×


Աստղիկ Սաֆարյանը կարեւոր ասելիք ունի

Աստղիկ Սաֆարյանը “Shalom” երգի տեսահոլովակով ուրախ ու պարային տրամադրություն էր փոխանցում, իսկ այժմ կարեւոր ասելիք ունի հանրությանը։ Նրա նոր երգն անօթեւան եւ ծնողազուրկ երեխաների մասին է։ Երգչուհին BRAVO.am-ին պատմել է օրեր առաջ նկարահանված տեսահոլովակի եւ երգի ստեղծման գաղափարի մասին։

Աստղիկ Սաֆարյանը


Երգը կոչվում է “Որբուկ”, խոսքերի հեղինակը Լաուրա Հովհաննիսյանն է, ում առաջարկով էլ Աստղիկը գրել է երաժշտությունը.“Ռեժիսոր Արմեն Փիրիմասիհիի հետ միացանք նրա գաղափարին, քանի որ իսկապես հուզեց։ Կփորձենք մեր դրական ասելիքը փոխանցել հանրությանը։ Ցանկանում ենք, որ այս երգի ու տեսահոլովակի միջոցով մարդկանց վերաբերմունքը փոխվի, եւ հույս ունենք, որ կլինեն ծնողներ, որոնք իրենց երեխաներին հետ կբերեն ընտանիք։ Նաեւ ցանկանում ենք ցույց տալ, որ մենակությունն ու լքվածությունն այս երեխաներին ավելի ուժեղ են դարձնում”։

Աստղիկ Սաֆարյանը եւ ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին


Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում եւ Աբովյան քաղաքում եւ տեւել են 3 օր.“Կներկայացնենք որբուկի ապրումները, ներքին պայքարը, աշխատելու եւ իրենը ստեղծելու ձգտումը։ Հերոսի դերում Անդրեյն է, ով ուղղակի հիանալի կատարեց իր կերպարի խաղը”, -նշել է Աստղիկը եւ ավելացրել. “Շատ ցուրտ ու քամոտ օրեր էին, բաց մեծ սիրով աշխատեցինք` գիտակցելով, որ սա ուղղակի տեսահոլովակ չէ։ Նկարահանումների ընթացքում յուրաքանչյուրս էլ շատ բաներ հասկացանք”։

Նրա խոսքով՝ այս թեման իրեն շատ է հուզել, երեխայի ապրումները մեծ ուշադրության կարիք ունեն.“Ինքս էլ հոգուս խորքում մտահոգված եմ այն երեխաներով, ովքեր ինչ-ինչ պատճառներով դարձել են ծնողազուրկ եւ ծնողական քնքշանքի ու պաշտպանության կարիք ունեն։ Դուրս գալով մանկատնից կամ լինելով անօթեւան՝ փորձում են մի քանի տեղ աշխատել ու իրենց քրտինքով վաստակել։ Երբ տեսնում եմ անօթեւան երեխաների, փորձում եմ օգնել, եւ այս երգով ցանկանում եմ` նրանք իմանան, որ մենակ չեն եւ չկորցնեն իրենց ներսում ապրող բարությունը։ Երբ կարդացի խոսքերը, այնքան ազդեցիկ էին, որ անմիջապես ստեղծեցի երաժշտությունը, իսկ գործիքավորումը վստահեցի Արամ Րիանին”։

Աստղիկ Սաֆարյանի "Որբուկ" տեսահոլովակի նկարահանումներին


Աստղիկը հուսով է, որ նոր տեսահոլովակը դիտողներին մտածելու առիթ կտա. “Մեզնից շատերը, եթե նույնիսկ մեկ օր այս ապրումներն ունենան, միգուցե այլեւս անտարբեր չանցնեն նման երեխաների կողքով։ Եվ, ինչո՞ւ ոչ, մի փոքր ներդրումն ու հոգատարությունը կարող է փոխել մեկ մարդու կյանք…”։

Տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի սկզբին։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին