×


Աստղիկ Սաֆարյան.«Նարեկն իսկապես շատ սրտանց նվիրվել է»

Աստղիկ Սաֆարյանն ու «Մեծ Հայք»-ի Նարեկը շուտով նոր զուգերգ կներկայացնեն։ Երգչուհին BRAVO.am-ի հետ կիսվել է այս լուրով՝ պատմելով մանրամասների եւ իր առաջիկա ծրագրերի մասին։

Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկի փոխանցմամբ՝  միասին երգելու ցանկությունը եղել է երկկողմանի, վաղուց են որոշել համագործակցել.«Եթե փաստացիորեն դիտարկենք, ապա առանց ավելորդ համեստության, հայկական փոփ-ռոք ժանրի հիմնադիրն եմ, Նարեկն էլ` հայկական R&B ժանրի հիմնադիրն ու լավագույն ռեփերներից մեկը։ Միշտ գնահատել ու սիրել եմ նրա ներկայացրած երաժշտությունը։ Միասին աշխատելու պահը հասունացավ, քանի որ երկուսս էլ հիմա Երեւանում ենք։ Նա մի անգամ ինձ ասել էր, որ ստեղծել է «Play Back Production» երաժշտական ստուդիան, ես էլ խոստացա, որ երբ սկսեմ նոր երգի համար աշխատել, կհամագործակցենք։ Այս անգամ Երեւան գալով` կապվեցի իր հետ, ուղարկեցի մի երկու երգ, որոնցից հենց այս գործը հավանեց, եւ անմիջապես սկսեցինք աշխատել»։

Աստղիկ Սաֆարյանը եւ «Մեծ Հայք»-ի Նարեկը


Ինչպես պատմել է երգչուհին, երգը R&B, ռեփ ու ռոք ժանրերի միախառնում է. «Հեղինակը ես եմ, բայց քանի որ այն կներկայացվի որպես զուգերգ, Նարեկն էլ գրել է իր հատվածի խոսքերը։ Շատ թարմ, գունեղ եւ դրական երգ է։ Պետք է նկատեմ, որ Նարեկն իսկապես շատ սրտանց նվիրվել է գործին։ Ձայնագրությունն անցավ դրական մթնոլորտում, եւ մեր լավ տրամադրությունը փորձել ենք երգին փոխանցել, իսկ երգն էլ այն կփոխանցի մեր լսարանին»։

Զուգերգի վերնագիրը դեռ չեն բացահայտում, բայց խոստանում են նոր աշխատանքը շուտով ներկայացնել տեսահոլովակով.«Առաջիկայում կսկսենք նկարահանումները, արդեն քննարկում ենք մանրամասները։ Նկարահանումը եւս կվստահեմ «Play Back Production»-ին»։

Աստղիկ Սաֆարյանը


Երգչուհին պլանավորել է այս տարի նշել իր երաժշտական գործունեության 10-ամյակը եւ այդ առիթով մի նախագիծ է պատրաստում.«Այստեղ օրուգիշեր դրանով եմ զբաղվում։ Ամռան ընթացքում կշարունակեմ աշխատել, բայց, հավանաբար, կարճ ժամանակահատվածով մեկնեմ Բարսելոնա եւ Միլան, քանի որ տաղանդավոր լուսանկարիչներից առաջարկ ունեմ լուսանկարվելու որպես ֆոտոմոդել։ Այնուհետեւ նորից կվերադառնամ Երեւան՝ շարունակելու աշխատանքս: Հուսով եմ, որ այն կգոհացնի երկրպագուներիս: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ներկայացնելու իմ սիրելի լսարանին»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին