×


Արամ Նիկոլյանի նոր հավաքածուն կցուցադրվի Սեւանում :)

Արամ Նիկոլյանը հուլիսի 5-ին Սեւանում կներկայացնի իր նոր հավաքածուն, որի ստեղծման գործում անմիջական ներդրում ունեն երեխաները, իսկ ցուցադրություն-վաճառքը կազմակերպվում է բարեգործական նպատակով: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է ոճաբան-դիզայները, կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված հագուստի վրա արտատպված է լինելու փոքրիկների մտքի թռիչքը:

Արամ Նիկոլյանի նոր հավաքածուի կտորներին կարտատպվեն երեխաների հեղինակած նկարները


“Քանի որ նախաձեռնությունը բարեգործական բնույթ ունի, առաջարկեցի ներգրավել երեխաների, որոնց հետ աշխատել եմ մոտ երկու ամիս: Նրանց հեղինակած նկարներից կտորներ ստացա, որոնցով էլ կարվում են զգեստները: Երեխաների ներաշխարհն այնքան հակասական ու հետաքրքիր է, որ, շրջանակի մեջ չդնելով, թողել եմ իրենց պատկերացրածը նկարեն: Վերջում ընտրեցի մեծ մասամբ ծաղկային եւ բնության հետ կապ ունեցող պատկերները”,-ասել է նա` տեղեկացնելով, որ գաղափարն իրականացնում է “Երազ” բարեգործական հիմնադրամի առաջարկով:

Արամ Նիկոլյանի նոր հավաքածուի կտորներին կարտատպվեն երեխաների հեղինակած նկարները


“Իմ երազը” հավաքածուի վաճառքից ստացված ողջ հասույթը կծառայի “Մուրացան” հիվանդանոցային համալիրում գտնվող հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաներին. ձեռք կբերվեն շաքարաչափերի թեստ-երիզներ` տնային պայմաններում հիվանդությունը վերահսկելու համար:

Արամ Նիկոլյանի նոր հավաքածուի կտորներին կարտատպվեն երեխաների հեղինակած նկարները


Սեւանում կայանալիք ցուցադրության փակագծերն ամբողջովին չբացելով` դիզայները պատմել է, որ միջոցառմանը ներկա կլինեն նաեւ երեխաներ.“Այս օրերին շարունակում եմ աշխատել զգեստների ստեղծման վրա: Մոտ 50 հագուստից բաղկացած հավաքածուն մատչելի կլինի. փորձում ենք շատ կարել, որ մեծ գումար հավաքվի”:

Եթե ցանկանում եք մասնակցել ցուցադրություն-վաճառքին, կարող եք զանգահարել (077)124-184 հեռախոսահամարով կամ ցուցադրությունից հետո հավաքածուի նմուշները ձեռք բերել Արամ Նիկոլյանի ատելյեից:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Արամ Նիկոլյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին