×


Արամ MP3-ի հումորները, հուզիչ խոստովանությունը կնոջը եւ Գարիկի` կիթառ կոտրելու ցանկությունը

Արամ MP3-ի համար մայիսի 14-ը սպասված օր էր. Մարզահամերգային համալիրի համերգային լեփ-լեցուն դահլիճը սպասում էր շոուի մեկնարկին, որը սկսվել է անիմացիոն տեսաշարով.«Քանի ամիս իմ պաստառները փակցված են Երեւանում: Ցրտին, անձրեւին եւ քամուն ծաղկած մորուքով ինձ հույս եմ տվել, որ գարուն է գալու, համերգ է լինելու։ Այս ամենի հեղինակն այսօր պատասխան է տալու, ես էդ տղեն չեմ եղել:)»։

Արամ MP3-ի մենահամերգին


Ակումբային մենահամերգներով բազմիցս ներկայացած երգչի համար սա առաջին մասշտաբային մենահամերգն էր, որն առանձնանում էր շքեղ տեսաձայնային էֆեկտներով եւ մեծածավալ աշխատանքով։

Համերգի սկզբում ներկաները հոտնկայս ծափահարել են դահլիճում ներկա Արցախի ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին.«Ո՞ւմ շնորհիվ է, որ այսօր լավ տրամադրություն ունենք ու հաղթանակած ենք, իհարկե, մեր զինվորների։ Մեր հերոս տղերքը, ովքեր կանգնած էին առաջին գծում, հիմա հաղթանակած նստած են ձեր կողքին։ Շնորհակալություն ձեզ, տղերք ջան։ Մեր անձնակազմով որոշել ենք համերգի հասույթը փոխանցել Արցախի պաշտպանության բանակին։ Եվս մեկ անգամ խոնարհվում եմ բոլորիդ առջեւ»։

Արամ MP3-ի մենահամերգին


Երկու ժամ շարունակ Արամ MP3-ն կատարել է իր երգացանկից «Just Go On», «If I Tried», «You're My Sunshine», «Positive», «Shine» երգերը, հայտնի հիթերն էլ երգել սեփական ձեռագրով՝ «This Is A Man's World», «Elevation», «What Goes Around, Comes Around», «Gangnam Style», «Իմ սիրո հասակ»։ «Մանկական Եվրատեսիլ 2015»-ին մասնակցած Միկայի հետ նա նոր զուգերգ է ներկայացրել, թառահար Միքայել Ոսկանյանի նվագակցությամբ` նոր մշակումներ, նաեւ կատարել է դուետ ինքն իր հետ՝ միաժամանակ երգելով կնոջ եւ տղամարդու ձայներով։

Գարիկ Պապոյանն էլ իր կիթառով միացել ու ռոքային մթնոլորտ է ստեղծել՝ ոտքի հանելով հանդիսականներին.«Շնորհավորում եմ իմ ընկերոջը լավ համերգի համար։ Շատ էներգիայով լի երգեր էինք նվագում, եթե ես իմանայի, որ դահլիճում փող կհավաքվի՝ մի 400.000 դրամ, կիթառս կջարդեի:)»։

Գարիկը` Արամ MP3-ի մենահամերգին


Հումորիստ-երգչի հետ բեմում են եղել պարողներ, բեքվոկալիստներ եւ կենդանի նվագակցությունն ապահովող երաժիշտներ։ Բոլոր երգերը մեծ էկրանին ուղեկցվում էին անիմացիոն լուծումներով ու տեսանյութերով։ CreativePRgroup-ի կազմակերպած համերգի գեղարվեստական ղեկավարը Վահագն Գրիգորյանն էր, գրաֆիկական դիզայները՝ Արամայիս Հայրապետյանը, հագուստի դիզայները՝ Դիանա Շատվերյանը։


Հանդիսականների համար ամենահուզիչ պահը երգչի սիրո անկեղծ խոստովանությունն էր իր կնոջը.«Աննա, երեւի սպասում ես, թե երբ է վերջանալու համերգը։ Հասկանում եմ՝ դժվար է քեզ համար, դժվար է լինել մի մարդու կողքին, որը բոլորի համար երգում է, իսկ գիշերները քո կողքին խռռացնում:)։ Ես սիրում եմ քեզ, հավերժ քո երկրպագուն եմ, հիմա դու այստեղ դահլիճում ես՝ հմայիչ ժպիտով, նորաձեւ ու շքեղ հագնված, փախած սանրվածքով, բայց ինչ-որ մի բան պակասում է, որ կերպարդ լինի ամբողջական։ Աննա, էրեխեն ո՞ւր ա, հա, տատիկենց տանը, ապրես, հաճախ էդպես արա, երեխեն փոփոխություն ա սիրում, հանկարծ չձանձրանա։ Մոռացա ասեմ, որդուս համար նվեր եմ առել, փազլ իմ դեմքով, որ ինձ չմոռանա, չհաշված վիդեոները։ Վիդեո ասեցի, հիշեցի, խոսք եմ տալիս, մինչեւ լրանա մեր ամուսնության տասնամյակը, երբ նշենք մեր «վարդագույն» հարսանիքը, սեր իմ, հավատա, մեր հարսանիքի վիդեոն մոնտաժ կանեմ։ Մեր ամուսնությունից անցել է ութ տարի, դրանից չորս տարի առաջ ծանոթացանք։ Հիշո՞ւմ ես, որ կարաոկեում սկզբում երգեցիր դու, հետո՝ ես, հենց այդտեղ էլ ամեն ինչ որոշվեց, որ դու էլ երբեք չես երգելու։ Հիմա որքան ես ուզում բարձրանալ բեմ, երգել ու երգել, բայց խնդրում եմ, մի քիչ սպասիր. ես լցրել եմ համալիրը, դու կդատարկես, կյանքս:): Գիտե՞ս, հաճախ եմ մտածում, միգուցե ճիշտ կլիներ մնայի դեղագետ, այդ դեպքում քեզ հետ կվայելեի այս համերգը, կերգեր ինչ-որ Գառնիկ MP3, կարեւորը` ձեռքդ բռնած քո կողքին կնստեի։ Հասկանում եմ քեզ, բայց ես էլ եմ հոգնել հասկանալուց, որովհետեւ  Աստված կնոջը ստեղծել է ոչ թե նրան հասկանալու, այլ սիրելու համար, ես սիրում եմ քեզ, պատրաստ եմ հանուն մեր սիրո ամեն ինչի»։

Արամ MP3-ի կինը` Աննա Մարգարյանը


Երգչի մենահամերգները, ավանդույթի համաձայն, ավարտվում են Երեւանին նվիրված «Այստեղ եմ ծնվել» երգով, բայց այս անգամ նա կատարել է Հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի»-ն, որի ընթացքում էկրանին երեւացել են Հայաստանի, Արցախի դրոշներն ու զինանշանը.«Այսօր մեզ պետք է համախմբված լինել։ Կան մարդիկ, որ ուզում են ապացուցել, որ հայրենասիրություն չկա, ավելի լավ է գնալ, բայց դրսում ապրելը լավ չի, մեկ ա, դու այնտեղ ճորտ ես։ Երբ ինձ առաջարկում էին Միացյալ Նահագներում ապրել, քեռիս մի բան ասաց, որ մեջս տպավորվել է, ասաց` հո դու բոշա չես, էս ա քո հայրենիքը, ուր ես գնում։ Հայ լինելը բառերով դժվար է արտահայտել, հաստատ մեր ԴՆԹ-ի մեջ կա։ Ճամփորդեք, ման եկեք, հավանեք, իհարկե, լավը կա, բայց մեկ ա սրանից չկա…»: Բուռն ծափահարություններից հետո ներկաները ձայնակցել են նրան։

Համերգից հետո BRAVO.am-ի հետ զրույցում Արամ MP3-ն կիսվել է հույզերով. «Հանդիսատեսը միայն լավ խոսքեր է ինձ ասում, նրանք գոհ են, ես էլ եմ գոհ:): Այնքան լավ էներգետիկա էր, այնքան լիցքեր եմ ստացել, որ գիշերը հաստատ չեմ կարողանա քնել»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին