×


Արամն ու Անետը միավորել են Արփինե Իսրայելյանին, Տաթեւ Հովակիմյանին, Վարդան Հովսեփյանին եւ ուրիշների :)

Ռեժիսոր Վահե Յանը դրամատուրգ Կարինե Խոդիկյանի ստեղծագործության հիման վրա առաջիկայում հետաքրքիր ձեւաչափով նոր ֆիլմ կներկայացնի, որի աշխատանքային անունն է «Արամ եւ Անետ», իսկ դերասանական կազմում ընդգրկված են հանդիսատեսին ծանոթ դեմքեր:

Ռեժիսոր Վահե Յանը (աջից) եւ "Արամ եւ Անետ" ֆիլմի դերասանները


Նա BRAVO.am-ին հայտնել է, որ «Աննա Հեդվիգ Բյուլ. վերջին աղոթքը» գեղարվեստավավերագրական ֆիլմից հետո սա իր երկրորդ աշխատանքն է խաղարկային ժանրում.«Առաջարկը ստացել եմ «Շարմ»-ից: Գեղարվեստական ֆիլմ է՝ «սքրիփթ-ռեալիթի» ձեւաչափով, կամ էլ «սքրիփթ-ռեալիթի» է` գեղարվեստական ֆիլմի արտահայտչամիջոցներով»:

Ռեժիսորի խոսքով` նկարահանումների համար նախատեսված է երեք փուլ. «Առաջինը իրադարձային հատվածն էր, որը տեղի ունեցավ Մեծ եղեռնի հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակում` ապրիլի 21-ից 25-ը: Երկրորդ փուլը գեղարվեստական մասն է, որի նկարահանումներն արդեն սկսել ենք, իսկ երրորդը գլխավոր հերոսների հարցազրույցներն են, որոնք կիրականացնենք հոկտեմբերին»:

Խոսելով դերասանական կազմի մասին` Վահե Յանն ասել է, որ մրցույթ չի եղել. «Սցենարը կարդալիս արդեն գիտեի, թե ով ինչ կերպար է մարմնավորելու, եւ հրավիրել ենք: Հարկ եմ համարում նշել, որ գլխավոր դերակատարները` ԵԹԿՊԻ ռեժիսորական ֆակուլտետի ուսանողներ Մերի Մկրտչյանն ու Անդրանիկ Բաբայանն են, ովքեր դերասաններ չեն: Բոլորն էլ լավ են իրենց դրսեւորում, եւ ես մեծ բավականություն եմ ստանում նկարահանման հրապարակում նրանց հետ աշխատելիս»:

Արփինե Իսրայելյանը


Արփինե Իսրայելյան. «Դերս մեծ չէ, բայց իմն է»


Արդիական, հայեցի, նուրբ, հումորով եւ կոլորիտային գործ է, որից ստեղծվում է գեղեցիկ պատմությամբ ֆիլմ: Ես մարմնավորում եմ Նարեին: Ինձ վստահված դերը մեծ չէ, բայց իմն է: Ֆիլմը նորություն կլինի հայ հանդիսատեսի համար իր ձեւաչափի շնորհիվ: Ռեժիսորի հետ առաջին անգամ եմ համագործակցում, բայց վստահ կարող եմ ասել, որ նրա շնորհիվ նկարահանումներն ընթանում են ջերմ եւ անմիջական մթնոլորտում: Վահեն ունի ծով համբերություն եւ ստեղծագործելու մեծ ցանկություն:

Առաջարկը միանգամից եմ ընդունել` ի շնորհիվ սցենարի: Ի ուրախություն ինձ, աշխատում եմ ոչ միայն ընկերներիս, այլեւ նոր մարդկանց հետ: Կարեւորն, իհարկե, պրոֆեսիոնալիզմն է, բայց ընկերների հետ աշխատելն էլ ավելի հաճելի է:

Տաթեւ Հովակիմյան. «Շատ երջանիկ եմ եւ հպարտ Վարդանով»

Ֆիլմն ունի հետաքրքիր ձեւաչափ։ Այս անգամ խաղում եմ փոքրիկ դեր` մարմնավորելով Մառային, ում ամուսնու կերպարում էլ Վարդան Հովսեփյանն է: Նրան դեռ չեմ ասել այս խոսքերը, բայց հիմա կասեմ` շատ երջանիկ եմ եւ հպարտ Վարդանով, շատ հեշտ է եւ հաճելի լինել նրա խաղընկերը: Ուրախ եմ նաեւ, որ նկարահանման հրապարակում ծանոթացա հրաշալի մարդկանց հետ` Իշխան Ղարիբյան, Թեհմինե Խաչատրյան։
Կերպարս շատ եմ սիրել: Առհասարակ, առաջարկն ընդունելիս հաշվի եմ առնում դերն եւ ռեժիսորին։ Դեռ չեմ աշխատել որեւէ տեղ ստիպված կամ տհաճությամբ: Յուրաքանչյուր գործ անելուց առաջ եւ հետո էլ հիշում եմ իմ զրոյական կետը, որտեղից սկսել եմ, մարդկանց, ովքեր կողքիս են եղել, վստահել ու հավատացել են ինձ։

Արփինե Իսրայելյանը, Վարդան Հովսեփյանը եւ Տաթեւ Հովակիմյանը


Վարդան Հովսեփյան. «Կհամաձայնեի նույնիսկ անվճար աշխատել»

Ֆիլմում մարմնավորում եմ ծրագրավորող Սուրենին: Մեծ սիրով եմ գնում նկարահանման հրապարակ. նկարահանումներն անցնում են լավ, դրական ու պոզիտիվ մթնոլորտում: Առաջարկը, կարելի է ասել, ընդունել եմ Վահեի հետ աշխատելու համար: Նրան վաղուց գիտեմ. ուսանողական տարիներին միասին ներկայացումներ ենք արել: Նույնիսկ եթե առաջարկեր անվճար աշխատել, կհամաձայնեի:

Վահե Յանի փոխանցմամբ` «Արամ եւ Անետ» ֆիլմը նախատեսված է 12+ տարիքային խմբի համար, իսկ մեծ էկրան կբարձրանա հաջորդ տարի:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` ֆիլմի ստեղծագործական կազմի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին