×


Արսինե Խանջյանը, Հայկոն, Միքայել Պողոսյանը եւ այլք` հայ արվեստի տոնին :)

Ժամանակակից արվեստի թանգարանում հուլիսի 11-ին տեղի է ունեցել “Արեւելքից Արեւմուտք, մոդեռնից` պոստմոդեռն. հայ արվեստագետներ” խորագրով ցուցահանդեսի բացումն ու hi-artonline.com կայքի շնորհանդեսը: Ինչպես օրեր առաջ BRAVO.am-ին տեղեկացրել էր նախագծի տնօրեն Աննա Գրիգորյանը, մեկ հարկի տակ ժանրային նման համատեղություն Հայաստանում առաջին անգամն է:

Արսինե Խանջյանին նվիրել են Մինաս Ավետիսյանի գծանկարներից


Աննա Գրիգորյանի խոսքով` միջոցառումն անվանել են ցուցահանդես, բայց ավելի ճիշտ կլինի ասել, որ այն արվեստի տոն է.“Բոլոր սպասումներս արդարացան: Անդադար լսում եմ, որ արվեստի մասին քիչ են խոսում կամ ընդհանրապես չեն խոսում, բայց մամուլի բազմաթիվ ներկայացուցիչներ, այցելուներ են եկել, շատ ուրախ եմ, որ հետաքրքրությունը մեծ է”:

“Արեւելքից Արեւմուտք, մոդեռնից` պոստմոդեռն. հայ արվեստագետներ” խորագրով ցուցահանդեսին ներկայացված կտավներից


Ցուցահանդեսին ներկայացված են 19-րդ դարի վերջից մինչեւ մեր օրերի արվեստագետների աշխատանքներ, նաեւ ֆոտո եւ վիդեո-արտ, ինստալյացիաներ: Մինչեւ հուլիսի 16-ը ցանկացողները հնարավորություն ունեն հիանալու ֆրանսահայ նկարիչներից Թութունջյանի, Զաքարյանի, Ժանսեմի, նաեւ Մախոխյանի, Շաբանյանի, Սարյանի, Փարաջանովի, Կոջոյանի, Գորկու եւ ուրիշների կտավներով: Սա ամբողջական ցանկը չէ. ներկայացված են նաեւ ժամանակակից արվեստագետներից Սոնա Աբգարյանի, Մերի Մունի, Միքայել Օհանջանյանի, Դավիթ Կարեյանի եւ մյուսների աշխատանքները:

“Արեւելքից Արեւմուտք, մոդեռնից` պոստմոդեռն. հայ արվեստագետներ” խորագրով ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից


“Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի շրջանակում իրականացվող միջոցառման ընթացքում Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի անվան մրցանակ է շնորհվել կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանին` հայկական արվեստի տարածմանը նպաստելու համար: “Բարձր արվեստ” կենտրոնը նրան նվիրել է Մինաս Ավետիսյանի գծանկարներից մեկը:

Արսինե Խանջյանը


 Նշենք, որ Արսինեն անակնկալի է եկել եւ հուզմունքից արտասվել է:).“Անհավատալի անակնալ էր ինձ համար: Շնորհակալ եմ այս վերաբերմունքի համար: Ուրախ եմ, որ իմ սիրելի ժողովրդի արվեստի պատմության տարածմանը գոնե փոքր մասնակցություն եմ ունեցել: Շատ հուզված ու շնորհակալ եմ”:

Hi-artonline.com նախագծի հեղինակ եւ հիմնադիր Աննա Գրիգորյանը


“Նախապես որոշել էինք, որ “Ոսկե ծիրան”-ի մասնակիցներից մեկին ենք հանձնելու մրցանակը: Իսկ Արսինեի Խանջյանը կանացի է, գեղեցիկ, նրա վերաբերմունքն արվեստի եւ Հայաստանի հանդեպ չէր կարող աննկատ մնալ, “Արարատ” ֆիլմում նրա մարմնավորած դերը խոր ուսումնասիրություն արդյունք ու հարգալից աշխատանք է հայ արվեստի նկատմամբ: Հուսով ենք` Մինաս Ավետիսյանի նկարը կոգեշնչի Արսինեին շարունակել իր գործունեությունը եւ ուժ կտա, որ միշտ այցելի Երեւան”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նախագծի տնօրեն Աննա Գրիգորյանը:

Տեքստը Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին