×


Աստղիկ Սաֆարյանն ի՞նչ նպատակով է վերադարձել Երեւան

Աստղիկ Սաֆարյանը նոր մտահղացումներով ու հարազատներին կարոտած Բարսելոնից վերադարձել է հայրենիք: Փոփ-ռոք երգչուհին նախորդ անգամ Հայաստանում եղել է 2012 թվականի օգոստոսին, այս անգամ էլ 3 շաբաթով կրկին Երեւանում է: BRAVO.am-ի հետ Աստղիկը շրջել է մայրաքաղաքի իր սիրելի վայրերով, լուսանկարվել, պատմել իր ամենավերջին նորությունների մասին:

Աստղիկ Սաֆարյանը


Հարազատ մայրաքաղաքում` զբոսաշրջի՞կ :)

Երեւանը շատ էի կարոտել, հատկապես այստեղի առօրյան, ընկերներիս ու հարազատներիս: Երբ օդանավակայանից դուրս եկա, աննկարագրելի հաճույք ստացա` զգալով հետանձրեւային թարմ օդը: Բնականաբար, ամենից շատ կարոտել էի մեր տունը եւ ամենաշատն ուզում էի հասնել տուն ու զգալ, որ իրոք Երեւանում եմ:):

Իմ հարազատ քաղաքում շատ բան է փոխվել` ե՛ւ ավելացել, ե՛ւ պակասել… Այս անգամ նույնիսկ մի պահ ինձ զբոսաշրջիկ զգացի եւ այդժամ միայն հասկացա, թե զբոսաշրջիկների աչքերով ինչքան ջերմ կլինի մեր մայրաքաղաքը:

“Շուտով կներկայացնեմ իմ դիզայներական աշխատանքները”. Աստղիկ Սաֆարյան


Մագիստրատուրայից մագիստրատուրա

Հայաստան վերջնականապես վերադառնալս դեռ հստակ չէ… Բարսելոն տեղափոխվելու ամենակարեւոր պատճառն ուսումս է եղել եւ կա: Անգլերենով ուսուցմամբ առաջին մագիստրատուրան ավարտեցի նախորդ տարի` ստանալով տնտեսագետի որակավորում: Հիմա մագիստրոսական երկրորդ կրթությունն եմ ստանում, որն իսպաներեն լեզվով է ու կապված է թվային մարքեթինգի եւ բիզնեսի կառավարման հետ:

Մուտք դեպի նորաձեւության աշխարհ

BRAVO.am-ի համար կբացահայտեմ այստեղ գալուս պատճառներից մեկը: Երկար ժամանակ է, ինչ ուզում եմ որպես ոճաբան ներկայացնել իմ ճաշակով ու պատկերացմամբ կարված իրեր: Նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ սկսել եմ, բայց քանի որ դեռ սաղմնային վիճակ է, չեմ նշի` ինչ աքսեսուարներ են լինելու: Հետաքրքիր մտքեր ունեմ, որոնք ուզում եմ հենց հայ դերձակների, ձեւավորողների օգնությամբ իրականացնել. այստեղ ավելի լավ ենք հասկանում իրար: Ինձ հետ բերել եմ որոշ կտորներ ու նյութեր, սկզբում կլինի հավաքածու, հետո արդեն կմտածեմ վաճառքի ձեւերի մասին:

Աստղիկ Սաֆարյանը


Կարծում եմ` նորաձեւության ոլորտում մասնագիտական գիտելիքներս ինձ կօգնեն, մանավանդ մագիստրոսական թեզի պաշտպանության համար պետք է զբաղվեմ կայքի պատրաստմամբ, օնլայն վաճառքով, որը բարդ գործընթաց է:

Հիմա մտածում եմ` հավաքածուիս համար ինչ անուն ընտրել, միգուցե օգտագործեմ այն գաղտնի մականունը, որով ինձ դիմում եմ միայն ընտանիքիս անդամները: Նորաձեւության հետ կապված ամեն ինչ սիրում եմ, բայց չեմ փորձում իմ խորհուրդներով միջամտել շրջապատիս մարդկանց ճաշակին, եթե իրենք ինձնից կարծիք չեն հարցնում:

Աստղիկ Սաֆարյանը


Փոփ-ռոք ոճին հավատարիմ
    

Շարունակում եմ երգեր գրել ու երգել: Այստեղ ամենահեշտն եմ կարողանում ստեղծագործել: Շատերը հարցնում եմ, թե ծովի ափին ապրելով` ինչու երգեր հաճախ չեմ գրում, բայց իսկապես մուսան ինձ մոտ գալիս է Երեւանում:): Օրինակ`  հիմա աշխատում եմ նոր մի երգի վրա, որի գործիքավորումը լսելուց հետո, երդվում եմ, հինգ րոպեում գրեցի խոսքերն ու երաժշտությունը, մինչդեռ Իսպանիայում հնարավոր է` մի քանի օր տեւեր: Երգն արդեն ձայնագրվել եմ, այն համագործակցություն է այլ ոճի երաժիշտների հետ, բայց իմ փոփ-ռոքը պահպանելու եմ:

Աստղիկ Սաֆարյանը


Բարսելոնում թողած կիսատ գործերի մասին


Բարսելոնում եւս աշխատում եմ, մի հետաքրքիր նախագիծ կա, որին իմ մասնակցությունն ավելի շատ կլինի որպես պրոդյուսեր, երաժշտական խորհրդատու: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա սիրով կմասնակցեմ ու իմ փորձը կփոխանցեմ նոր կատարողներին:

Վերադառնալուց հետո պետք է ավարտին հասցնեմ թեզս ու քննություններս: Հուսով եմ` հարազատ հողում գտնվելն ինձ կրկնակի էներգիա եւ ուժ կտա այնտեղ պլաններս իրականացնելու համար:

Աստղիկ Սաֆարյանը


Իսպանիայից մինչեւ Իտալիա, Պորտուգալիայից մինչեւ Հայաստան

Ապրելով Իսպանիայում` պարբերաբար լինում եմ եվրոպական մյուս երկրներում: Ճանապարհորդելն իմ ամենասիրելի հոբբին է: Իսկապես շատ եմ սիրում այցելել նոր վայրեր, ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին, կենսակերպին, սովորել, զարմանալ, ինչն ինձ համար մեծագույն հաճույք է: Այս տարվա սկզբին եղել եմ Հռոմում, հիացել պատմական կառույցներով ու եկեղեցիներով, նաեւ այցելել եմ Վատիկան, այնուհետեւ` Նեապոլ ու անկրկնելի Պոմպեյ քաղաք, որի պատմությունն ինձ շատ հուզեց:

Աստղիկ Սաֆարյանը


Այս տարի նաեւ եղել եմ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում. հիանալի տպավորություններ, համեղ խոհանոց եւ ջերմ մարդիկ, որոնց աչքերը հպարտորեն փայլում էին, երբ նրանց հետ զրուցելիս հանկարծ նշում էի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի անունը:): Շատ էի ցանկանում նաեւ Գերմանիա մեկնել. իմ լավ ընկերներից մեկն առաջարկեց գնալ Մյունխեն, բայց ավելի նպատակահարմար գտա վերադառնալ Երեւան:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին