×


Արմինկան, Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը, Երվանդ Մանարյանը` Հովհաննես Բադալյանի հոբելյանական ցերեկույթին

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում օրերս տեղի է ունեցել հայ տենոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի 90-ամյակին նվիրված ցերեկույթ: Պարզվում է` Բադալյանները Չարենցի ընտանիքի հետ նույն շենքում են ապրել, մտերիմ հարեւաններ են եղել, ավելին` Չարենցի “Ես իմ անուշ Հայաստանի” բանաստեղծության հիման վրա Աշոտ Սաթյանի հեղինակած երգն առաջին անգամ կատարել է հենց ժողովրդական երգիչը:

Հովհաննես Բադալյանի դուստրը` Անահիտը, եւ Արմինկան


“Ամուսինս բարի, ազնիվ, համեստ քաղաքացի էր: Անահիտ Չարենցը միշտ այսպես է արտահայտվում նրա մասին.“Հովհաննեսի նման 10 տղամարդ եթե լիներ, գուցե մեր քաղաքն այսպիսին չլիներ…”: Ես երջանիկ կին եմ. 53 տարի ապրել ենք միասին եւ, հավատացեք, նրա բարձր ձայնը չեմ լսել: 60 տարվա մանկավարժ եմ, եւ ինձ էլ միշտ ասում էր.“Մարգո ջան, նյարդայնանալը` դպրոցում, տանը մայր ես եւ իրավունք չունես զայրանալ””,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Մարգարիտա Բակունցը:

Հովհաննես Բադալյանի կինը` Մարգարիտա Բակունցը


Հովհաննես Բադալյանի կինը նրա առաջին ունկնդիրն էր, ինչպես նշել է` հաճույքով եւ սիրով է լսում ամուսնու կատարումները.“Բոլոր երգերը սովորում էր տանը, միասին խորհրդակցում էինք, ուշադրություն դարձնում շեշտադրումներին: Շատ մտերիմ էր Խաչատուր Ավետիսյանի եւ Ալեքսանդր Աճեմյանի հետ. նրանց երգերի մեծ մասը միասին են մշակել: Ամուսնուս հետ ապրել եմ խաղաղ եւ երջանիկ կյանքով”:

Հովհաննես Բադալյանի դուստրը` երգչուհի Նունեն


Միջոցառման ընթացքում վարպետի սերնդակիցները հետաքրքիր դրվագներ են պատմել նրա կյանքից, իսկ դուստրերից մեկը` Նունեն, ելույթ է ունեցել ներկաների առջեւ.“Սիրում եմ Խաչատուր Ավետիսյանի, Նիկոլ Գալանտերյանի երգերը հայրիկի կատարմամբ: Թող ինձ ներեն բոլորը, բայց “Ես իմ անուշ Հայաստանի” երգը հայրիկի պես ոչ ոք չի կատարում: Սիրում եմ նրա հայենասիրական երգերը, որոնք լսելիս ուզում ես գնալ կռվի դաշտ եւ պայքարել: Նրա ամենակարեւոր խորհուրդներից կառանձնացնեմ ազնվությունը. շատ ազնիվ էր”:  

Տեքստը`Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին