×


Արամ MP3-ն, Մալխասը, Դիկովսկին եւ այլ հայտնիներ՝ հանուն երեխաների առողջության

«Mezzo» ակումբում երեկ բարության նոտաներ էին հնչում. «Absolute Band»-ը, Լեւոն Մալխասյանը, Aram Mp3-ը, Արամոն, Էմմա Պետրոսյանը եւ Դիանա Դիկովսկին ելույթ ունեցան «Հայ աստղերը հանուն առողջության» խորագրով բարեգործական համերգի շրջանակում` նպատակ ունենալով օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին: Երեկոն վարում էր Եգոր Գլումովը:

«Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամը նշում է 5-ամյակը


Նախաձեռնության հեղինակը «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամն էր, որն այս տարի նշում է իր 5-ամյակը: Կազմակերպության հիմնադիրն Անահիտ Բարսեղյանն է, ով ավելի քան մեկ տարի իր փոքրիկի հետ պայքարել է քաղցկեղի դեմ եւ հաղթել: Երեխայի առողջանալուց հետո Անահիտը հիմնել է «Bridge of Health» հիմնադրամը՝  նպատակ ունենալով հիվանդությանը հաղթելու հնարավորություն տալ յուրաքանչյուր փոքրիկի:

«Բոլորս էլ գիտենք, որ քաղցկեղի բուժումը շատ երկար է ու թանկ, եւ ծնողն ի վիճակի չէ միայնակ լուծել այդ խնդիրը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է` ստեղծվեն հիմնադրամներ, որոնք կաջակցեն: Մեր հիմնադրամը 5 տարվա ընթացքում օգնել է 90-ից ավելի երեխաների այն դեպքում, երբ Հայաստանում ունենում ենք տարեկան 100 նոր դեպք, որոնցից 75%-ը բուժելի է: Բացի նրանից, որ դրամահավաք միջոցառումներ ենք կազմակերպում, նաեւ փորձում ենք գտնել արյան դոնորներ: Երեխաների համար հաճախ միջոցառումներ ենք կազմակերպում հենց հիվանդանոցներում, որովհետեւ նրանք երկար ժամանակ այնտեղ են գտնվում ու չեն կարողանում դուրս գալ, շփվել, նորմալ կյանքով ապրել: Լինում են մարդիկ, որոնք պարզապես նվերներ են տալիս երեխաներին, շատերն ուտելիքով են օգնում, շատերը`գումարով, իսկ ամենակարեւորը հոգեբանական աջակցությունն է, որպեսզի նրանք համոզված լինեն՝ ամեն ինչ լավ է լինելու»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Անահիտ Բարսեղյանը:

Արամ MP3-ը


Ակումբի մուտքի մոտ տեղադրվել էր փոքրիկ արկղիկ, եւ հյուրերը կարող էին հանգանակություն կատարել՝ դրամական աջակցություն ցուցաբերելով հիմնադրամին: Դեռ համերգը չէր սկսվել, բայց արդեն բավական գումար էր հավաքվել: Իսկ որ ամենակարեւորն է, տոմսերի վաճառքից ստացված հասույթը նույնպես ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Անահիտի հետ զրույցում պարզեցինք, որ համերգի միտքն առաջարկել է երգչուհի Դիանա Դիկովսկին.«Իրականում իր նախաձեռնությունն էր: Նախորդ անգամ, երբ նա եկավ Երեւան, ասաց` ուզում է հիմնադրամի համար մի լավ բան անել, եւ առաջարկեց համերգ կազմակերպել: Ես էլ մտածեցի` կարելի է կազմակերպել երեկո, որտեղ ելույթ կունենա ոչ միայն Դիանան, այլեւ մեր աստղերը: Ես շատ շնորհակալ եմ նրան, որ օգնեց կյանքի կոչել համերգի գաղափարը»:

Դիանա Դիկովսկին էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ յուրաքանչյուրիս պարտքն է երեխաներին փոխանցել մեր սերը, ջերմությունը, բարեհոգությունն ու ֆինանսական աջակցությունը.«Ամեն մարդ պետք է իր աջակցությունն ունենա այս հարցում, եւ նշանակություն չունի՝ մանկական հիմնադրամ է, թե մեծերի. եթե մեկն օգնության կարիք ունի, պետք է ձեռք մեկնել նրան: Մարդկությունն անբաժանելի թելով է կապված, եւ եթե մեկը դժվարին կացության մեջ է, չի կարող կողքինի համար լավ լինել, նա չի կարող իրեն լավ զգալ: Այդ իսկ պատճառով մենք պետք է արձագանքենք յուրաքանչյուրի օգնության կանչին»,- ասաց երգչուհին:

Լեւոն Մալխասյանը, Դիանա Դիկովսկին, Անահիտ Բարսեղյանը, Արամոն եւ Էմմա Պետրոսյանը


Նրա խոսքով՝  համերգը պետք է տեղի ունենար դեռեւս հունիսին, բայց շտապ մեկնելու անհրաժեշտություն է առաջացել. «Ափսոսում եմ, որ համերգին ներկա հյուրերը շատ չեն: Սպասումները շատ մեծ էին, բայց շնորհակալություն գոնե նրանց, ովքեր այսօր եկել են եւ պատրաստ են ձեռք մեկնել երեխաներին»:

Արամ Mp3-ը, սակայն, նկատեց, որ շատերը պարզապես չեն կարողացել գալ, բայց իրենց գումարը սիրով փոխանցել են հիմնադրամին.«Նպատակը մեկն է՝ անել հնարավորը, որպեսզի երեխաների խնդիրները լուծվեն: Իհարկե, դրա համար պետք են շատ կամեցող ու բարի մարդիկ, որոնցից շատերն այսօր այստեղ են: Սա մի բարի միջոցառում է, որտեղ կտրվում ես աշխարհից ու հասկանում, որ կյանքում շատ ավելի կարեւոր բաներ կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Բնականաբար փողը որքան էլ կարեւոր չէ մեր կյանքում, բայց այս պարագայում անհրաժեշտ է՝  կյանքեր փրկելու համար»,- նկատեց երգիչը:

Եթե դուք նույնպես ցանկանում եք օգնել երեխաներին կամ դրամական փոխանցումներ կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ապա կարող եք զանգահարել 094 55 55 77  հեռախոսահամարով կամ գրել bridgeofhealth@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին