×


Արմեն, Աննա, Լիլի Էլբակյանները` կյանքի քաղցր ելեւէջները բաց չթողնելու հորդորով :)

“Էդգար Էլբակյան” թատրոնում երեկ` հունիսի 5-ին, հանդիսատեսը ծափողջույններով է ընդունել “Թռցրու ինձ Լուսին” ներկայացման առաջնախաղը, որի բեմադրիչներն ու գլխավոր դերակատարները Արմեն եւ Աննա Էլբակյաններն են:

Արմեն, Աննա, Լիլի Էլբակյանները եւ Համոն


Դերասան-ամուսինները տրագիկոմեդիան բեմադրել են` ըստ Ջոն Պրիստլիի “Սկանդալային պատմություն միստր Քեթլի եւ միսիս Մունի միջեւ” ստեղծագործության, որում շոշափվում են համամարդկային խնդիրներ` ազատություն, սեր, խիղճ եւ այլն: 

Երբ “Ազատ ճայ” մականունով բանկի կառավարիչ Ջոնը նոյեմբերյան մի առավոտ որոշում է աշխատանքի չգնալ եւ իր կյանքը հիմնովին փոխել, աշխատակիցները, որոնց հերոսը համեմատում է մեծ մոխրագույն առնետների հետ, նրան ընդդիմանում են, փորձում բժշկի օգնությամբ հիպնոսի ենթարկել, բայց սիրելի կինը` Լյուսի Մերկուրին, եւ դեռահաս Մոնիկան նրան օգնում են իր որոշումից հետ չկանգնել:

Արմեն եւ Լիլի Էլբակյանները` "Թռցրու ինձ Լուսին” ներկայացման պրեմիերային


Ներկայացման մեջ զբաղված են Լիլի Էլբակյանը, Դավիթ Գասպարյանը, Հակոբ Հակոբյանը, Ստեփան Շահինյանը, Ռուբեն Աբրահամյանը, Հակոբ Հակոբյանը: Իսկ Համո Ադիյանը` Լիլիի ամուսինը, որը պրեմիերային հանդիսատեսի շարքում էր, երբեմն կփոխարինի բժշկի դերակատարին:

Աննա եւ Արմեն Էլբակյանները` "Թռցրու ինձ Լուսին” ներկայացման պրեմիերային


Պիեսի հայերեն թարգմանությունը կատարել է թատերագետ Տիգրան Քելեմյանը: Այս գործը կարդալիս Աննա Էլբակյանին ամենից շատ դուր է եկել ազատության գաղափարը. “Մարդիկ հիմա կաղապարվել են ու դարձել աշխատամոլ: Հերոսն իր օրինակով ցույց է տալիս, որ լավ վարձատրվող աշխատանքն ու փողն ազատություն չեն տալիս, փոխարենը մարդիկ բաց են թողնում կյանքի ամենափոքր ու քաղցր ելեւէջները:)”, - BRAVO.am-ին ասել է դերասանուհին:

Արմեն եւ Աննա Էլբակյանները, որոնք նաեւ կատարել են երաժշտական ձեւավորումը, նախապատրաստական աշխատանքները սկսել են դեռ մեկ տարի առաջ, բայց վերջին շրջանում են ներկայացումը ավարտուն տեսքի բերել: “Թռցրու ինձ Լուսին”-ը բեմադրված է այնպես, որ գործողությունները կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում կամ ուրիշ մոլորակում, մարդկային խնդիրները նույնն են` անկախ ազգային պատկանելիությունից:

Աննա եւ Լիլի Էլբակյանները` "Թռցրու ինձ Լուսին” ներկայացման պրեմիերային


Դերասան Հակոբ Հակոբյանը, որը մոտ երեք տարի աշխատում է այս թատրոնում, մեզ հետ զրույցում նշել է, որ իր դերը սիրով է ստանձնել.“Այս գործը հանդիսատեսին մտածելու տեղիք կտա, բայց եւ կան ծիծաղելի դրվագներ: Ի վերջո, սերն է փրկում աշխարհը: Մարդուն շատ բան պետք չէ երջանկանալու համար, երջանկությունը պարզ երեւույթների մեջ է: Իսկ մարդիկ, կորցնելով զգալու ունակությունը, երջանկությունն ուրիշ տեղ են փնտրում, ինչի պատճառով ընտանիքը, ազգը, պետությունը վերածվում են մի պանթեոնի, որտեղ բոլորը ողջ են, բայց պարզվում է` մեռած են”:

Էլբակյանական “Թռցրու ինձ Լուսին” ներկայացումն արդեն թատրոնի խաղացանկում է, այն կարող ես անձամբ դիտել ու գնահատել հունիսի 13, 19, 20, 26, 27-ին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին