենք այլեւս չհանդիպեցինք:

Երկու տարի անց... մենք կրկին հանդիպեցինք: Ուղղակի զրույց, բայց երկուսս էլ զգում էինք, որ պահպանվել են առաջվա ընկերական հարաբերությունները: Դրանից հետո շփվում էինք, երբ պատահաբար հանդիպում էինք: Հարցնում էինք որպիսությունը, դասերից, քանի որ երկուսս էլ սովորում էինք: Դեռ դպրոցական տարիներից նա սիրում էր ասել այնպիսի բաներ, որից ես կբարկանամ: Բարկանում էի, բայց երբեք չէի նեղանում… Չէի կարողանում նեղանալ նրանից:

05.03.2014 թ., լսում եմ անունս… նա էր: Սովորական զրույց: Սկզբում հարցնում էր, թե ինչպես եմ, ինչով եմ զբաղվում, դասերս ինչպես են, ապա սկսեց հետաքրքրվել իմ անձնական կյանքով: Դա ինձ նույնիսկ տարօրինակ չթվաց, որովհետեւ նա ինձ այնքան հարազատ էր: Աստիճանաբար զրույցը հասավ նրան, որ ասաց՝ իմ հանդեպ անտարբեր չէ: Ես անակնկալի եկա, չէի սպասում… Մեր հայցքները հանդիպեցին, բայց այս անգամ այդ հայացքն ուրիշ էր… ուրիշ էր եւ հայացքը, եւ հատկապես աչքերը… Աչքեր, որ նախկինում ինձ ոչինչ չէին ասում, բայց այս անգամ կարծես խոսում էին … Աչքեր, որ դեռ երբեք ինձ այդպես չէին նայել:

Ներսումս ամեն ինչ խառնվել էր: Վախ, անսպասելիություն, զարմանք եւ էլի զգացմունքներ, որ չէի հասկանում: Հասկանում էի, որ նրա հանդեպ զգում եմ ինչ-որ տարօրինակ ու դեռեւս ինձ անծանոթ մի բան, բայց վախենում էի… Վախենում էի, որ եթե ինչ-որ բան այնպես չստացվի, ես նրան կկորցնեմ թե որպես ընկեր, թե որպես կյանքի ուղեկից: Արդեն վախենում էի կորցնելուց: Երեւի ամենակարեւոր փաստը սիրո մեջ՝ վախենալ, որ կկորցնես: Որոշեցի փորձել՝ կամ նա, կամ ոչ ոք…

Աննան եւ Սարգիսը


Որոշ ժամանակ անցավ: Ես հասկացա, որ չեմ սխալվել… Ես գտել եմ իմ ապագան, իմ միակին: Առաջին մարդը, ում հետ կարողանում էի խոսել մայրիկիս մասին եւ չէի տխրում, այլ հասկանում էի, որ մայրս միայն ֆիզիկապես կողքիս չէ, հոգեպես միշտ ինձ հետ է: Ես սա համարում եմ հեքիաթ, բայց նա ինձ օգնեց, որ հավատամ այդ հեքիաթին…

Ավարտեցինք համալսարանը: Որոշեցինք ամուսնանալ, բայց կյանքը ինձ համար մի նոր փորձություն էր պատրաստել: Սարսափելի փորձություն… Ես կորցրի հայրիկիս: Կարծես կորցրեցի մի ողջ աշխարհ: Մտածում էի, որ այս անգամ ցավին դիմանալ չեմ կարողանա, բայց շնորհիվ իմ սիրելիի, ես կարողացա շարունակել ապրել: Ես տեսնում եմ, որ նա պայքարում է իմ ժպիտի համար, փորձում է լրացնել սրտիս այն հատվածը, որ ցավից բացի ոչինչ չի զգում:

Հայրիկիս մահից հետո անցել է երկու տարի: Մենք որոշել ենք ամուսնանալ այս տարի: Սերը միակ զգացմունքն է, որ ուժ է տալիս առաջ շարժվել, պայքարել, ապրե՛լ… Ես շնորհակալ եմ Աստծուն, որ հենց նա է իմ կողքին: Աշխարհի ամենաուշադիր ու հոգատար մարդը, որ ոչ միայն իր սերն է տալիս, այլ փորձում է լրացնել ծնողներիս բացակայությունը…

Ուզում եմ երջանկացնել, որ երջանիկ լինեմ… Ուզում եմ ժպտալ հանուն նրա… Ուզում եմ սիրել, որ սիրված լինեմ… Ուզում եմ կյանքիս նոր էջը սկսվի երջանիկ… Ես գիտեմ, ես հավատում եմ, որ հենց այդպես էլ կլինի, որովհետեւ նա է իմ կողքին…
Սիրում եմ քեզ, իմ Սարգիս…

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին