×


Արսեն Ջուլֆալակյանի ռոմանտիկ հանգիստը Հունաստանում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն օրերս է վերադարձել ծովափնյա հանգստից։ Ըմբշամարտիկը BRAVO.am-ին է տրամադրել ճամփորդական լուսանկարներն ու հետաքրքիր մանրամասներ է պատմել ոչ միայն այս, այլեւ նախկինում իրականացրած ուղեւորություններից: Հարցազրույցի վերջում նաեւ պարզել ենք, թե որ երկիր է ցանկանում այցելել հաջորդ անգամ, եւ ինչու է ստիպված այդ հարցում համոզել կնոջը:):  

Արսեն Ջուլֆալակյանը՝ կնոջ հետ


-Սիրում եք արձակուրդն անցկացնել տարբեր երկրներում։ Ստացվո՞ւմ է հանգստի նպատակով հաճախ Ճամփորդել։

-Արդեն ավանդույթ ենք դարձրել տարվա մեջ երկուսից երեք անգամ արտերկրում հանգստանալը: Սիրում եմ էկզոտիկ վայրեր այցելել: Առանձնահատուկ սիրում եմ Կուբան, Սինգապուրը, Շրի Լանկան, Մալազիան, որտեղ ինձ չեն ճանաչի, քանի որ ըմբշամարտն այնքան տարածված մարզաձեւ չէ, ինչպես, օրինակ, ֆուտբոլը: Չնայած՝ պետք է խոստովանեմ, որ Կուբայի դեպքում այդպես չէր, եւ Հայաստանից հետո ամենաշատն ինձ այնտեղ ճանաչեցին, ինչը հաճելիորեն զարմացրեց։

-Կա՞ մի վայր, երկիր, տարածաշրջան, որն առանձնացնում եք։

-Սիրահարված եմ Կարիբյան ծովի կղզիներին։ Ուղղակի հիասքանչ են թե՛ բնությունը, թե՛ ապրելակերպն ու մշակույթը, եւ թե՛ սնունդը։

-Իսկ որտե՞ղ եւ ո՞ւմ հետ հանգիստն անցկացրիք այս ամառ։
-Ես եւ կինս մեկնել էինք Հունաստան։ Առաջին անգամ չէի այնտեղ, սակայն նախորդ այցս կարճատեւ էր. հասցրել էի տեսնել միայն Աթենքը: Չէի կարող կրկին չայցելել նման մշակույթ ունեցող երկիր։ Այս անգամ երկու շաբաթով էինք մեկնել եւ հասցրինք պատմական շատ վայրեր այցելել: Ինքնուրույն էի կազմակերպել ճամփորդությունը՝ առանց տուրիստական գործակալության միջամտության։ Մեր արկածները սկսվեցին Աթենքից. Ակրոպոլիսն իր շրջակայքով, թանգարաններն ու կոթողները հիասքանչ վայրեր էին։

Արսեն Ջուլֆալակյանը


-Հունական խոհանոցին հասցրի՞ք ծանոթանալ։
-Իրականում նորություն չէր, վաղուց էինք ծանոթ, բայց մի բացահայտում արեցի, որ կղզիներում ավելի համեղ ու թարմ է սնունդը։

-Ակտի՞վ հանգստի սիրահար եք, թե՞… :)
-Այո, ես հենց այդպիսի հանգստի կողմնակից եմ: Ի դեպ, այս հանգիստս նույնպես ակտիվ է եղել. բացի պատմամշակութային վայրեր այցելելը, հասցրել ենք լինել ակումբներում, զվարճանալ, լողալ։ Մի հրաշալի հունական ափ էինք ընտրել, որն  աշխարհի տասը լավագույն ափերից էր։ Հիասքանչ եւ, ինչո՞ւ չէ, նաեւ ռոմանտիկ ժամանակ անցկացրինք:):

-Իսկ Ձեր կինն ինչպիսի՞ հանգստի կողմնակից է։
-Կարծում եմ` ավելի շատ պասիվ հանգստի: Կարեւորը, թե՛ կինս, թե՛ ես գոհ մնացինք(ծիծաղում է,-հեղ.):

Արսեն Ջուլֆալակյանը՝ կնոջ հետ


-Նվերներ Ձեզ հետ բերեցի՞ք։
-Այո: Պարտադիր ամեն երկրից միշտ բերում եմ նվերներ հարազատներիս ու ընկերներիս համար: Իհարկե, առաջին հերթին կարեւորում եմ տվյալ երկիրը խորհրդանշող հուշանվերներն ու արձանիկները, տարբեր խմիչքներ նույնպես բերում եմ:

-Ի՞նչը կառանձնացնեք այս ճամփորդությունից:
- Ես եւ կինս միասին մայրամուտը դիմավորեցինք Սանտորինի կղզում. պատշգամբից ամեն բան հիանալի երեւում էր, իսկ արդեն հաջորդ օրը դիմավորեցինք արեւածագը՝  համեղ նախաճաշով։ Ամեն ինչ հոյակապ էր:):

-Հաջորդ երկիրը ո՞րը կլինի։):

-Շատ եմ ուզում լինել Աֆրիկայում, շրջել ջունգլիներով, իհարկե, կինս այդքան էլ կողմ չէ իմ այս ոչ սովորական ցանկությանը, ինչը բնական է: Բայց եթե մինչ այդ չկարողանամ համոզել, ընկերներիս հետ կիրականացնեմ ցանկությունս(ծիծաղում է-հեղ.):

Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արսեն Ջուլֆալակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին