×


Արսենը, Հասմիկը, Նազենի Հովհաննիսյանն էլ…

Մեկ տարի առաջ Լիլիթ Մովսիսյանի դեբյուտային՝ “Մոխրաման”  ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ, այժմ էլ երիտասարդ ռեժիսորը ներկայացնում է իր նոր՝ “ME Too” կարճամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է “Tao” ֆիլմարտադրող հայկական նորաստեղծ ընկերության հետ:

Արսեն Գրիգորյանը եւ Հասմիկ Մուրադյանը "Me Too" ֆիլմի նկարահանումներին


“Ես էլ”-ը հոգեբուժարանում հայտնված երիտասարդի մասին է, որի դերակատարն Արսեն Գրիգորյանն է: Այս ֆիլմը Լիլիթի ու Արսենի երրորդ համատեղ աշխատանքն է` “Մոխրաման”-ից ու “Life in a Day”-ից հետո:

BRAVO.am-ի հետ զրույցում Արսեն Գրիգորյանը նշել է, որ գտել է իր ռեժիսորին. “Շատ ենք շփվում առօրյայում, որոշակիորեն ծանոթ եմ Լիլիթի ապրումներին, մտքերին, ինձ համար հեշտ է իր հետ աշխատելը: Մեր մտերմությունը ոչ միայն չի խանգարում, այլեւ օգնում է աշխատանքի մեջ”:

Դերասանի փոխանցմամբ` նախքան նկարահանումները ռեժիսորի հետ հաճախ է զրուցել. “Ամեն ինչ ստեղծագործական լավ մթնոլորտում է անցել: Նման կերպար առաջին անգամ պետք է մարմնավորեի, այդ զրույցներն ինձ օգնել են: Կերպարն իր դժվարություններն ունի, որպես դերասան իմ էմոցիաներն ու ներքին ապրումներն եմ դրել”:

“Առաջին անգամ եմ նման կերպար մարմնավորել".Արսեն Գրիգորյան


Ֆիլմի ռեժիսոր ու սցենարի հեղինակ Լիլիթ Մովսիսյանը հայտնել է, որ նկարահանումները կատարվել են Նորքի հոգեբուժարանում, ուր նա մի քանի շաբաթ այցելել է մինչ նկարահանումը. “Ավելի շատ տարածքն ուսումնասիրելու եւ տրամադրություն ստեղծելու համար եմ գնացել: Հոգեբուժարանի մարդկանց հատուկ չեմ հետեւել, քանի որ ֆիլմս հոգեկան հիվանդի մասին չէ, այլ առողջ մտքով ու հոգով մարդու մասին”:

“ME Too”-ի օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, պրոդյուսերները` Տիգրան Դանիելյանն ու Տաթեւիկ Մանուկյանը: Ֆիլմում նկարահանվել են Հասմիկ Մուրադյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հայկ Թադեւոսյանը, Աննա Ազիզյանը:

Նշենք, որ պաշտոնական շնորհանդես “Ես էլ”-ը չի ունեցել: Ֆիլմն առաջարկում ենք դիտել ստորեւ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Մովսիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին