×


Արտաշես Ալեքսանյան.«Նոր սերնդի հայ զինվորները ուժեղ ու «դուխով» են»

Արտաշես Ալեքսանյանն իր ընկերների հետ այս օրերին եղել է Արցախում: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ դիրքերում շփվել է զինվորների հետ.«Իմ շատ ծանոթների որդիներն էլ այնտեղ են։ Հայրեր ու որդիներ պաշտպանում են մեր պատմական հողերը։ Փառք ու պատիվ մեր բանակին` զինվորներին, սպայական կազմին, բոլոր կամավորներին»։


Արտաշես Ալեքսանյանը` Գարեգին Նժդեհի կերպարում (Լուսանկարը` Դամիան Հովհաննիսյանի)

Նրա խոսքով՝ ինչպես Արցախյան նախորդ պատերազմին, այնպես էլ հիմա, երիտասարդները գիտակցում են հայրենիքի պաշտպանության կարեւորությունը. «Նոր սերնդի զինվորներն ավելի կրթված ու ռազմագետ են։ Տեսա շատ ուժեղ զինվորների. ոչ թե մենք էինք իրենց քաջալերում, այլ իրենք էին մեզ ոգեւորում ու ոգեշնչում, ասում, որ հանգիստ լինենք։ Զինվորները մեզնից ուժեղ ու «դուխով» են, բայց իրենց ամուր են զգում, երբ տեսնում են, որ մենք թիկունքում ենք»։

Արտաշեսը պատմել է, որ 1991 թվականին Արցախում է եղել որպես կամավոր. «Հանուն մեր հայրենիքի, մեր ընտանիքների, իմ մոր, քույրերի պաշտպանության, որոշեցի ու մեկնեցի։ Այդ ժամանակ ծնողներիցս շատ հեռու էի գտնվում եւ առանց տեղյակ պահելու գնացի։ Ազատամարտիկների հետ կռվում էի, հետո տարբեր շրջաններում ներկայացումներով շրջում էի, ուզում էի ինչ-որ բանով օգտակար լինել»։

Գարեգին Նժդեհին մարմնավորած դերասանը մեջբերել է ռազմական-պետական գործչի խոսքերը.«Իմ հոգին երկու հենարան ունի՝ Աստված եւ հայրենիք: Հպարտ եմ, որ հայությունը միասնական է թուրքի դեմ: Մեր համախմբվածությունը շատ կարեւոր է, ես ոգեշնչված եմ վերադարձել Արցախից: Սելֆի անելու չէինք գնացել. 20-րդ դարի ծնունդ եմ, 21-րդ դարի տեխնիկայից չեմ կարողանում օգտվել ու լուսանկարներ համացանցում չեմ տեղադրում»։

Արտաշես Ալեքսանյանը նաեւ հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր աշխատանք ունի, համագործակցել է երգիչ Արծրուն Ասատրյանի հետ: Նրա հեղինակած խոսքերով եւ ասմունքով «Հորովել» տեսահոլովակը ներկայացնում ենք ստորեւ:
 
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին