×


Արծվիկը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի եւ նյարդայնանալու պատճառի մասին

Արծվիկ Հարությունյանը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի առաջին փուլից ֆավորիտներից էր, այժմ էլ կիսաեզրափակչում է։ «Ռուսաստանի ձայնը 2» հեռուստաշոուից հայտնի երգչուհին «Jazz Parking» նախագծի անդամներից է եւ հասցրել է սիրվել Ռուսաստանում։ Այս օրերին հայաստանյան մրցույթի մասնակիցները գրեթե ողջ օրվա ընթացքում փորձերի են, եւ Արծվիկի հետ BRAVO.am-ին հաջողվեց զրուցել նրա ընդմիջման րոպեների ընթացքում։

Արծվիկ Հարությունյանը


Նրա մարզիչը ֆրանսահայ երաժիշտ Եսայի Ալթունյանն է, Արծվիկը 
խոսում է ռուսերեն, Եսային՝ ֆրանսերեն, բայց երկուսն էլ հասկանում են հայերեն։ Նշենք, որ երգչուհին ծննդով Կապանից է, զրույցի ընթացքում հայերեն խոսում էր իր հայրենի առոգանությամբ.«Եսայիի հետ հայերեն կամ անգլերեն ենք շփվում, ինձ համար դժվար չէ, լիովին հասկանում եմ նրան։ Փորձերին օգնում է, այս պահին էլ ես սնվում եմ, ինքը մնացել է փորձասենյակում եւ շոուի մասին է մտածում:)»։

32-ամյա երգչուհուց հետաքրքրվել ենք՝ ինչ ակնկալիք ունի մրցույթից եւ ինչպիսին է պատկերացնում «եվրատեսիլյան» բեմելը.«Հիմա նյարդային օրեր են, բայց պետք է հավաքվենք ու գնանք դեպի «Եվրատեսիլ»։ Տեսնեմ՝ ինչ կլինի, վերեւում Աստված կա, ինչ նախատեսված է, այդպես էլ կլինի։ Թիմիս հետ բավական հետաքրքիր մտքեր ունենք. եթե հաղթեմ, պատկերացնում եմ՝ ինչ եմ երգելու, եթե չիմանայի, չէի մասնակցի։ Իմ կողմից ճիշտ չի լինի ասել, թե ով է ուժեղ կամ թույլ մրցակից, բայց բոլորս փորձում ենք լավագույն կերպով ներկայանալ։ Երկրորդ կիսաեզրափակչին կատարելու ենք երկուական երգ, մեկը եվրատեսիլյան, մյուսը՝ հայտնի երգի քավեր տարբերակ»։

Արծվիկ Հարությունյանը եւ Եսայի Ալթունյանը


Արծվիկը վերջին ամիսներին մեծ մասամբ Երեւանում է, ասում է՝ Հայաստանում այժմ ավելի շատ են իրեն ճանաչում.«Մրցույթի սկզբում գալիս-գնում էի, բայց վերջին անգամ մնացել եմ։ Քանի որ վաղուց եմ երգում, նախորդ այցերիս ժամանակ էլ ինձ Հայաստանում ճանաչում էին, բնականաբար, հիմա ուշադրությունը մեծացել է։ Միգուցե նախկինում չէին ճանաչում, հիմա ասում են, որ հավանում են իմ կատարումները։ Թեեւ շատ չեմ լինում դրսում, միայն անհրաժեշտ գործերի դեպքում, բայց հաճելի է, որ մարդիկ լավ խոսքեր են ասում»։

Նա բազմիցս կատարել է հայկական երգեր, BRAVO.am-ի հետ զրույցում էլ հայտնել է, որ շուտով կձայնագրի հայալեզու նոր երգ.«Հիմա կենտրոնացել եմ մրցույթի վրա։ Մոսկվայում գործերս այնքան են տուժում… վա՜յ, որ հիշում եմ, սկսում եմ նյարդայնանալ:). բազմաթիվ համերգներ, կորպորատիվ միջոցառումներ ու շատ բաներ բաց եմ թողել»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Առաջին ալիքի եւ Արծվիկի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին