×


Արմեն Գարո.“Շնորհակալություն հայտնեցի ԴիԿապրիոյին, որ չծեծեց ինձ այնքան ուժեղ, որքան 8 տարի առաջ”

Ամերիկաբնակ հայազգի դերասան Արմեն Գարոն, որը հիմնականում մարմնավորում է քրեական աշխարհի ներկայացուցիչների, հայտնի է Մարտին Սկորսեզեի եւ Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ իր համագործակցություններով: Սպորտային կարիերան եւ կինոն համատեղող Գարոյի կյանքում շրջադարձային էր  2006 թվականը, երբ առաջարկ ստացավ խաղալ “Հանգուցյալները” ֆիլմում, իսկ ահա 2013-ին նկարահանվել է “Օսկարի” առաջադրված միանգամից երկու` “Ուոլ սթրիթի գայլը” եւ “Խաբեություն ամերիկյան ձեւով” ֆիլմերում: BRAVO.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Արմեն Գարոյի հետ:

Արմեն Գարոն


-Արդեն երկրորդ անգամ եք աշխատում Սկորսեզե-ԴիԿապրիո ստեղծագործող զույգի հետ: Ի՞նչ է Ձեզ տվել նրանց հետ համագործակցությունը: 

-“Հանգուցյալներ”-ում խաղացել եմ իմ կարիերայի լավագույն դերերից մեկը: Տեսարաններից մեկում ես ու Ջոն Սենատիեմպոյի կերտած մյուս գանգստերը դաժանորեն ծեծ ենք ուտում ԴիԿապրիոյի մարմնավորած հերոսի կողմից: Առաջին անգամ էր, որ աշխատում էի այնպիսի արտիստների հետ, որոնց անուններն ասոցացվում են սիրված ու բազմաթիվ մրցանակների արժանացած ֆիլմերի հետ: Նկարահանումների ընթացքում նրանք իրենց այնքան սովորական էին պահում, որ ինձ հարմարավետ էի զգում: Նույն մթնոլորտն էր տիրում նաեւ “Ուոլ սթրիթի գայլ”-ի ժամանակ, որտեղ կրկին հանդես եմ գալիս Լեոյի մասնակցությամբ տեսարանում:

-“Ուոլ սթրիթի գայլն” ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ձեր հետագա կարիերայի վրա: 

-Սկորսեզեն հիանալի մարդ է, իսկական ջենթլմեն, եւ ես այնքան շնորհակալ եմ նրան` իր հետ աշխատելու եւս մեկ հնարավորություն ստանալու համար: Այս ֆիլմն ինձ համար մեծ նշանակություն ունի այն պատճառով, որ Մարտինը հնարավորություն ընձեռեց ունենալ Գարրի Փասթորի եւ Լուի Վանարիայի պես խաղընկերներ: Երկուսն էլ հիանալի դերասաններ են, նախկինում էլ աշխատել եմ Լուիի հետ: Ստացվեց այնպես, որ ժամանակակից կինոարդյունաբերության լավագույն ռեժիսորներից մեկն ինձ ծանոթացրեց երկու դերասանի հետ, որոնցով տարիներ շարունակ հիացել եմ:

Արմեն Գարոն 2 տարեկանում


- Ֆիլմի նկարահանումներից հետաքրքիր ի՞նչ դեպք կհիշեք:

-Երբ ավարտեցինք իմ տեսարանի նկարահանումները, մոտեցա ԴիԿապրիոյին եւ շնորհակալություն հայտնեցի, որ այս անգամ ինձ չծեծեց այնքան ուժեղ, ինչպես արել էր 8 տարի առաջ “Հանգուցյալները” ֆիլմում: Դրանից հետո երկուսս էլ սկսեցինք բարձր ծիծաղել, հետո Լեոն ավելացրեց, որ այդ տեսարանը լավ է հիշում:

-Հիմա 2013-ի երկրորդ մեծ ֆիլմի մասին՝  “Խաբեություն ամերիկյան ձեւով”: Այստեղ Ձեր խաղընկերներն են Քրիստիան Բեյլը, Բրեդլի Կուպերը, Ջենիֆեր Լոուրենսը եւ ուրիշներ:

-Խաղում եմ մաֆիայի հետ կապ ունեցող խաղատան մենեջերի դեր, որի անունը Դիք Հելսինգ է: Նա մի քիչ էլ հանցագործ է: Հիշում եմ` լավ ծիծաղեցինք, երբ նկարահանում էինք այն հատվածը, որտեղ ավտոմեքենայի հետեւի նստատեղին նստած Քրիստիան Բեյլի գլխին տոպրակ եմ հագցնում: Ամեն անգամ գործողությունը կրկնելով` փչացնում էի նրա սանրվածքը, դրան գումարած հրացանը պահում էի վրան ու վախեցնում: Եվ յուրաքանչյուր փորձից հետո օգնում էի Քրիստիանին վերականգնել սանրվածքը: Դրսում հավաքված հարյուրավոր աղջիկներ՝ երկրպագուհիները, ճչում էին, եւ ես կատակում էի, թե նրանցից յուրաքանչուրը կերազեր այդ պահին լինել իմ տեղում:

Արմեն Գարոն` "Քաղցրիկ Չարիթի" ֆիլմում


-2013-ին խաղացել եք “Լավագույն ֆիլմ” անվանակարգում “Օսկարի” առաջադրված միանգամից երկու ֆիլմում: Այնպես որ, սպասում ենք Ձեր կանխատեսումներին. “Ուոլ սթրիթի գա՞յլը”, թե՞ “Խաբեություն ամերիկյան ձեւով”-ը կհաղթի:

-Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ այս տարվա նոմինանտ բոլոր ֆիլմերը այնպիսի ստեղծագործություններ են, որոնք չդիտելը շատ մեծ սխալ կլինի: Ուզում եմ ասել` նրանք բոլորն այդքան լավն են:

-Այս տարի էկրան բարձրացող “Միայն Աստված գիտի” ֆիլմի մասին ի՞նչ կասեք: 

-Խաղում եմ Անջելոյի դերը: Նա տեղական մաֆիայի բոսս Սալվատոր Վիտալգիայի թիկնապահն ու վարորդն է: Ակնկալվում է, որ ֆիլմը մեծ հաջողություն կունենա:  Անջելոյի դերը ֆիլմում ավելացվեց այն ժամանակ, երբ ռեժիսոր Ջեյմս Մոթերնը եւ գրող Էմիլիո Մաուրոն ինձ հրավիրեցին, որպեսզի կարդամ սցենարը` հասկանալու համար, թե ինչքանով է այն լավը: Ընդունեցի նկարահանվելու առաջարկն` իմանալով, որ դա կարող է տանել ավելի մեծ դերի: Նկարահանումների նախօրեին փորձնական դեր տվեցին, իսկ հաջորդն օրն արդեն ինձ համար առանձին տեսարաններ էին գրում: Ջեյմս Մոթերնը հիանալի ռեժիսոր է, կարող եմ անընդհատ խոսել նրա մասին:

Արմեն Գարոն զբաղվում է քիքբոքսինգով եւ կարատեով


-Սպորտը Ձեր կյանքում առանձնահատուկ դեր ունի. քիքբոքսինգով եւ կարատեով եք զբաղվում: Ինչքանո՞վ է լավ մարզավիճակը նպաստում ֆիլմերի նկարահանումների ժամանակ լավ կերպարներ ստեղծելուն:

-Հիանալի հարց է: Դերասանի ունեցած միակ գործիքն այն է, որի հետ ծնվել է: Այս շնորհքը լայնանում է, աճում ու վերածվում մեծ տաղանդի: Մեկ միտք, մեկ ձայն, մեկ մարմին. այս գործիքի օգնությամբ դերասանը ստեղծում է “երաժշտություն”: Ֆիզիկական եւ հոգեկան յուրաքանչյուր վարժություն կարող է օգնել դերասանին ավելի շատ բան իմանալ իր մասին: Այս պրոցեսում շատ կարեւոր է  ազնիվ լինել քո նկատմամբ: Այդ մասին էլ ոչ ոք չպետք է իմանա: Ես մարզվում եմ ամեն օր, իսկ միակ գործիքը, որ օգտագործում եմ, հատակն է: Երբ հնարավոր է լինում, նաեւ հեծանիվ եմ վարում:

-Կցանկանայի՞ք խաղալ  հայ ռեժիսորների ֆիլմերում: Նման առաջարկներ երբեւէ ստացե՞լ եք: 

- Իհարկե, կցանկանամ, բայց երբեւէ չեմ ստացել նման առաջարկ: Դժբախտաբար, երբեւէ չեմ այցելել Հայաստան, բայց շատ եմ ցանկանում մեկ օր անել այդ քայլը: Բայց այս պահին նման պլաններ չկան:

Արմեն Գարոն` կնոջ` Սեդա Ազարյանի հետ

 
-Ձեր ընկերների շարքում կա՞ն հայկական ծագում ունեցող դերասաններ կամ արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչներ:

-Տարիներ շարունակ իմ լավ ընկերն է Արմեն Վարադյանը, ով ֆիլմարտադրող է Բոստոնում: Նրա ընկերության անվանումն է “AMV Films”: Հույս ունեմ, որ մի օր դուք էլ հնարավորություն կունենաք դիտել իր աշխատանքները: Նաեւ ցանկանում եմ իմ հայրենակիցներին ասել հետեւյալը՝ մենք` տանը, մենք՝ աշխատանքում, մենք` սարերում, մենք` անապատում, մենք երբեք չենք մեռնելու:

Զրուցեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Գարոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին